Դեկտեմբեր 22, 2024
exclusive
18949 դիտում

Կարեն Գիլոյան. ՕԽ-ից պետք է հետեւություններ անենք եւ ուղղենք բացթողումները


Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Տոկիոյի Օլիմպիական խաղերի ավարտից հետո ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանն արդեն հանդիպումներ է ունենում ֆեդերացիաների ներկայացուցիչների հետ, վերլուծում գրանցած արդյունքներն ու պատրաստվում հաջորդ միջոցառումներին:


Mediamax Sport-ը զրուցել է Գիլոյանի հետ, որը տվել է գնահատական Հայաստանի հավաքականի մասնակցությանն Օլիմպիական խաղերում:

Բարձր արդյունավետությամբ ՕԽ-ն

Լուսանկարը` Reuters


«Անկախ Հայաստանը 7-րդ անգամն էր մասնակցում Օլիմպիական խաղերի: Ինչպես Ռիոյում, Տոկիոյում եւս նվաճեցինք չորս մեդալ, ավելին եղել էր միայն Պեկինում՝ 5: Որակի առումով Տոկիոն 3-րդն է՝ Ռիոյից ու Ատլանտայից հետո, քանի որ այնտեղ ոսկե մեդալներ ենք ունեցել:

17 մասնակցից 4-ը դարձավ մեդալակիր ու 4-ն էլ տարբեր մարզաձեւերից, սա մոտ 22 տոկոս արդյունավետություն է, ինչը բավական բարձր է: Իհարկե, ոսկու իրական ակնկալիք ունեինք, բայց որ չկա, համակերպվել ու ընդունել է պետք:

Եթե այլ մարզիկների խանգարեց միայն կորոնավիրուսը, ապա մեզ վրա ծանր անդրադարձավ նաեւ պատերազմը: Պարզ էր, որ դրանից հետո չէինք կարող լիովին պատրաստված հավաքական ուղարկել Օլիմպիական խաղեր:

Լուսանկարը` Reuters


Թեպետ նախարարությունը թիմերի համար արել է ամեն ինչ՝ հավաքներ, մրցաշարերի մասնակցություն, բազաների հարցերի լուծում: Նույնիսկ առաջարկել ենք վերջին մարզումներն անցկացնել հեռավոր արեւելքում, բայց մերժել են: Բացի այդ, իրականացրել ենք հոգեբանական, բժշկական ծրագրեր, դեղերի ու վիտամինների մեծ քանակ ենք ապահովել բոլորի համար:

Մինչ խաղերը եղած խնդիրներից կառանձնացնեմ մարզադահլիճները, սա շատ լուրջ հարց է: Դժվար է անընդհատ Ծաղկաձորում լեռնային հավաք անել, հետո իջնել Երեւանի Օլիմպավան ու անընդհատ նույն պրոցեսը կրկնել:

Մեդալակիրների ելույթները

Լուսանկարը` Մեդիամաքս


Սիմոն Մարտիրոսյանի պարագայում եւս մարզադահլիճի ու ծանրաձողերի հարցեր կային, բայց ամեն դեպքում նրան ժամանակը թույլ չտվեց, որ իդեալական վիճակում մասնակցեր խաղերին:

Բնականաբար, բոլոր մարզիկներն իրենց պիկին հասել էին նախորդ տարի ու խաղերի հետաձգումն ազդեց նրանց վրա: Սիմոնի պարագայում գումարվեց նաեւ վնասվածքը, ԵԱ-ում 0 ստացավ ու ընդամենը չորս ամիս ուներ պատրաստվելու համար: Ծանրորդի համար սա քիչ ժամանակ է, նրան անհրաժեշտ էր առնվազն վեց ամիս, չնայած ես կարծում եմ, որ այդ խնդիրը կարելի էր արագ լուծել: Ապա եղավ այդ չարաբաստիկ ավտովթարը, որը հոգեբանորեն շատ ազդեց նրա վրա:

Սիմոնը ոսկու իրական հավակնորդ էր, բայց նրան մեղադրել պետք չէ: Հարկավոր է անել հետեւություններ, նայել առաջ ու աշխատել այնպես, որ հետագայում այլեւս բացթողումներ չանենք:

Լուսանկարը` Մեդիամաքս


Արթուր Ալեքսանյանն Օլիմպիական չեմպիոն է ու Տոկիոյում եւս առաջին տեղին էր հավակնում: Շատ լավ մասնակցեց ու հասավ եզրափակիչ, որտեղ անկասկած մրցավարական բացթողումներ եղան: Ամեն դեպքում, Արթուրը գերազանց դրսեւորեց իրեն ու արծաթե մեդալակիր դարձավ:

Լուսանկարը` Մեդիամաքս


Ֆանտաստիկ մարզավիճակում էր Հովհաննես Բաչկովը, վստահ եմ, որ նա դեռ շատ լավ ելույթներ է ունենալու: Տպավորիչ հաղթանակներ տարավ, հիանալի ոճով առավելության հասավ Աշխարհի նախկին չեմպիոն ադրբեջանցի բռնցքամարտիկի նկատմամբ, ոչ մի շանս չտվեց ուզբեկ մրցակցին: Կիսաեզրափակչում չկարողացավ իր ոճը թելադրել ԱՄՆ-ի ներկայացուցչին, ընկավ նրա տեմպի տակ, որը սադրանքներով էր զբաղվում ու կեղտոտ մարտ վարում, բայց սիրողական բռնցքամարտում դա անցնում է: Ես համոզված եմ, որ Հովհաննեսը եթե նախորդ մենամարտերի պես հավաքված ու շատ կենտրոնացած լիներ, հաստատ նրա արգելքը կհաղթահարեր:

Լուսանկարը` Մեդիամաքս


Հիանալի դրսեւորեց իրեն Արթուր Դավթյանն ու 41 տարվա դադարից հետո մարմնամարզությունում մեդալ ապահովեց մեզ համար: Օլիմպիական երեք չեմպիոն ունենք, նա էլ հիմա բրոնզ բերեց: Շատ մոտ էր ավելի բարձր կարգի մեդալի, ընդամենը 0,05  միավոր զիջեց, ցավալի էր իհարկե: Բայց եթե Արթուրն եզրափակչում որակավորման փուլի 2-րդ ցատկի պես կատարեր վարժությունը, հաստատ ոչ մի շանս չէր տա մրցակիցներին:

Ես վստահ եմ, որ նրան տեսնելու ենք Փարիզում՝ իր 4-րդ խաղերում, որը միգուցե նաեւ հաղթական կլինի: Բացի այդ էլ մարմնամարզությունում շատ լավ մարզչական թիմ է հավաքվել, հեռանկարային երիտասարդներ կան: Խոսել ենք նաեւ նոր մարզադահլիճի մասին, եթե գույք եւս կարողանանք տեղադրել, ապա արդյունքները շատ-շատ ավելի լավը կդառնան:

Մյուս մարզաձեւերի գրանցած արդյունքները

Լուսանկարը` Reuters


Լողորդներից մենք մեդալներ չէինք ակնկալում, բայց Արթուր Բարսեղյանը բավական լավ մասնակցեց, Հայաստանի ռեկորդ սահմանեց, իր ութնյակի մեջ գրավեց 2-րդ տեղը, իսկ ընդհանուր հաշվարկով առաջ անցավ երկու տասնյակից ավել լողորդներից: Պետք է հասկանանք, թե ինչպես ենք շարունակելու նրա հետ աշխատանքը, գուցե արտասահման ուղարկենք մարզվելու՝ Ռուսաստան, Ավստրալիա, Հոլանդիա կամ ԱՄՆ, լողի առաջատար ու ավանդույթներ ունեցող երկրներ: Այս չորսից մեկի հետ կփորձենք համագործակցել, ու Արթուրը մյուս խաղերին հաստատ ավելի լավ վիճակում կլինի:

Վատ չկրակեց Էլմիրա Կարապետյանը: 18-րդ տեղը զբաղեցրեց, բայց միավորներով շատ մոտ էր լավագույններին:

Լուսանկարը` Մեդիամաքս


Լեւոն Աղասյանն իր հնարավորություններից թույլ մասնակցեց, ես նրանից ավելին էի ակնկալում: Լեւոնը շատ նպատակամղված ու չհանձնվող բնավորություն ունի, սպասում եմ, որ նա կկարողանա ապագայում ավելի բարձր արդյունքներ ապահովել: Աթլետիկայում մենք միայն եռացատկով չպետք է բավարարվենք, սպասում ենք Արտաշատի մարզադաշտի վերակառուցմանը, դրանից հետո հուսանք արդյունքները կբարելավվեն:

Ցավոք, բայց ձյուդոյում լավ օրեր չենք ապրում: Մարզիկների պակաս չկա, բայց որակի առումով նրանք խիստ զիջում են: Ընդամենը մեկ հոգով Օլիմպիական ամբողջ ցիկլը կառուցելը շատ սխալ է: Այստեղ մեծ աշխատանքներ ունենք անելու:

Փոփոխություններ, նոր մարզադահլիճներ ու միջազգային կառույցներում ներգրավվում

Լուսանկարը` Reuters


Ֆեդերացիաները հասարակական կազմակերպություններ են, իսկ պետությունն իրավունք չունի միջամտել նրանց գործերին: Բայց մենք համագործակցում ու պահանջում ենք կատարել համապատասխան քայլեր իրենց աշխատանքը կարգավորելու համար: Ֆինանսական օժանդակություն ենք տալիս ու իրավունք ունենք հսկել նրանց աշխատանքը: Դրա համար բոլոր ֆեդերացիաներին տեղեկացրել ենք, որ արագ ներկայացնեն իրենց ծրագրերը: Հանդիպումներ եմ ունեցել խաղերում մասնակից ունեցածների ու նրանց հետ, ովքեր կարող էին ունենալ՝ ջրացատկ, նետաձգություն ու սուսերամարտ:

Սեպտեմբերին Կազանում կայանալիք ԱՊՀ խաղերի ժամանակ հանդիպելու եմ Ռուսաստանի սպորտի փոխնախարարի հետ ու համագործակցության հուշագիր ենք ստորագրելու: Այն ներառելու է մարզիչների, մրցավարների, տեխնիկական աշխատողների վերապատրաստում, համատեղ ուսումնամարզական հավաքներ, համագործակցություն բժշկության ու հակադոպինգային ոլորտներում:

Լուսանկարը` Մեդիամաքս


Աշխատում ենք նաեւ միջազգային ֆեդերացիաների հետ, որոնք պատրաստ են մասնագետներ ուղարկել մեզ մոտ: Օգտվելով ձեզ հետ զրույցից՝ դիմում եմ մեր այն երիտասարդներին, ովքեր տիրապետում են անգլերեն, ֆրանսերեն լեզուներին եւ ունեն սպորտային գիտելիքներ, թող կապվեն մեզ հետ: Ես պատրաստ եմ քննարկել միջազգային ֆեդերացիաներ նրանց գործուղելու հարցը, այնտեղ կվերապատրաստվեն, պրակտիկա կանցնեն ու իրենց լավ դրսեւորվելու դեպքում կմնան ու կաշխատեն: Սպորտային կառույցներում ներկայացուցիչներ ունենալը մեզ շատ է պետք, որպեսզի բացառենք Հայաստանի հանդեպ անարդարացի գործողությունները:

Լուսանկարը` Մեդիամաքս


Այժմ ծրագրեր ենք ներկայացրել բոլոր մարզերում դահլիճների նորոգման համար: Պետք է հագեցնենք մարզահամերգային համալիրը, Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցը կառուցվում է, Սիմոն Մարտիրոսյանի դպրոցի նախագիծը հաստատվել է, մարմնամարզության նախագիծը կդրվի քննարկման: Եթե այս բոլորը կարճ ժամկետներում իրագործենք, ապա կկարողանանք առաջ շարժվել»:

Գոհար Նալբանդյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին