Դեկտեմբեր 04, 2024
exclusive
15855 դիտում

Հովհաննես Բաչկով. Բռնցքամարտը վախենալու չէ, եթե հարվածն ընդունել գիտես


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Հովհաննես Բաչկովն արդեն մի քանի տարի շարունակ տարվա կարեւոր բոլոր մրցաշարերից մեդալներով է վերադառնում:

2019-ին էլ նա իր բարձրության վրա էր ու կարողացավ դառնալ Եվրոպայի ու Եվրոպական խաղերի չեմպիոն, Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր:

Բաչկովը Mediamax Sport-ին պատմել է կայուն ելույթների, հաղթանակներից գլուխը չկորցնելու ու պրոֆեսիոնալ բռնցքամարտ տեղափոխվելու մտադրության մասին:

2016-ից սկսած վերելքը

Տարին չեմ կարող լիովին հաջողված համարել, քանի որ Աշխարհի առաջնությունում ոսկե մեդալի էի սպասում: Այս անգամ հաղթող դառնալու բոլոր հնարավորություններն ունեի: Մինչեւ մեկնելը լավ նախապատրաստություն էի անցել, երեւի սպորտային անհաջողություն էր, որ իմ ուզածով չեղավ: Պարզապես գիտեի, որ ավելին կարող էի, բայց 2-րդ բրոնզը նվաճեցի: Երբ ոսկու ես միտված, ցանկացած այլ մեդալը չի գոհացնում:

Լուսանկարը` Մեդիամաքս


2016-ի Օլիմպիական խաղերից մինչեւ այսօր դեռ ոչ մի պատասխանատու մրցաշարից առանց մեդալի չեմ վերադարձել: Խաղերից հետո շատ բան փոխվեց, ավելի ագրեսիվ եմ սկսել մենամարտել, բնավորությունս էլ տարբերվում է, նոր նպատակներ եմ դրել իմ առաջ ու դրանք իրականացնում եմ:

Ուժեղ մրցակցին հաղթելու գաղտնիքը

Եվրոպայի առաջնությունը շատ հաջող դասավորվեց ինձ համար: Եվրոպական խաղերում նաեւ Եվրոպայի չեմպիոնի կոչման համար էինք պայքարում: Եզրափակչում Աշխարհի չեմպիոն ֆրանսիացի Սոֆյան Ումիան էր մրցակիցս, նա նոր էր տեղափոխվել այդ քաշային կարգ: Բավական փորձառու մարզիկ է՝ Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր ու Աշխարհի չեմպիոն: Մինչեւ ԵԱ-ն իմ նախապատրաստական ողջ փուլը մարզիչներիս հետ նրա դեմ մենամարտի վրա էր կենտրոնացած:

Իմ թիմով սպասում էինք, որ միասին կլինենք եզրափակչում: Ումիան տեխնիկատակտիկապես շատ գրագետ է մենամարտում ու նրա հետ չափազանց դժվար էր: Ֆրանսիացուց շատ քչերն են ուժեղ եղել, հաղթելու դեպքում էլ ագրեսիվ ոճով են դրան հասել:

Լուսանկարը` Մեդիամաքս


Ումիան մրցակցին գցում է իր տեմպի տակ, հակագրոհող է, սովորաբար ձեռքերը 2-րդ համարով են աշխատում, իսկ ոտքերը՝ 1-ին: Նրան իմ ագրեսիվությամբ հաղթեցի, իմ զենքը լավ շնչելն է, շատ հարվածեցի ու փորձեցի այնպես անել, որ շունչը կտրի:

Կամային որակներն ու հաղթանկներն էմոցիոնալ չնշելը

Երբ ուժերը վերջանում են, միանում է բնավորությունը: Հենց այդ կերպ էլ Եվրոպայի առաջնությունում ինձ տրվեց հաղթանակը: Տրամադրվեցի, ռիսկի դիմեցի, քանի որ մենամարտը հավասար էր ընթանում: Երբ տակտիկադ չի աշխատում, արսենալդ վերջանում է, էլ կորցնելու բան չես ունենում, ամեն ինչ տալիս ես: Իմ ռիսկի գնալն էլ մեծ պրեսսինգի դիմելն էր, ճնշեցի հակառակորդիս, մինչեւ որ հոգնեց:

Սովորաբար սկսում ես հոգնել ու ուղեղդ անջատվում է, երբ մրցակիցդ ուժեղ բռնցքամարտիկ է ու երկուսդ էլ լավ եք պատրաստված լինում: Ամեն բռնցքամարտիկի հաղթելու ձեւը հիմանկանում գտնում ես հենց ռինգում:

Ճիշտ են ասում, որ ավելի հեշտ է հաղթելը, քան հաղթանակը պահելը: Երբ դու ես չեմպիոնի դեմ մենամարտին պատրաստվում, ավելի հեշտ է, բայց երբ ինքդ ես 1-ին համարը, բոլորը քո դեմ են տրամադրվում:

Լուսանկարը` Մեդիամաքս


Մինսկում 2-րդ անգամ Եվրոպայի չեմպիոն հռչակվեցի: Անկեղծ, միշտ մտածել եմ, թե այլ կերպ պետք է տոնեմ հաղթանակները, քանի որ շատ սպասված են, բայց զարմանալիորեն չկարողացա այդպես ուրախանալ: Գլուխ գովալ չլինի, բայց շատ սովորական էին նվաճումները, չստացվեց ողջ ապրումներս արտահայտել: Կարծում էի այլ մարզիկների պես ձեռքերս վեր կբարձրացնեմ, ռինգից ռինգ կթռչեմ, բայց ես այսպիսին եմ:

Գաղտնիք չէ, որ ամեն տարի ինչ-որ տաղանդավոր ու անակնկալ մրցակից է հայտնվում, բայց սովորաբար բոլորին էլ ճանաչում ենք: Շարունակելու եմ նույն կերպ պատրաստվել, որ նվաճած մեդալներն ու բոլոր արդյունքները պահեմ:

Աշխարհի անարդար առաջնությունը

ԱԱ-ում ինձ շատ դժվար հակառակորդներ էին բաժին ընկել: Մինչեւ մրցաշարը 60 ու 64 կգ քաշային կարգերը միավորվել էին ու կազմել 63-ը: Այդ երկուսի չեմպիոններն ու մեդալակիրները մեկում հանդես եկան, այն ամենուժեղ քաշային կարգերից մեկն էր համարվում:

Ծանր մենամարտեր անցկացրի ու կիսաեզրափակչում հանդիպեցի երիտասարդ ամերիկացի Քեյշոուն Դեւիսին: Նա գրագետ էր գործում ու շատ խորամանկ էր՝ ոչ ինձ խփեց, ոչ էլ թողեց ես հարվածեմ: 3 ռաունդ ձեռքերս բռնեց, պատերազմի ժամանակ էլ, երբ զենքդ վերցնում են, ինչո՞վ կկրակես:

Լուսանկարը` Մեդիամաքս


Ակնկալում էի, որ մրցավարը նկատողություն կտա, այդ դեպքում առավելությունն ակնհայտորեն իմ կողմը կլիներ: Չեմ սիրում ասել, որ միտումնավոր պարտություն գրանցեցին, մրցակցի ձեռքը բարձրացրել են, վերջ՝ հաղթողը նա է: Մեծ առավելությամբ չեմ հաղթել, որ այդպես ասեի:

Բայց, եթե ամերիկացին նկատողություն ստանար, ստիպված կմենամարտեր, ես այդ դեպքում կծեծեի նրան: Բողոքարկեցինք մենամարտի ելքը, բայց զարմանալիորեն մերժեցին, եթե վերանայեին, որոշումը կփոխեին: Մրցավարը 2-3 զգուշացում կարող էր տալ ամերիկացուն, տեսագրության մեջ էլ լսվում է, որ կարմիր անկյանն անընդհատ հրահանգում է չբռնել: Կարող էինք մրցավարի դեմ բողոքել ու նրան կորակազրկեին, բայց էլ իմաստ չկար այդպես վարվելու, պարզապես վրեժխնդրություն կլիներ: Շատերն այդպես կանեին. ինքը մարդ չէ, բա ե՞ս:

Նոքդաունի ենթարկվելը

Եթե գիտես հարվածն ինչպես ստանալ, բռնցքամարտն այդքան էլ վախենալու չէ: Խփողն այնպես է անում, որ անջատի դիմացինին: Պետք է հարվածը ճիշտ ու աչքերը բաց ընդունել: Փակ աչքերով հարվածն անտեսանելի է ու նոքդաունի է տանում: Նոքդաունը կարող է հետեւանքներ թողնել, ամեն ինչ օրգանիզմից է կախված:

Լուսանկարը` Մեդիամաքս


Ինձ հետ 1 անգամ է այդպես պատահել՝ Օլիմպիական խաղերի առաջին մենամարտում: Երեւի թե այն ամենահիշարժանն է իմ կարիերայում: Չհասկացա ինչ կատարվեց, թվաց՝ մեկը քաշեց ոտքերիցս: Զգում էի, որ ճոճվում եմ, ուզում էի ինձ տիրապետել, բայց չէր ստացվում:

Ընդամենը 3 վայրկյան տեւեց, բայց այդ  ընթացքում այնքան բան եմ խոսել ինքս ինձ հետ, որ մի 2-3 ժամ պետք կգար: Հիմա էլ անգիր հիշում եմ ամեն բառս՝ Աստծուց խնդրեցի, որ ուժ տա, դիմացինիս նույն ձեւ ես հարվածեմ ու սատկացնեմ: Եթե սպանեի, սրտիս դարդ չէր լինի, այնքան կատաղած էի: Հետո մտածեցի, որ ընտանիքս Հայաստանում դիտում է մենամարտը, պետք է վեր կենալ…

Դրանից հետո այնքան ուժ ավելացավ, որ ի վիճակի կլինեի մի քանի մենամարտ էլ անցկացնել: Այնպիսի զգացողությունն էր, անվերջ կմենամարտեմ ու չեմ հոգնի:

Լուսանկարը` Մեդիամաքս


Բռնցքամարտում պետք է մարմինը հոգեբանորեն սթրեսի չենթարկել: Մեր մարզաձեւում ամենակարեւորը ժամանակն է, պետք է այն զգալ՝ երբ խփել, ինչպես դա անել, ամբողջը հաշվարկ է: Ամեն մի վայրկյանը ճակատագրական է, եթե անջատվես, կպարտվես:

Հաջողության հասնելու ուղին

Շատ դժվար ճանապարհ եմ անցել, թե Օլիմպիական խաղերից առաջ, թե հետո: Ինձ մոտիվացրել են մյուս մարզիկների հաջողությունները, նրանց շնորհիվ ես էլ եմ առաջ գնացել:

Սպորտում շատ կարեւոր է համբերելը, մանավանդ բռնցքամարտի մրցումներն այնքան երկար են տեւում: Այդ սթրեսի հետ էլ քաշ ես գցում, առատ ուտելիքը տեսնում ես, բայց չես կարող ոչնչից օգտվել:

Լուսանկարը` Մեդիամաքս


Իմ հաջողություններում մարզիչներս են մեծ դեր խաղացել ու ընտանիքս, նրանք օգնել են հասկանալ, որ պետք չէ շուտ հիասթափվել, այլ շարունակել գնալ դեպի նպատակը: Երբեմն անհրաժեշտ է նաեւ սայթաքել, որ իմանաս, թե դժվարություններն ինչ են:

Բայց ձեռքբերումներիս ամենամեծ գրավականն իմ աշխատասիրությունն է, ցանկացած գործում էլ այդպիսին եմ:

Պրոֆեսիոնալ բռնցքամարտ անցումը

Շատ մասնագետներ են ասում, որ իմ ոճը համապատասխանում է պրոֆեսիոնալ բռնցքամարտին ու մեծ հաջողությունների կարող եմ հասնել: Շատ առաջարկներ ունեմ, բայց  իմ գերնպատակն Օլիմպիական խաղերին մասնակցելն է: Դրան եմ հիմա պատրաստվում, բայց ամեն պահ էլ կարող են փոփոխություններ լինել: Տոկիո-2020-ից առաջ կամ հետո պայմանագիր կկնքեմ: Եթե ստացվի հնարավոր է 1 մենամարտ  մինչեւ խաղերն անցկացնեմ՝ լավ մարզավիճակ ձեռք բերելու համար:

Լուսանկարը` Մեդիամաքս


Այս տարի շատ ծանր մենամարտեր եմ ունեցել, օրգանիզմս պետք է վերականգնվի, որպեսզի հաջորդ վարկանշային մրցումներին լավ մասնակցեմ, քիչ ժամանակ է մնացել: Ցավալի է, որ ԱԱ-ն վարկանշային չէր, առաջին դեպքն էր, որ ՄՕԿ-ն այդպիսի որոշում կայացրեց:

Ընդամենը 2 վարկանշային մրցաշար է լինելու ու ամբողջ աշխարհի բռնցքամարտիկները դրանց են մասնակցելու: Ասես Եվրոպայի ու Աշխարհի առաջնություններ են լինելու ու շատ թեժ մրցակցություն է սպասվելու:

Հովհաննես Բաչկովի հետ զրուցել է Հասմիկ Բաբայանը
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին