Դեկտեմբեր 23, 2024
exclusive
17717 դիտում

Զարգացնելով պրոֆեսիոնալ բռնցքամարտը. Հայ մարզիկների այցը Երեւան


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Ամբողջ աշխարհում բազմաթիվ հայ մարզիկներ ներկայացնում են տարբեր երկրներ, մեդալներ ու տիտղոսներ նվաճում դրանց համար:

Նրանցից են պրոֆեսիոնալ բռնցքամարտիկներ Սերգեյ Հակոբյանն ու Պետրոս Անանյանը, որոնք ապրում են Մոսկվայում: Չնայած երկուսն էլ մենամարտերի ժամանակ իրենց հետ ունենում են Հայաստանի դրոշը, ամեն դեպքում պաշտոնապես ներկայացնում են Ռուսաստանը:

Հակոբյանն ու Անանյանն անցած շաբաթ Երեւանում էին, հանդիպել են ՀԱՕԿ-ի նախագահի հետ ու քննարկել Հայաստանը ներկայացնելու, պրոֆեսիոնալ բռնցքամարտը մեր երկրում զարգացնելու ծրագրերը:

Mediamax Sport-ը հանդիպել է մարզիկների հետ, խոսել սպասվող նորությունների, հայկական բռնցքամարտի ապագայի ու սպասելիքների մասին:

Լուսանկարը` Մեդիամաքս


Պրոֆեսիոնալ բռնցքամարտի հիմնադրումը Հայաստանում

Պետրոս. Հայաստանում մենք կապ ենք պահում Վիգեն Գրիգորյանի հետ, որը միշտ հետեւում է մեր ելույթներին: Երբ Սերգեյը հաղթեց IBA Ասիա գոտին, Վիգենի օժանդակությամբ ՀԱՕԿ-ից հրավեր ստացավ գալ Հայաստան: Նա ցանկանում է, որ հայ մարզիկները ներկայացնեն Հայաստանը:

Սերգեյ. Վիգենը միշտ մոտիվացնում է, մենամարտերից առաջ ոգեւորում, ես շատ բաների եմ հասել նրա օգնությամբ: Մի քանի շաբաթ առաջ, երբ Պետրոսն ԱՄՆ-ում շատ մասշտաբային մենամարտ անցկացրեց եւ ուժեղ մրցակցի հաղթեց, տեսագրությունն ուղարկեցի Վիգենին, որն էլ Հակոբ Հակոբյանի հետ քննարկել էին մեր ապագան Գագիկ Ծառուկյանի հետ: Չնայած միշտ մենամարտերի ժամանակ Հայաստանի դրոշով էլ ենք ներկայանում, բայց առաջարկ ստացանք գալ Երեւան, հանդիպումներ ունենալ ու սկսել ներկայացնել մեր երկիրը: Ես մոտ ժամանակներս արդեն կհաստատվեմ այստեղ ու կսկսեմ մարզումներ անցկացնել:

Պետրոս. ՀԱՕԿ-ի նախագահի կողմից առաջարկություն կա, որ ռինգ դուրս գանք Հայոց եռագույնով: Հիմա դեռ աշխատանքները տարվում են, պետք է սահուն կերպով անցում կատարենք: Պրոֆեսիոնալ բռնցքամարտում շատ նրբություններ կան, կամաց-կամաց ամեն ինչ կկարողանանք հարթել: Որոշ ժամանակ անց ամեն ինչ ավելի կհստակեցվի:

Լուսանկարը` Մեդիամաքս


Սերգեյ. Հայաստանում պրոֆեսիոնալ բռնցքամարտի ֆեդերացիա չկա, նոր պետք է ստեղծվի ու հիմա գործընթացի մեջ է: Սա մեծ նախագիծ է, շատ աշխատանքներ պետք է արվեն, որպեսզի մեր երկրում պրոֆեսիոնալ բռնցքամարտն իսկապես զարգանա:

Պետրոս. Հասկանում ենք, որ դժվար է լինելու: Պրոֆեսիոնալ բռնցքամարտում շատ մեծ գումարներ պետք է ներդրվեն, բայց ճիշտ աշխատանքների շնորհիվ հնարավոր է հաջողություն գրանցել: Հեռուստատեսությամբ հեռարձակելը շատ կարեւոր է, ինչպես դա անում են ԱՄՆ-ում:

Ցավոք, բայց սիրողական բռնցքամարտը թողնելուց հետո հայ մարզիկները չեն իմանում ինչով զբաղվել, մի տեսակ կորչում են ասպարեզից, այլ գործեր փնտրում: Իսկ եթե ֆեդերացիա լինի, կանցնեն պրոֆեսիոնալի ու կշարունակեն ելույթները: Թող ԱՄՆ-ում մարզվեն, որտեղ շատ է զարգացած, բայց ներկայացնեն մեր երկիրը:

Եթե ֆեդերացիան ստեղծվի, լավ բռնցքամարտիկներ եւ բարձրակարգ մարզիչներ նեգրավվեն, փրոմոութերական ընկերություն ունենանք, մենեջմենթը կազմակերպվի, կսկսի առաջ շարժվել: Ես հավաքի եմ մասնակցել Ծաղկաձորում, ամեն ինչ շատ լավ է այնտեղ, կարող ենք մարզումներ ունենալ, ապա նաեւ դրսում սպարինգներ անցկացնել:

Լուսանկարը` Մեդիամաքս


Սերգեյ. Երեւանում ես եղա Օլիմպավանում, որտեղ եւս պայմանները շատ լավն են: Այնտեղ կաշխատեմ հայ մասնագետների հետ, որոնք մեծ փորձ ունեն: Հույս ունեմ, որ ամեն ինչ հաջող կդասավորվի: Ես միշտ եմ ցանկացել գալ իմ երկիր, ծնողներս Վանաձորից են, բայց Երեւանում կարծես իմ տանը լինեմ, շատ հարազատ է ինձ ամեն ինչ:

Պետրոս. Իմ վերջին մենամարտից հետո տարբեր պայմանագրերի առաջարկություններ եմ ստանում ԱՄՆ-ի թոփ-փրոմոութերական ընկերությունների կողմից: Հիմա այս գործընթացով եմ զբաղվում, սա մի մեծ ճանապարհ է, որին հասնելու համար բազմաթիվ խոչընդոտներ եմ հաղթահարել: Դրա համար մոտ ժամանակներս դեռ Հայաստանում չեմ մարզվի, բայց ամեն դեպքում իմ մյուս հաղթանակը Հայաստանի դրոշի տակ կլինի:

Բռնցքամարտն ընտրելը, հոգեբանորեն պատրաստվելն ու խելացի գործելը

Լուսանկարը` Մեդիամաքս


Սերգեյ. Ծնվել եմ Ռուսաստանում ու 9 տարեկանից սկսել զբաղվել բռնցքամարտով: Մի անգամ մրցաշարի էի մեկնել, մարզիչ մոտեցավ ինձ ու ասաց, որ ոճս շատ է համապատասխանում պրոֆեսիոնալին եւ կարող եմ տեղափոխվել: 19 տարեկան էի, զգում էի, որ սիրողականն ինձ էլ հետաքրքիր չի: Փոքր տարիքից նայում էի Վիկ Դարչինյանի, Արթուր Աբրահամի մենամարտերը, հետո Ռոյ Ջոնսի ու Մայք Թայսոնի, ցանկանում էի նրանց նման լինել: Պրոֆեսիոնալ բռնցքամարտն ավելի դինամիկ է, շատ ռաունդներ ունի, հիանալի շոուներ են կազմակերպում:

Պետրոս. Ես Աբովյան քաղաքից եմ, բայց 4 տարեկանում տեղափոխվել ենք Ռուսաստան: Արդեն 11 տարեկանից սկսեցի բոքսի հաճախել, հետո դարձա ԲԿՄԱ-ի Ռուսաստանի չեմպիոն, մի քանի մրցաշարերում մեդալներ նվաճեցի, հավաքականի կազմում ընդգրկվեցի, բայց հասկացա, որ պետք է պրոֆեսիոնալ տեղափոխվեմ: Շատ դժվարություններ եղան՝ սկսած հովանավորներից մինչեւ ճիշտ եւ ուժեղ մրցակիցներ ունենալը, բայց հաղթահարեցի ու ճանապարհ հարթեցի ինձ համար: Օրինակ՝ իմ վերջին մենամարտի ժամանակ ոչ ոք չէր հավատում հաղթանակիս, բացի ինձնից: Տրամաբանությամբ մրցակիցս պետք է հաղթեր, բայց ես տրամադրվել էի այլ բանի: Ամենակարեւորը հոգաբենական պարապմունքներն են, հարկավոր է դրական լինել ու հասնել նպատակիդ:

Լուսանկարը` Մեդիամաքս


Սերգեյ. Մենամարտից առաջ ես էլ եմ հոգեբանականի վրա աշխատում: Մինչ այսօր ոչ ոքի չէի ասել, բայց հիմա խոստովանեմ, որ հոգեբանի հետ էի ծանոթացել, որն ինձ շատ օգնեց: Գիտեք, երբեմն հոգնում ես մարզումներից, բացասական մտքեր են գալիս, խնդիրներ ես ունենում կյանքում: Մի տեսակ դեպրեսիայի մեջ էի ընկել, երբ ծանոթացա այդ կնոջ հետ: Նա ինձ խորհուրդներ տվեց, որոնք մենամարտի ժամանակ շատ պետք եկան: Բացի այդ ինձ միշտ մոտիվացնում են ֆիդայական երգերը, ու, իհարկե, Աստծուն եմ հավատում: 

Պետրոս. Բռնցքամարտում կարեւոր է խելացի գործելը: Միայն ֆիզիկապես ուժեղ լինելով հնարավոր չէ հաջողության հասնել: Եթե ռինգում վերահսկես ամեն ինչ, հաջողությունն էլ քոնը կլինի:

Սերգեյ. Բռնցքամարտի ժամանակ գլուխն ամենակարեւորն է, այն պարզապես կռիվ չէ, այլ հոգաբանություն, խելք, մտածելակերպ, սրանք իրար հետ կապված են: Միայն ֆիզիկականով մի քանի անգամ կարող ես հաղթել, ավելիին չես հասնի:

Լուսանկարը` Մեդիամաքս


Պետրոս. Ես Սերգեյի հետ Մոսկվայի մարզումային դահլիճներից մեկում եմ ծանոթացել: Շատ շուտ մտերմացանք, նա ինձ դուր եկավ ու սկսեցինք շփվել: Իհարկե, մարզումներին մի լավ ծեծում ենք իրար, բայց դա ամենալավ ու թանկ օգնությունն է (ծիծաղում է):

Սերգեյ. Պետրոսի փորձն անհամեմատ մեծ է, մենք շատ ենք զրուցում, խորհուրդներ է տալիս, ինձ շատ բաներ է սովորեցնում: Մենք միշտ օգնում ենք միմյանց, ոչ միայն ռինգում, այլ նաեւ կյանքում ենք լավ ընկերներ:

Հակոբյանի ու Անանյանի հետ զրուցել է Գոհար Նալբանդյանը
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին