Դեկտեմբեր 26, 2024
exclusive
13135 դիտում

Հակոբ Մկրտչյան. Հայր դառնալու լուրը չեմպիոնությունից յուրահատուկ էր


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Աշխարհի, Եվրոպայի ու Մ-23 տարեկանների ԵԱ-ի չեմպիոն Հակոբ Մկրտչյանի համար 2019-ն աննախադեպ էր: Նա ոսկե մեդալներ է նվաճել տարվա բոլոր կարեւոր մրցումներում ու հաղթել ինքն իրեն նետած մարտահրավերում: 


Mediamax Sport-ին ծանրորդը պատմել է առաջընթաց գրանցելու գաղտնիքների մասին, բացահայտել իր թույլ կողմերը, ընտանիքը եւ սպորտը համատեղելու իր տարբերակը:

Անհաջողության դասերը

Նախորդ տարվա Աշխարհի առաջնությունում 7-րդն էի, կարող էի 2 մոտեցումով չեմպիոն դառնալ, բայց չստացվեց: Դրանից հետո կատաղած էի ծանրաձողի վրա: Այս մեկ տարվա ընթացքում շատ բան փոխվեց իմ մեջ, բոլոր սխալներն ուղղեցի, ողջ 2019-ին մարզիչների հետ քրտնաջան աշխատեցինք ու հասանք մեծ նվաճումների: 

Ողջ եռանդս ներդրել էի, որ այս տարվա 3 մրցումներում էլ կարողանամ ոսկե մեդալակիր դառնալ: 2018-ի ԱԱ-ում շատ հանգիստ էի ինձ զգում, վստահ էի հաղթանակիս վրա, ինչն էլ արդյունքում խանգարեց: Իսկ այս տարի ավելի հավաքված էի ու կատարեցի բոլոր անհրաժեշտ մոտեցումները:

Լուսանկարը` Մեդիամաքս


Տարվա հաղթական մեկնարկն ու անքուն գիշերը

ԱԱ-ից հետո հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանն ինձնից միայն ոսկե մեդալ էր ուզում: Գիտեի՝ ինչի է պետք հասնել ու ինձ չէի խնայում: Մարզիչներիս ու ընտանիքիս շնորհիվ հասա իմ առջեւ դրված նպատակներին: Ընտանիքս այնպես էր անում, որ ամեն ինչ իմ սրտով լինի: Հայրս ու եղբայրս էին իմ գործերն անում, որ չհոգնեմ ու կենտրոնանամ միայն մարզումների վրա:

Իմ աշխատանքի արդյունքը եղավ ապրիլին, երբ նվաճեցի Եվրոպայում առաջին ոսկե մեդալս: Մինչ մրցավայր մեկնելը պոկել էի 160 կգ, այնտեղ հաջողվեց 164 կգ բարձրացնել, 167-ի ժամանակ ծանրաձողն առաջ գնաց ու չկարողացա պահել այն:

Իմ հիմնական մրցակից վրացի Ռեւազ Դավիթաձեն պոկումից ուժեղ է, նրան դեռ չեմ հաղթում այդ վարժությունում, ճիշտ չեմ կարողանում ֆիքսել ծանրաձողը, բայց երբ բացերս շտկեմ, պոկումում էլ կկարողանամ մեդալ նվաճել:

Լուսանկարը` Մեդիամաքս


Հրումում շրջանցեցի նրան ու Եվրոպայի չեմպիոն հռչակվեցի: Ոսկե մեդալն ինձ վստահություն տվեց, զգացի, որ ես էլ կարող եմ ուրիշների պես լավ մասնակցել ու մոտեցումները ճիշտ կատարել:

Ամենաշատն ինձ ուրախացրեց այն, որ առաջնության ժամանակ կարողացա հավաքվել, իսկ առաջ այդպես չէր, խառնվում էի իրար, հիմա մտածում եմ միայն ծանրաձողին մոտենալու ու այն բարձրացնելու մասին: Երբ գլխիս մեջ եղած ես-ին հաղթեցի, ամեն ինչ ստացվեց: Պարզապես սկսեցի նրան չլսել ու չկատարել իր պահանջները, սովորեցի ճիշտ պահին անջատել այդ ձայնը:

Չեմպիոն դառնալուց հետո ամբողջ գիշեր չեմ քնել: Չէի հավատում, որ վերջապես կարողացել եմ հաղթել: ԱԱ-ից հետո որոշել էի, որ անպայման գերազանցելու եմ ռուս Արտյոմ Օկուլովին, նա 2018-ի Աշխարհի առաջնությունից հետո ասել էր, որ հները միշտ էլ ուժեղ են: Զայրացած էի Օկուլովի վրա, նրան շատ էի սպասում ու ուզում էի հաղթել, բայց չմասնակցեց:

Լուսանկարը` Մեդիամաքս


Ոսկու համար «բարձր» պայքարը

Եվրոպայի առաջնությունից հետո գիտեինք, որ շատ ծանր է լինելու ու շարունակեցինք քրտնաջան պատրաստվել Աշխարհի առաջնությանը: Այս տարի, երեւի, 1 ամիս էլ տանը չենք եղել, ամբողջ ընթացքում հավաքներ ենք ունեցել: ԱԱ-ում չէր կարող հեշտ լինել, պետք էր անհամեմատ լավ մարզավիճակով մեկնել Թաիլանդ:

Պատտայայում ԵԱ-ի համեմատ 3 կգ-ով բարելավեցի պոկում վարժության ցուցանիշս, բայց դա էլ բավարար չէր վարժությունում մեդալ նվաճելու համար: 170 կգ էր պետք, որ գոնե 3-րդը լինեի: 167 բարձրացնելուց հետո մտովի պոկումն արդեն վերջացրել էի, մարզիչներն էլ զգացին դա: Սխալ է ժամանակից շուտ պայքարը թողնել, արդեն հասկացել ու ընդունել եմ, որ ժամանակից շուտ պետք չէ հանձնվել:

Ոսկու համար պայքարը շատ թեժ էր, ես, Դավիթաձեն ու իրանցի Ալի Միրին էինք մրցակցում: Մարզիկներ կային, որ մինչեւ ելույթ ունենալն աղմկում էին, տարբեր ձայներ հանում, որ մյուսներին կոտրեն: Միրին էլ նրանցից էր, ես գոռում էի, նա պատասխանում էր, ու այդպես մի քանի անգամ: Մինչեւ վերջ իրար հետ գոռալով բարձրացանք հարթակ, ինձ հաջողվեց 1 կգ ավել բարձրացնել ու չեմպիոն դառնալ:

Լուսանկարը` Մեդիամաքս


3-րդ ոսկին ու 2 ռեկորդները

ԱԱ-ից հետո էլ թուլանալ չէի կարող, 1 ամիս անց մինչեւ 23 տ. Եվրոպայի առաջնությունն էր: Ինձ համար շատ կարեւոր էր նորից հաղթել, բացի այդ էլ ուզում էի ռեկորդ սահմանել, միայն այդ մասին էի մտածում:

Չեմպիոնի կարգավիճակով էի մեկնել Ռումինիա ու պարտությունը միայն անկում կնշանակեր: Պարտություն ասելով՝ նկատի ունեմ նաեւ 2-րդ ու 3-րդ տեղերը:

Կրկին հետաքրքիր մրցակցություն ծավալվեց Դավիթաձեի հետ: Նա հրման նախավարժանքի ժամանակ վնասեց ոտքի ջիլը, բայց մինչեւ վերջ պայքարեց ու ելույթ ունեցավ: Տղամարդկային քայլ ցույց տվեց, իմ կողմից դա շատ գնահատելի էր, ես սիրեմ գը այդպես մարդկանց: Լավ է նման մրցակից ունենալը:

Արդյունքում նա 2-րդն էր, իսկ ես հրման 210 ու երկամարտի 375 կգ-ով 2 ռեկորդ գրանցեցի ու նորից 1-ինն էի: Ուզածիս պես եղավ, թեեւ ասեմ, որ ռեկորդով հաղթելն առանձնակի որեւէ բան չի տալիս:

Լուսանկարը` Մեդիամաքս


89 քաշային կարգին հրաժեշտն ու նոր նպատակները

Սա վերջին տարին էր, որ հանդես եկա մինչեւ 89 կգ քաշային կարգում, արդեն տեղափոխվել եմ օլիմպիական 96 կգ: 89-ից լովին բավարարված չեմ միայն այն պատճառով, որ մեծահասակների ռեկորդ չսահմանեցի, մնացածից գոհ եմ, ամեն ինչ ստացվեց ինձ մոտ: 

Հույս ունեմ, որ մինչեւ 2020-ի Օլիմպիական խաղերը կկարողանամ հաստատվել նոր քաշային կարգում, գոնե 98 կգ կշռել ու շատ կիլոգրամներ բարձրացնել: Հետեւել եմ այդ քաշային կարգի մրցակիցներիս՝ չինացի Տյան Տաուն է ուժեղ ու քաթարցի մարզիկը: 1 ծանրորդ էլ կա,բայց նա մրցումների ժամանակ միշտ 0 է ստանում, ուժեղ է ու շատ լավ է մարզվում, բայց չգիտես ինչու չի ստացվում լավ հանդես գալ: Իսկ 0 հիմնականում ստանում են այն պատճառով, որ չեն կարողանում կառավարել իրենց: Սովորաբար նման արդյունք գրանցում են շատ ուժեղ ու թույլ մարզիկները:

Ես որքան էլ վստահ եմ լինում ուժերիս, ժամանակից շուտ ինձ երբեք չեմպիոն չեմ պատկերացնում: Տնեցիներն են սովորաբար ասում, որ հաղթելու ես, բայց ես հանգստացնում եմ բոլորին, մրցավայրում ամեն ինչ էլ կարող է պատահել:

Լուսանկարը` Մեդիամաքս


Նաեւ սովորություն չունեմ նայելու մրցակիցներիս պատվիրած քաշը: Չեմ հետեւում նրանց մոտեցումներին, իմ գործն եմ միայն անում ու ամենավերջում եմ նայում մրցաշարային աղյուսակին:

Ընտանիքն ու սպորտը համատեղելը

 

Չնայած տարվա ընթացքում բացակայություններս շատ են լինում, բայց կինս`Շուշանն, արդեն համակերպվել է այդ ամենի հետ: Ամուսնանալուց առաջ նրան ասել եմ, թե ինչպիսին է մարզիկի կյանքը: Նա հարմարվել ու ընդունել է իմ աշխատանքն ու հավատում է, որ ամեն ինչ լավ է լինելու: Մեզ հաջողվել է հասկանալ իրար:

Ծանոթացել ենք սոցկայքերով, նա Էջմիածնից է: Մինչեւ այդ չէի պատկերացնում, որ հնարավոր է այդպես շփվել ու ամուսնանալ: Կնոջս միշտ ասում եմ, որ ամեն ինչ ընտանիքիս համար եմ անում, որ երեխաս բարվոք ապագա ունենա, դրա շնորհիվ ամեն ինչի դիմանում ենք:

Երբ իմացա, որ հայր եմ դառնալու աննկարագրելի ապրումներ ունեցա, չեմպիոնության հետ անհամեմատելի, շատ ավելի ուժեղ ու յուրահատուկ զգացողություններ էին:

Լուսանկարը` Մեդիամաքս


Հաջող 2019-ն ու փառքից գլուխը չկորցնելը

Այս տարին իմ կարիերայում ամենալավն ու հաջողվածն էր, բայց էլ ավելի լավ տարիներ ինձ հաստատ սպասվում են: 2020-նն էլ այդպիսին կարող է լինել, ինքս էլ անհամբեր եմ, թե ինչ է լինելու: Դեռ 22 տարեկան եմ ու շատ ժամանակ ունեմ, որ նորանոր տիտղոսների տիրանամ:

Հաջողություններից գլուխս չեմ կորցնում, իմ դաստիարակությունը դա թույլ չի տալիս: Մարդիկ կան, որ փողի պատճառով փոխվում են, բայց ես նույնն եմ մնացել, պարզապես մի քիչ ավելի շատ եմ վաստակում: Իսկ կոչումներն այսօր են մարդիկ հիշում են, վաղն ամեն ինչ կմոռանան:

Լուսանկարը` Մեդիամաքս


Նույնն էլ անհաջողությունների դեպքում է: Պետք է միշտ կարողանալ հավաքել ինքդ քեզ, չվհատվել: Այս անգամ չստացվեց, հաջորդին անպայման ամեն ինչ քո ուզածով կլինի: Պարզապես անհրաժեշտ է սխալները չանտեսել ու աշխատել դրանք շտկելու ուղղությամբ: Ինձ բացթողումներս սովորաբար օգնել են ավելի ուժեղանալ ու վստահ դառնալ:

Հակոբ Մկրտչյանի հետ զրուցել է Հասմիկ Բաբայանը
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին