Դեկտեմբեր 09, 2024
exclusive
19639 դիտում

Ա լիգայի ակումբները. «Արագած»


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Ջոնթոյանի անձնական արխիվ

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


«Արագած» բասկետբոլային ակումբը ձեւավորվել է շուրջ մեկ տարի առաջ, սակայն կարճ ժամանակում այն կարողացավ դառնալ Հայաստանի չեմպիոն ու Ա լիգայի հաղթող:

Mediamax Sport-ը զրուցել է ակումբի նախագահ Դեւիդ Ջոնթոյանի հետ, որը խոսել է ինչպես հաջողությունների ու ապագա ծրագրերի, այնպես էլ իրենց հանդիպած դժվարությունների մասին:

Լուսանկարը` Ջոնթոյանի անձնական արխիվ


Լիբանանից դեպի Հայաստան. Ես Բեյրութի «Անդրանիկ» թիմի բասկետբոլիստ եմ եղել, հանդես եմ եկել նաեւ Հոմենեթմենի թիմում: Մեկ տարի առաջ բասկետբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանը եկել էր Բեյրութ, որտեղ էլ մենք հանդիպեցինք: Նա առաջարկեց ներգրավվել Հայաստանում բասկետբոլի զարգացմանը, ինչին ես եւ եղբայրս՝ Թորոսը, համաձայնեցինք: Ես եկա Հայաստան եւ հաստատվեցի այստեղ: Հիմնեցի ակումբը եւ կամաց-կամաց սկսեցի աշխատանքներ տանել:

Մինչ Հայաստան գալս կապվեցի Ջանոյի եւ Հրանտի հետ, ովքեր սիրիահայեր են ու ապրում են Երեւանում: Նրանք ասացին, որ ցանկանում են բասկետբոլ խաղալ ու ինձ շատ օգնեցին:  Հետո սկսեցինք աշխատել բասկետբոլիստներ հավաքելու ուղղությամբ: Կարծում եմ, որ լավ թիմ կազմավորվեց, ուժեղ բասկետբոլիստներով համալրվեց «Արագածը»:

Լուսանկարը` Մեդիամաքս


Ակումբի անվանումն ու նպատակը. Երբ որոշեցինք, որ պետք է ակումբ ունենալ, հասկացա, որ ուզում եմ այն անվանել մեր լեռներից մեկի անունով: Սկզբում մտածել էի «Արարատ», բայց, քանի որ ֆուտբոլային ակումբ կար, կանգ առա «Արագածի» վրա: Կարծում եմ, որ շատ սիրուն ու յուրահատուկ անուն է: Մեր հիմնական նպատակը հաղթելն էր, այլապես անիմաստ էր Լիբանանից գալ այստեղ ու ոչնչի չհասնել: Շատ ուրախ եմ, որ նպաստում ենք Հայաստանում բասկետբոլի զարգացմանը, սա շատ կարեւոր է: Պետք է որակապես անհամեմատ ավելի աճենք, որպեսզի հետագայում էլ ավելի բարձունքների հասնենք:

Մարդկային որակների կարեւորությունը. Իրականում շատ դժվար է խաղացողներ գտնելը, որովհետեւ ամեն ինչը փողով չէ որոշվում, կարեւոր են մարդկային գծերը: Պետք է կարողանաս զատել ու ընտրել հենց այն բասկետբոլիստին, որը նաեւ լավ մարդ է: Այս հարցում ինձ շատ է օգնել Տիգրան Գյոկչյանը, որի շնորհիվ ընտրեցինք հենց այն տղաներին, ովքեր էլ ի վերջո դարձան չեմպիոններ:

Լուսանկարը` Մեդիամաքս


Բարձրակարգ թիմ ձեւավորելու համար ամենից կարեւորը ճիշտ կառավարում ունենալն է, եթե այն սխալ է ընթանում, ապա արդյունք չի լինի: Ես այստեղ շատ հոգնեցի, թիմ պահելը դժվար է: Ամերիկացիների հետ հեշտ չէ, նրանք տարբեր են մեզնից, բայց իմ ունեցած փորձի շնորհիվ կարողացա լեզու գտնել ու թիմում լավ մթնոլորտ ապահովել:

Դժվարությունները Հայաստանում. Ես նախկինում էլ էի եղել Հայաստանում, բայց սա առաջին տարին էր, որ սկսեցի ապրել ու նաեւ աշխատել: Չգիտեի, թե ով է բժիշկը, ինչպես տուն վարձել, այս կամ այն հարցը լուծելու համար ում դիմել: Հիմա յուրացրել եմ բոլոր նրբությունները, նոր մրցաշրջանում անհամեմատ հեշտ կլինի ինձ համար:

Հովանավորներ ունենալն էլ շատ կարեւոր է, դժվար է, երբ միայն մեկ մարդ է  անընդհատ ներդրումներ անում: Ես հույս ունեմ, որ «Արագածը», որը կարճ ժամանակում հաջողությունների է հասել ու մեծ նպատակներ ունի, կհետաքրքիր հովանավորներին:

Լուսանկարը` Մեդիամաքս


Ա եւ Բ լիգաները. Այս տարի Ա լիգան լավ որակ ուներ, բայց ես ուզում եմ, որ այն ավելի բարձրակարգ դառնա: Հուսանք այդպես էլ կլինի: Իմ կարծիքով, տարեցտարի ամեն ինչ կհարթվի, միանգամից ոչինչ չի լինում:

Անշուշտ, լիգայում որոշ բացթողումներ կան, սակայն պետք չէ մոռանալ, որ իրենց համար էլ է սա սկիզբը, կամաց-կամաց են փորձ ձեռք բերում:

Բ լիգայի առկայությունն այնքանով է լավ, որ երիտասարդները խաղաժամանակ են ստանում, փորձ ձեռք բերում ու նոր միանում Ա լիգայի իրենց թիմերին: Հիմա էլ մինչեւ 18 տարեկանների մրցաշար ենք ունենալու, սա էլ արդյունավետ կլինի դպրոցական երեխաներին աճեցնելու համար:

Լուսանկարը` Մեդիամաքս


Հեռուստատեսության անտարբերությունը. Ասել էին, որ 15 խաղ հեռարձակվելու է, սակայն այդպես չեղավ: Չեմ կարող ասել թե ինչու, բայց մեր հեռուստաընկերությունները չեն հետաքրքրվում բասկետբոլով, իսկ դա շատ սխալ է: Հեռուստատեսությունն է, որ մտնում է տուն ու մարդկանց ցույց տալիս այս մարզաձեւի գեղեցկությունը:

Եթե մեր հանդիպումները հեռարձակվեն, մարդիկ կտեսնեն, կսիրահարվեն, կկապվեն վերջինիս հետ ու դահլիճները կլցվեն: Լրագրողները մեծ նշանակություն ունեն, պետք է լուսաբանեն, տարածեն, որպեսզի մարդիկ էլ իմանան, թե ինչպիսի հետաքրքիր խաղեր են կայանում Հայաստանում:

Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանում դահլիճների բացակայությունը. Լիբանանում բասկետբոլը շատ բարձր որակի վրա է, բոլոր քաղաքներում էլ այն զարգացած ու տարածված է, շատ եմ ցանկանում, որ այդպես լինի նաեւ Հայաստանում: Լիբանանում 50-ից ավել դահլիճ կա, իսկ Հայաստանում միայն մեկ «Միկա» ունենք: Կարծում եմ, եւս մեկ միջազգային չափանիշներին համապատասխանող դահլիճ կառուցել ՀՀ Կառավարությունը կարող է իրեն թույլ տալ: Սրանով շատ հարցեր կլուծվեն՝ երիտասարդները կմարզվեն, կկտրվեն փողոցներից, առողջ ապրելակերպ կունենան:

Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանցի բասկետբոլիստների զարգացումը. Հայաստանում բասկետբոլը զարգացնելու համար պետք է լավ դպրոց ունենալ: Ամերիկացի հայը, որ գալիս է այստեղ բասկետբոլ խաղալու, ճիշտ նույն ամերիկացի սեւամորթի պես է, միայն –յան վերջավորությունն ունի ազգանվան մեջ: Գալիս են կարիերա անում ու գնում այլ թիմ: Պետք է հայաստանցի երեխաներին ճիշտ ուղու վրա դնել, մրցաշարեր կազմակերպել, որպեսզի նրանք աճեն:

Մենք պլանավորում ենք մեր դպրոցն ունենալ, բայց ամեն ինչ հարկավոր է բարձր որակով անել՝ մարզիչ, մեթոդներ, դահլիճ: Ունենալով լավ դպրոց՝ մի քանի տարի անց նոր կունենաք լավ բասկետբոլ:

Լուսանկարը` Մեդիամաքս


Նոր գլխավոր մարզիչ ու միջազգային մրցաշարեր. Տիգրան Գյոկչյանը, որն ինձ շատ է օգնում, հնարավոր է մյուս մրցաշրջանում գլխավորի «Արագածը», մենք բանակցում ենք նրա հետ:

Սեպտեմբերին «Արագածը» Բեյրութում մասնակցելու է Հարիրիի մրցաշարին: Փետրվարին էլ ցանկանում ենք հանդես գալ Դուբայի մրցաշարում, երկուսն էլ շատ ուժեղ ու լավ կազմ են հավաքում ամեն տարի: Նոր մրցաշրջանում թիմի կազմում նոր անուններ կլինեն, ես արդեն մի շարք բասկետբոլիստների հետ պայմանագրեր եմ ստորագրել:

Լուսանկարը` Մեդիամաքս


Պատմություն կերտել Հայաստանի համար. Իմ նպատակն է, որ «Արագածը» պատմություն գրի Հայաստանի բասկետբոլի մեջ, կարողանա հաղթանակներ տանել եվրոպական առաջնություններում: Հենց սրա համար եմ ես տեղափոխվել այստեղ ու անընդհատ մեծ աշխատանքներ եմ տանում:

Ա լիգայի մյուս թիմերից անդրադարձել ենք «Ուրարտուին», «Արցախին», ՖԻՄԱ-ին եւ «Արթիկին»:

Գոհար Նալբանդյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին