Դեկտեմբեր 23, 2024
exclusive
13310 դիտում

Սիմոն Մարտիրոսյան. Տարին հաջող էր՝ 3 առաջնություն ու միայն ոսկիներ


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Սիմոն Մարտիրոսյանի համար այս տարին շլացուցիչ էր՝ երեք ոսկե մեդալ երեք առաջնությունում:

22-ամյա ծանրորդն ամեն անգամ ապացուցում է, որ կարող է գերազանցել ինքն իրեն, չունենալ հավասարը, նույն թեթեւությամբ դուրս գալ հարթակ ու հաղթել:

Mediamax Sport-ը Մարտիրոսյանի հետ ամփոփել է 2019 թվականը եւ փորձել հասկանալ, թե ինչպիսին է լինելու նրա համար հաջորդ տարին:

Անտեսել վնասվածքը, երբեք չթուլանալ ու կռվել ծանրաձողի հետ

Լուսանկարը` Մեդիամաքս


Ինձ համար տարվա առաջին միջազգային մրցաշարն ապրիլին կայացած Եվրոպայի առաջնությունն էր: Ճիշտն ասած, այստեղ չեմպիոնությունն ինձ հեշտ տրվեց, քանի որ մրցակցություն չկար: Դա ինձ չի խանգարում, քանի որ ցանկացած մրցման ես անում եմ առավելագույնը, իմ կռիվը ծանրաձողի հետ է, ոչ թե մարդու: Հույս ունեմ, որ իմ գործը լավ եմ անում:

Երբ մրցումից առաջ տեսնում եմ մրցակիցներիս, նրանց պատվիրած քաշերն ու հասկանում եմ, որ հաղթողը ես եմ դառնալու, ավելի հանգիստ եմ լինում: Վերջինը հարթակ դուրս գալը չի խանգարում, որովհետեւ մեկ մոտեցմամբ դառնում եմ չեմպիոն, ինչը եղավ նաեւ Եվրոպայի առաջնության ժամանակ:

Լուսանկարը` Մեդիամաքս


Բայց երբեք պետք չէ թուլանալ ու հանգիստ լինել, քանի որ մրցակիցները միշտ էլ կարող են լավ աշխատել ու մրցաշարի ժամանակ անակնկալներ մատուցել: Դրա համար ամեն հաջորդ առաջնության համար ավելի լավ եմ պատրաստվում, քան դրա նախորդին:

ԵԱ ես դաստակի վնասվածքով էի մեկնել, սակայն ոչ մի վնասվածք հոգեբանորեն ինձ վրա չի ազդում: Միգուցե մարզումների ընթացքում զգացնել տալիս է, բայց մրցման ժամանակ, երբ պատվոհարթակ եմ դուրս գալիս, ընդհանրապես չեմ հիշում դրա մասին: Նույնը եղավ նաեւ այս անգամ, ես պարզապես հաղթահարեցի այդ ամենն ու նվաճեցի երեք ոսկե մեդալ: ԵԱ-ում խոշոր հաշվով պայքար չկար, բայց ամեն ինչ փոխվեց Աշխարհի առաջնությունում

ԱԱ-ի կրկնակի չեմպիոնությունը հանգիստ ընդունելը

Լուսանկարը` Մեդիամաքս


Աշխարհի առաջնության մեկնել էի գործող չեմպիոնի կարգավիճակով, ինչն ավելի էր պարտավորեցնում: Ինչպես նախորդ տարի, այս անգամ եւս լուրջ մրցակիցներ էին չինացի ու բելառուս ծանրորդները, ովքեր պոկումում կարող էին հավասար լինել ինձ, միգուցե նաեւ գերազանցել: Բայց համոզված էի, որ հրում վարժությունում ոչ ոք չէր կարող ոտք մեկնել ինձ հետ, դրա համար վստահ էի չեմպիոնությանս վրա:

Պոկում վարժությունը լարված ստացվեց, գեղեցիկ պայքար ընթացավ, եղան ռեկորդներ ու վերջում ես եկա 199 կգ-ով գերազանցեցի ռեկորդը: Նախորդ տարի սահմանել էի ռեկորդներ հրում վարժությունում ու երկամարտում, այս անգամ էլ արեցի պոկումում: Կարեւորն այն է, որ երեք վարժության ռեկորդներն էլ արդեն Հայաստանին են պատկանում, սա հպարտանալու առիթ է տալիս:

Լուսանկարը` Մեդիամաքս


Արդեն հրման ժամանակ գիտեի, որ հաստատ առաջ եմ անցնելու մյուսներից, դրա համար մոտիվացիաս մի փոքր ընկավ: Ամեն դեպքում, բարձրացրի 230-ն ու նվաճեցի եւս երկու ոսկե մեդալ: Հետո 241-ին մոտեցա, ցանկանում էի նախորդ տարվա ռեկորդս գերազանցել, բայց չստացվեց: Այդ բացթողումներս հաստատ կուղղեմ առաջիկայում:

Ճիշտ է, ես նախորդ ԱԱ-ի պես լավ չէի պատրաստվել, բայց դա ինձ չխանգարեց էլի չեմպիոն դառնալ: Երկրորդ անգամ նման պարգեւի արժանանալը մոտիվացրեց, որ հետագայում ավելի լավ աշխատեմ: Ի տարբերություն անցած տարվա, այս անգամ շատ հանգիստ եմ ընդունել չեմպիոնությունս, քանի որ պատրաստ էի դրան:

Նոր ռեկորդներ արդեն գերծանր քաշային կարգում

Լուսանկարը` Մեդիամաքս


Դրանից գրեթե մեկ ամիս անց ես արդեն հանդես էի գալիս մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում: Մի քիչ դժվար էր Աշխարհից հետո վերականգնվելը, բայց մենք մարզիկներ ենք ու գիտենք ճիշտ աշխատելու ձեւը: Ես ինձ հիանալի էի զգում ու մեկնեցի մրցավայր՝ հանդես գալով ոչ թե 109, այլ +109 կգ քաշային կարգում:

Մրցակիցները շատ էին ինձնից ծանր, բայց բոլորովին էլ դժվար չէր ինձ համար այստեղ պայքարելը: Միշտ էլ գիտեմ, թե ինչի համար եմ գնում առաջնության: ԱԱ-ի հետ համեմատած ավելացրել էի քաշերը, ուղղակի ամոթ կլիներ, որ չեմպիոն դառնալուց հետո գնայի Եվրոպա ու ոսկի չնվաճեի:

Լուսանկարը` Մեդիամաքս


Այս առաջնությունում եւս ռեկորդներ սահմանեցի, պոկումում բարձրացրի 198 կգ, հրումում՝ 236 եւ երկամարտի 434 կգ արդյունքով կրկին դարձա հաղթող:

Ես նպատակ եմ ունեցել, որ երիտասարդական առաջնությունում չեմպիոն դառնամ մի քանի անգամ: Նախկինում Հայաստանն ունեցել է երիտասարդների չեմպիոններ, ես հիմա կրկնակի չեմպիոն եմ: Դեռ մյուս տարի էլ կարող եմ մասնակցել այս տարիքայինների պայքարին, այնպես որ, պատրաստվում եմ կրկին ավելացնել մեդալներիս թիվը:

Հաջողված 2019-ից դեպի Օլիմպիական տարի

Լուսանկարը` Մեդիամաքս


Միանշանակ, այս տարին հաջողված եմ համարում՝ երեք առաջնություն, բոլոր վարժությունների 9 ոսկե մեդալ ու ռեկորդներ: Անկեղծ ասած մտադիր էի էլ ավելի բարձր քաշերով այս արդյունքները գրանցել, բայց այն, որ բոլոր վարժություններում էլ միայն ոսկե մեդալներ նվաճեցի, եւս լավ է:

Աշխարհի առաջնությունում մեր թիմը երկամարտի երկու ոսկե, մեկական արծաթե ու բրոնզե մեդալներ նվաճեց, սա, կարծում եմ, շատ լավ արդյունք է: Մեր պատմության մեջ այսպիսի դեպք չի եղել: Սրան հասել ենք քրտնաջան աշխատանքի, մարզիչների, ճիշտ մարզումային պլանի շնորհիվ:

Լուսանկարը` Մեդիամաքս


Տարին ինձ համար ավարտվել է, մի քիչ հանգստի շրջանում եմ, մարզումներս անձնական մարզչիս հետ եմ անցկացնում: Մինչ Օլիմպիական խաղեր մենք պետք է 6 վարկանշային մրցման մասնակցենք, ինձ մնացել է երկուսը: Մյուս տարի նախ հանդես կգամ Իրանի գավաթում, ապա Եվրոպայի առաջնությունում: Դրանով կսկսեմ Օլիմպիական խաղերի նախապատրաստությունը: Անշուշտ, Օլիմպիական չեմպիոն դառնալն է իմ գերնպատակը, բայց դեռ ժամանակ կա, հարկավոր է շատ ու ճիշտ մարզվել:

Սիմոն Մարտիրոսյանի հետ զրուցել է Գոհար Նալբանդյանը
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին