Հոդվածի հերոսին Տավուշի մարզում ճանաչում են գրեթե բոլորը, սակայն հասարակության լայն շրջանակները նույնպես պետք է իմանան այս անչափ լավ մարդուն:
Իսկ նրան բացահայտեցինք պատահաբար: Մի քանի շաբաթ առաջ Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր գյուղում հանդիպում անցկացրեց Տավուշի թիմի հետ: Խաղն ընթացավ գյուղի մարզադաշտում, որը գտնվում է թշնամու դիտակետում:
Խաղից հետո էլ իմացանք Դարչո Խաչատրյանին, մարդ, ում շնորհիվ կառուցվել է այս մարզադաշտն ու ստեղծվել են ֆուտբոլային թիմեր:
Հանդիպում եմ Խաչատրյանի դստերը՝ Հասմիկին: Պատմում է, որ ծնողները շարունակում են բնակվել Տավուշում, սակայն ձմեռային ամիսներին գալիս են Երեւան:
Մտնում ենք տուն, իսկ այնտեղ տարածվել է նոր թխած հացի անուշ հոտը: Տիկին Վարդուշը (Դարչո Խաչատրյանի կինն է) նոր-նոր ավարտել է գործը:
Բարեւում եմ, ծանոթանում, իսկ պարոն Խաչատրյանը կամ, ինչպես նրան ասում են բոլորը՝ Դարչո Լեւոնիչը, կազմ-պատրաստ սպասում է զրույցի մեկնարկին: Միանգամից հայտնվում եմ մի հյուրընկալ, անկեղծ ու բաց ընտանիքում:
«Ես էլ Ալավերդուց եմ»,- մինչ բուն զրույցին անցնելն ասում եմ ես:
«Վայ, բա ասա զեմլյակ ենք էլի»,- ծիծաղում է Դարչո Լեւոնիչն ու սկսում ենք միասին հիշել սրանից բազմաթիվ տարիներ առաջ տեղի ունեցած իրադարձությունները:
Երբ 50-ականներին Տավուշի գյուղերում ստեղծվեցին ֆուտբոլային թիմեր
«Մինչ Համաշխարհային պատերազմը Շամշադինում բոլոր երեխաներն էլ ֆուտբոլ էին խաղում: Եգիպտացորենի կեղեւները փաթաթում էինք, գնդակ սարքում ու ժամերով խաղում»,- վերհիշեց Խաչատրյանը:

Լուսանկարը` Անձնական արխիվից
Նա ծնվել է Տավուշի մարզի Ծաղկավան գյուղում: 1950-ականներից սկսվել է նրա ակտիվ գործունեությունը. աշխատել է որպես Վերին ու Ներքին Ճամբարակների գյուղխորհրդի քարտուղար, ապա կոմսոմոլի շրջանային խորհրդի բաժնի վարիչ:
Այս ժամանակ էլ որոշել է ֆուտբոլի թիմեր ստեղծել. «Ֆիզկուլտ մինիստրության տեսուչ Վարդան Զադոյանին տարա շրջան, բացատրեցի, որ պետք է զարգացնենք սպորտը, գյուղի երիտասարդները պետք է մարզվեն: 7 հայկական գյուղերում՝ Հին Բաշքենդ (Արծվաշեն), Վահան, Վերին Ճամբարակ, Ներքին Ճամբարակ, Թթու ջուր, Մարտունի եւ Նոր Բաշքենդ, ու շրջկենտրոնում ստեղծեցինք ֆուտբոլային թիմեր: Մի շաբաթ ինքը պարապեց, ինձ էլ սովորեցրեց կանոնները, ու սկսեցինք մարզվել: Նույնիսկ մի անգամ մրցման մասնակցեցի: Շրջկենտրոնի ավագը հիվանդ էր, ես խաղացի նրա փոխարեն ու վնասվածք ստացա: Ալբերտ Ազարյանը Ճամբարակի թոռ է ու ներկա էր այդ խաղին»:
Ապա Խաչատրյանն ընդունվում է կուսակցական եռամյա դպրոց, հետո զբաղեցնում տարբեր պաշտոններ: 1983-ին նրան առաջարկում են դառնալ Ներքին Կարմիրաղբյուրի կոլտնտեսության նախագահ: Շուրջ մեկ տարի գյուղը նախագահ չէր ունեցել, տնտեսությունը քայքայված էր, իսկ հարեւան ադրբեջանցիներն աստիճանաբար տիրել էին հայկական արտերն ու ցանքատարածությունները: Մեծ դժվարությունների առջեւ կանգնած նոր նախագահն էլ փորձում էր աստիճանաբար կարգի բերել գյուղը:
«Թուրքը գյուղի կեսը գրավել էր, անասունները մեր արոտավայրերում էին, արտերից մեր բերքը հավաքում տանում էին: Պետք էր առնել այս ամենի առաջը: Իսկ առաջնային խնդիրը գյուղի երիտասարդությանը հետ բերելն էր: Թուրքերը պետք է տեսնեին, որ հայկական գյուղը չի դատարկվում, իսկ մեզ պատկանող հողերը մենք չենք հանձնելու իրենց: Այս ժամանակ էր, որ մի ներքին ձայն ինձ հիշեցրեց 1952 թիվը, երբ ես ֆուտբոլային թիմեր էի ստեղծել»,- ասաց Խաչատրյանը:
Ստադիոն, որը ճնշեց ադրբեջանցիներին ու հյուրընկալեց «Արարատ-73»-ին
Ներքին Կարմիրաղբյուրում սկսվում է ֆուտբոլային դաշտի կառուցումը: Գյուղացիներն այս լուրը ընդունում են մեծ ոգեւորությամբ, բոլորը միանում են աշխատանքներին, հերթով ուտելիք պատրաստում տրակտորիստի ու բանվորների համար:
Այդ ժամանակ «Կոտայք» թիմում հանդես էր գալիս կարմիրաղբյուրցի Հրաչ Վարդանյանը: Խաչատրյանը նրան հրավիրում է գյուղ ու նշանակում ֆիզկուլտուրայի տեսուչ, վերջինս էլ սկսում է ֆուտբոլի թիմ հավաքել:
Ստադիոն կառուցելն ու սպորտային կյանքը գյուղում զարգացնելը երկու նպատակ ուներ՝ ճնշել ադրբեջանցիներին ու «Արարատ-73»-ի 10-ամյակին նվիրված միջոցառում կազմակերպել:
Իր ցանկության մասին Խաչատրյանը հայտնում է արարատցիներին, վերջիններս էլ միանգամից համաձայնում են գնալ Ներքին Կարմիրաղբյուր:

Լուսանկարը` Անձնական արխիվից
«Մարզիչ Օնիկ Աբրահամյանի գլխավորությամբ թիմը 1983-ի հոկտեմբերի 3-ին եկավ մեզ մոտ: Ալյոշա Աբրահամյանն էր եկել, Էդուարդ Մարգարովը, Նորայր Մեսրոպյանը, Սանասար Գեւորգյանը: Ստադիոնի բացումը կատարեցինք, հետո մեր «Աղբյուր» թիմը խաղաց «Արարատ-73»-ի հետ: 3:2 հաղթում էինք, բայց Մարգարովը խփեց, ու խաղը 3:3 ավարտվեց: Ողջ շրջանն էր հավաքվել, չեք պատկերացնի, ինչ տոն էր գյուղում: Բա ինչքան ադրբեջանցի էր եկել, նույնիսկ Կիրովաբադից հասել էին մեր գյուղ: Ոգեւորված հետեւում էին մեր «Արարատի» խաղին»,- հիացմունքն ու ուրախությունն առանց թաքցնելու շարունակեց Խաչատրյանը:
Գյուղի ակտիվի միջոցներից յուրաքանչյուր ֆուտբոլիստ 100 ռուբլի ստացավ, իսկ խաղից հետո էլ, բնականաբար, եղավ հյուրասիրություն. «Հաց ուտելու ժամանակ Մարգարովը չխմեց: Ասի Էդիկ ջան, ինչո՞ւ չես խմում, թե ես խոց ունեմ: Երկու շիշ թթի օղի տվի, ասի, ամեն առավոտ կխմես ու կառողջանաս»:
Նիկիա Սիմոնյանի ու հայկական Շվեյցարիայի մասին
Հայկական ֆուտբոլի լեգենդների խաղից հետո գյուղում շարունակվեց ֆուտբոլի նկատմամբ հետաքրքրությունն աճել: «Աղբյուր» թիմը, որտեղ հանդես էին գալիս միայն գյուղի բնակիչները, սկսեց մասնակցել Հայաստանի շրջանների առաջնությանն ու աստիճանաբար հաջողություններ գրանցել:
«Մեկ տարի էր անցել, մի օր գնացել էի հանդը խոտ հավաքելու: Սուրեն քեռի ունեինք, շատ լավ մարդ էր, թե որդի ջան արի նստի, հանգստացի: Խոսեցինք իրար հետ, թե ինչ կլինի կազմակերպես Նիկիտա Սիմոնյանին էլ մեր գյուղում տեսնեմ: Ասի լավ, Սուրեն քեռի, կմտածեմ»,- ֆուտբոլային թեման շարունակեց Դարչո պապիկը:
Հնարամիտ նախագահը հիշեց, որ Կաշեգործների թիմում իրենց գյուղացի Բարսեղն է խաղում: Խնդրեց նրան կապվել Նիկիտա Սիմոնյանի հետ ու հարցնել՝ հնարավո՞ր է «Արարատ-84»-ին հրավիրել Ներքին Կարմիրաղբյուր.
«Իշտոյանը, Պոդշիվալովը, Սարգսյանը, Մխիթարյանը, Սուփրիկյանը, Պողոսյանը, բոլորը եկան: Գնդակը խաղի մեջ գցեցինք ես ու Սիմոնյանը: Ցավոք, բայց մենք պարտվեցինք 7:2 հաշվով (ծիծաղում է): Կրկին ողջ շրջանը հավաքվել էր ու կրկին մի մեծ տոն էր այդ օրը, բոլորս ուրախ էինք: Գումար էինք նախատեսել տղաների համար, իսկ մեր հանդում հաց ուտելու ժամանակ Սիմոնյանը նայեց-նայեց ու ասաց. «Շվեյցարիա, Շվեյցարիա, ահա քեզ առասպելական Շվեյցարիա»:

Լուսանկարը` Անձնական արխիվից
Տարիների հեռվից Խաչատրյանն անգամ չի մոռանում, թե ինչպես էին ադրբեջանցիները գրազ եկել իր հետ, որ Սիմոնյանը չի գա իրենց գյուղ: Սակայն, երբ իմացել են, որ նա գյուղում է, «Արարատն» ու Սիմոնյանը եկել են» վանկարկումներով արագ-արագ շտապել են հայկական գյուղ ու հետեւվել ֆուտբոլային տոնին:
Խաչատրյանի ազատվելը, պատերազմն ու կրակոցների տակ գտնվող ստադիոնը
«Թուրքն այնքան աներես է, որ մի քիչ թուլանաս, միանգամից կտիրանա քո ունեցածին: Այդպես եղել էր Ներքին Կարմիրաղբյուրում: Կամ պետք է թուրքերին լռեցնեինք, կամ էլ՝ թողնեինք փախչեինք: Ու ես սկսեցի ռեժիմ պահել: Մի օր տեսնեմ ադրբեջանցիները կովերի հոտը մեր խոտհարքն են բերել ու արածեցնում են: Շատ բարկացա, ու բերեցինք մեր գոմերում պահեցինք: Խստացումները սկսեցի կիրառել անընդհատ: Սրանից հետո նրանք հետ քաշվեցին իրենց գյուղերը: Անունս «փոքր Անդրանիկ» էին դրել, գնացել բողոքել էին, թե մեզ օր ու արեւ չի տալիս»,- պատմեց նա:
1988-ի սկզբին Դարչո Խաչատրյանն առողջական խնդիրների պատճառով դիմում է ներկայացնում ու ազատվում զբաղեցրած պաշտոնից: «Աղբյուր» թիմը հանձվում է ռելեի գործարանին: Ապա սկսվում է պատերազմը, ֆուտբոլային դաշտն ու ողջ հայկական գյուղերը հայտնվում են ադրբեջանական կողմի ռմբակոծության տակ:

Լուսանկարը` Անձնական արխիվից
Դարչո Խաչատրյանը հաջորդ տարի դառնալու է 90 տարեկան: Մարդ, ով ոչ միայն ֆուտբոլային տոներ է պարգեւել Ներքին Կարմիրաղբյուրին, այլ նաեւ լուծել է շատ կարեւոր հարց՝ պահել է մարդկանց հարազատ գյուղում ու հետ շպրտել ադրբեջանցիներին:
Այսօր նա մի երազանք ունի. խաղաղ լինեն մեր սահմանները, Ներքին Կարմիրաղբյուրն ու մնացած գյուղերն ունենան հանգիստ օրեր, իսկ ստադիոնը կրկին հյուրընկալի ֆուտբոլային միջոցառումներ:
Հ.Գ.
Շուրջ մեկ տարի է Ներքին Կարմիրաղբյուրում «Զորակն» հիմնադրամի աջակցությամբ ստեղծվել է ֆուտբոլի պատանեկան թիմ:
Հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Հարությունյանը նշեց, որ շուրջ 15 երեխաներ Աշոտ Գալստյանի գլխավորությամբ շաբաթական երեք մարզում են անցկացնում:

Լուսանկարը` Զորակնի ֆեյսբուքյան էջից
«Զորակն» թիմն անցած տարի մասնակցեց Հայաստանի մինչեւ 18 տարեկանների առաջնությանը, սակայն այս տարի ելույթ չի ունենում: Պատճառը մեկն է. այն նորաստեղծ է ու դեռ շատ է հետ մնում մյուսներից: Տղաներին դեռ ժամանակ է պետք իրենց որակները բարձրացնելու համար»,- ասաց Հարությունյանը:
Դարչո Խաչատրյանի հետ զրուցել է Գոհար Նալբանդյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: