Դեկտեմբեր 01, 2024
exclusive
16043 դիտում

Սպորտը Հայաստանի առաջին Հանրապետությունում. Մաս 1


ՀՄԸՄ ֆուտբոլային թիմ 1920 թ.
ՀՄԸՄ ֆուտբոլային թիմ 1920 թ.

Լուսանկարը` «Հայկական սպորտը եւ մարմնակրթությունը Օսմանյան կայսրությունում»

ՀՄԸՄ 1-ին թիմերից մեկը 1918 թ.
ՀՄԸՄ 1-ին թիմերից մեկը 1918 թ.

Լուսանկարը` «Հայկական սպորտը եւ մարմնակրթությունը Օսմանյան կայսրությունում»

ՀՄԸՄ Սկութարի ֆուտբոլի թիմերից
ՀՄԸՄ Սկութարի ֆուտբոլի թիմերից

Լուսանկարը` «Հայկական սպորտը եւ մարմնակրթությունը Օսմանյան կայսրությունում»

Գուլելի կեդրոնական որբանոցի սկաուտների սաները
Գուլելի կեդրոնական որբանոցի սկաուտների սաները

Լուսանկարը` «Հայկական սպորտը եւ մարմնակրթությունը Օսմանյան կայսրությունում»

Շանթ մարմնակրթական միության սաները 1919 թ.
Շանթ մարմնակրթական միության սաները 1919 թ.

Լուսանկարը` «Հայկական սպորտը եւ մարմնակրթությունը Օսմանյան կայսրությունում»

Լուսանկարը` «Հայկական սպորտը եւ մարմնակրթությունը Օսմանյան կայսրությունում»

Լուսանկարը` «Հայկական սպորտը եւ մարմնակրթությունը Օսմանյան կայսրությունում»

Ջբեյլի որբանոցի սաները 1920 թ.
Ջբեյլի որբանոցի սաները 1920 թ.

Լուսանկարը` «Հայկական սպորտը եւ մարմնակրթությունը Օսմանյան կայսրությունում»


Մայիսի 28-ին նշվելու է Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակը:

Mediamax Sport-ը 100-ամյակին ընդառաջ երկու մասից բաղկացած շարք է պատրաստել, որտեղ, ուսումնասիրելով բազմաթիվ գրքեր ու վկայություններ, ներկայացնելու է ՀՀ-ի սպորտային կյանքը:

Առաջին մասում անդրադառնում ենք նախարարության աշխատանքին, սպորտային ընկերությունների ստեղծմանն ու միջազգային Օլիմպիական կոմիտեում Հայաստանի չընդգրկվելուն:

ՀՄԸՄ 1-ին թիմերից մեկը 1918 թ. ՀՄԸՄ 1-ին թիմերից մեկը 1918 թ.

Լուսանկարը` «Հայկական սպորտը եւ մարմնակրթությունը Օսմանյան կայսրությունում»


Գաղթականները, պատերազմն ու սպորտի զարգացման հեռանկարները

1918 թվականին Սարդարապատի, Բաշ-Ապարանի եւ Ղարաքիլիսայի հերոսամարտերից հետո մայիսի 28-ին հռչակվեց Հայաստանի Հանրապետությունը:

Առաջին հանրապետության գոյատեւման երկու տարվա ընթացքը դժվար էր. գաղթականները, սովը, շրջափակումները, անընդհատ շարունակվող բախումները թշնամիների հետ, Խորհրդային Ռուսաստանի նվաճողական քաղաքականությունը հնարավորություն չէին ընձեռում ստեղծել կայուն պետություն։

Այս ամենը ծանր է անդրադառնում նաեւ ֆիզիկական կուլտուրայի վրա, հատկապես դպրոցներում: Հայաստանում գործող 459 դպրոցներից 235-ը փակվում են: Զգացվում էր ֆիզիկական կուլտուրայի ուսուցիչների սուր պակաս, որոնք նյութական ծանր դրության պատճառով թողել էին աշխատանքը:

Սակայն այն ժամանակվա կառավարությունը որոշակի քայլեր էր ձեռնարկում երկիրը դեպի կայունացում տանելու համար: Հայաստանի Հանրապետությունը ձեռնամուխ եղավ նաեւ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի աշխատանքների կազմակերպմանը, որն իրականացնում էր Հանրային կրթության եւ արվեստի նախարարության բժշկա-սանիտարական բաժինը:
ՀՄԸՄ Սկութարի ֆուտբոլի թիմերից ՀՄԸՄ Սկութարի ֆուտբոլի թիմերից

Լուսանկարը` «Հայկական սպորտը եւ մարմնակրթությունը Օսմանյան կայսրությունում»


Որոշվում է, որ բացի կրթական ոլորտում բարեփոխումներ անելուց պետք է ծրագրեր մշակել նաեւ ֆիզիկական դաստիարակության գործը բարելավելու համար:

«Մայիսի 28-ը հայտարարեց անկախությունը: Զարթոնքը բնական էր, որ ազդեցություն տվեց նաեւ ֆիզիկական զարգացմանը»,- «Կեանքի ուղիներով» գրքում գրել է Սիմոն Վրացյանը:

Հայ ազգի ֆիզիկական ու բարոյական վերածննդի նպատակով

1918-ին դպրոցներում նախապատրաստական աշխատանքներ էին տարվում մարմնակրթության հիմնավորման ու զարգացման համար: Սակայն մասնագետների պակասը նախարարությանը հնարավորություն չէր տալիս կատարել ընդգրկուն աշխատանքներ: Առավել գործնական քայլեր ձեռնարկվեցին 1919-ին, նախարարությունը դիմեց տարբեր երկրներում գտնվող հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչներին՝ խնդրելով տեղեկություններ հաղորդել մարմնակրթական ուսուցման վերաբերյալ:

Վրաստանի դիվանագիտական ներկայացուցչին ուղղված նամակում կրթության նախարարը գրում էր.

«Ֆիզիքական կրթութեան գործի կանոնաւոր կազմակերպութեան համար անհրաժեշտ են մանրամասն տեղեկութիւններ ունենալ Վրաստանի հանրապետութեան մեջ գոյութիւն ունեցող մարմնակրթական հիմնարկութիւնների մասին: Ուստի խնդրում եմ բարեհաճէք հնարաւորին չափ մանրամասն տեղեկութիւններ հաղորդել ինձ թէ դպրոցական եւ թէ արտադպրոցական սերոնդների կրթութեան սիստեմի եւ կազմի մասին:

1.    Ո՞վ է կանգնած այդ գործի գլուխը:
2.    Ի՞նչ մարմնամարզական ընկերութիւններ կան Վրաստանի մէջ
3.    Ի՞նչ պիւտճէից են հոգում ծախսերը»:
Գուլելի կեդրոնական որբանոցի սկաուտների սաները Գուլելի կեդրոնական որբանոցի սկաուտների սաները

Լուսանկարը` «Հայկական սպորտը եւ մարմնակրթությունը Օսմանյան կայսրությունում»


Նույն բովանդակությամբ դիմումներ հղվել են նաեւ այլ երկրներ: Շուտով եղան առաջին արձագանքները: Պոլսից ստացվեց «Հայ Սկաուտ» թերթի 10 օրինակ, Փարիզից նույն թերթի առաջին համարը, ծրագրեր, գրականություն:

Բայց այդ ամենը չէր բավարարում նախարարությանը, որոշվում է դիմել Ամերիկայի հայոց Ազգային խորհրդին. «Մեր մատաղ անկախութեան եւ յարատեւութեան միակ գրաւականը մեր ազգի ֆիզիքական ու բարոյական վերածնութիւնն է»:

ՀՀ-ում սպորտային ընկերությունների ստեղծումը

Հանրային կրթության եւ արվեստի նախարար Գեւորգ Մելիք-Ղարագյոզյանը լուրջ մտահոգություն է արտահայտել Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի վիճակի եւ դրա բարելավման վերաբերյալ՝ 1919-ին հունիսի 19-ին նա դիմում է հանրապետության նախարարների խորհուրդ. «Իմ կողմից հանձնարարված է Երեւանի տղայոց գիմնազիայի ուսուցիչ Վ. Մ. Սիդորովիչին եւ պրապորշչիկ Առաքելյանին կազմակերպել Երեւանում սպորտային ընկերություն: Վերոհիշյալ անձինք լավ տեղյակ են սպորտին, սպորտային ընկերությունների անդամ են եւ պատրաստակամութիւն են հայտնել ակտիւ մասնակցութիւն ցույց տալ Երեւանում կազմակերպվելիք սպորտին: Նրանց կողմից ներկայացուցած է նախահաշիւ 317 հազ. ր. ընդանուր գումար, ուստի խնդրում եմ Մինիստրների Խորհրդին բաց թողնել յիշեալ գումարը հանրային կրթութեան ու արուեստի մինիստրի անունով 317 հազ. ր Երեւան քաղաքում սպորտային ընկերութիւնը կազմակերպելու համար»:
Շանթ մարմնակրթական միության սաները 1919 թ. Շանթ մարմնակրթական միության սաները 1919 թ.

Լուսանկարը` «Հայկական սպորտը եւ մարմնակրթությունը Օսմանյան կայսրությունում»


Մեկ տարի անց Առաքելյանը Հանրային կրթության եւ արվեստի նախարարությանն ուղղված նամակում առաջարկում է կազմակերպել համահայաստանյան մարզական տոն եւ անցկացնել մրցումներ ֆուտբոլից, թեթեւ ատլետիկայից եւ խաղային մարզաձեւերից:

«Մեր օլիմպիադայի հաղթողներին պետք է ուղարկել ազգի անունից Եվրոպա՝ համաշխարհային օլիմպիադաների»,-գրում է նա:

1919-20 թվականներին հիմնադրվում են Հայաստանի մարմնամարզական ընդհանուր միությունը, Հայաստանի շախմատիստների ընկերությունը, Երեւանի «Դյուցազն» մարզական ակումբը, Ալեքսանդրապոլի «Բազե» մարմնամարզական ընկերությունը եւ այլն:

Փարիզում ուսանած բաժնի վարիչի առաջարկությունները

Լուսանկարը` «Հայկական սպորտը եւ մարմնակրթությունը Օսմանյան կայսրությունում»


Ֆիզիկական կուլտուրայի բնագավառում դրական տեղաշարժեր նկատվեցին 1919-ի սեպտեմբերի 1-ից, երբ նախարարության բժշկա-սանիտարական բաժնի վարիչ նշանակվեց Փարիզի համալսարանի շրջանավարտ Վահան Արծրունին: Նրա նախաձեռնությամբ 1920-ի հունվարից բժշկա-սանիտարական բաժնին կից ստեղծվեց դպրոցական առողջապահական խորհուրդ, որի նպատակն էր ուսումնասիրել դպրոցական առողջապահության վերաբերյալ խնդիրները: Խորհրդի կազմում ընդգրկվեցին նաեւ մարմնամարզության ուսուցիչներ:

«Հանրային կրթության մինիստրությունը յանձնելով ինձ Հայաստանի հանրային ֆիզիքական կրթութեան  պատասխանատու գործը, պարտք է դրել ինձ վրա բարձրացնել մեր ազգաբնակչութեան ֆիզիքական կորովը եւ հոգալ նրա ֆիզիքական-բարոյական վերածնութեան մասին: Ազգի բոլոր բանիմաց սրտացաւ որդիք պիտի իրենց աջակցութիւնը ասպարէզ բերեն ազգի վերածնութեան գործը ամբողջությամբ պսակելու: Եվ մենք վստահ մեր ամերիկացի ազգայինների բուռն հայրենասիրութեան վրայ, որի համար այնքան ապացոյցներ ունենք, դիմում ենք Ձեզ՝ խնդրելով ընդառաջ գալ հայ ազգի այժմէական հրատապ պահանջին, այն է բոյ-սկաուտեության լայնօրէն տարածման Հայաստանում, քանի որ կրթութեան այդ ձեւը մեծապէս եվրոպական երկրների ու Ամերիկայի մէջ համարւում է լավագոյն կրթական սիստեմը»,- գրում է Արծրունին:

Այս ընթացքում է, որ նախարարությունից ուսումնական հաստատությունների ղեկավարներից պահանջում են, որպեսզի վերջիններս ներկայացնեն ֆիզիկական կուլտուրայի բարելավման իրենց ծրագրերը: Նրանք փաստում են, որ մարմնամարզական ծրագրերը պետք է բազմատեսակ լինեն, պետք է հիմնել հանրությանը մատչելի մարմնակրթություն:

Համահայկական խաղերից մինչեւ ՄՕԿ-ի անդամ լինելու չլուծված հարց

Լուսանկարը` «Հայկական սպորտը եւ մարմնակրթությունը Օսմանյան կայսրությունում»


Սպորտային կյանքը, ինչպես մինչեւ 1915-ի Ցեղասպանությունը, հայաշատ վայրերում փորձում է կրկին ակտիվանալ: Հ.Մ.Ը.Մ.-ն աստիճանաբար տարածվում էր մեծ ու փոքր քաղաքներում: Տարբեր մրցումներ էին անում ֆուտբոլից, բասկետբոլից եւ աթլետիկայից:

Պատերազմից հետո վերականգնվում է համահայկական Օլիմպիական խաղերի ավանդույթը, որն անցկացվում էր արդեն Հ.Մ.Ը.Մ.-ի հովանու ներքո: 1919-ին առաջին խաղերը տեղի են ունենում Պոլսի Գատըգյուղի «Յունիոն» մարզադաշտում: Մեկ տարի անց այդ խաղերում ելույթ է ունենում նաեւ Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Արմեն Թախթաջյանը: Նա մասնակցում է հաղթողների պարգեւատրմանն ու շնորհավորում «Հայաստանի ապագայ քաղաքացիները»:
Ջբեյլի որբանոցի սաները 1920 թ. Ջբեյլի որբանոցի սաները 1920 թ.

Լուսանկարը` «Հայկական սպորտը եւ մարմնակրթությունը Օսմանյան կայսրությունում»


Այս ընթացքում աստիճանաբար հիմքեր են ստեղծվում նաեւ պրոֆեսիոնալ սպորտում ներկայանալու համար: 1919-ին Լոզանում, ապա 1920-ին Ամստերդամում ՄՕԿ-ի նստաշրջանում Հայաստանի եւ հայ մարզիկների շահերը պաշտպանելու, 1920-ի Անտվերպենում Օլիմպիական խաղերի մասնակցության ապահովման հարցը դրական լուծելու համար մեծ ջանքեր է գործադրում  Ռուսաստանի ներկայացուցիչ, ՄՕԿ-ի անդամ հայազգի Լեւոն Ուռուսովը: Թեեւ անդամների համակրանքը Հայաստանի կողմն էր, սակայն նախագահ Պիեռ դե Կուբերտենի առաջարկությամբ որոշվում է հարցին անդրադառնալ ՀՀ կառավարության պաշտոնական միջնորդությունը ստանալուց հետո:

Հայաստանի ՄՕԿ-ի անդամ ընտրվելու հարցն այդպես էլ մնում է չլուծված: Իսկ պատճառը 1920-ի նոյեմբերի 29-ին Հայաստանում հաստատված Խորհրդային կարգերն էին:

Շարունակելի

Գոհար Նալբանդյան, Հասմիկ Բաբայան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին