Դեկտեմբեր 22, 2024
exclusive
16852 դիտում

Ռոստոմյան. Ուրախալի է, որ մեդալներ ունեցանք տարբեր մարզաձեւերում


Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Pan.am

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Տոկիոյի Օլիմպիական խաղերում Հայաստանը 4 մեդալ նվաճեց նույնքան մարզաձեւերում:

ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը Mediamax Sport-ի համար ամփոփել է հայ մարզիկների ելույթները, խոսել բացթողումների ու 2024-ի խաղերից առաջ անելիքների մասին:

Գոհացնող արդյունքները

«Տոկիոյի Օլիմպիական խաղերի արդյունքները ՀԱՕԿ-ը բավարար է գնահատում: Սպորտում գերազանց կամ շատ լավ հազվադեպ է լինում, քանի որ միշտ էլ հնարավոր է ավելին անել: Սակայն պետք է Տոկիոյում գրանցած արդյունքներին օբյեկտիվորեն մոտենալ, կարող էինք շատ ավելիին հասնել, բայց այս պահին 4 մեդալ ունենք:

Հաշվի առնելով վերջին 1,5 տարվա ընթացքում Հայաստանում տիրող իրավիճակն ու այն տարատեսակ արհավիրքները, որոնք մեր գլխին թափվեցին, իհարկե, նորմալ են ցուցանիշները:  

Լուսանկարը` Մեդիամաքս


Մեդալների քանակն էլ կանխատեսելի էր, ՀԱՕԿ-ի նախագահն էլ նշել էր, որ 3-5 մեդալ ենք ակնկալում, եղավ չորսը: Կարապետ Չալյանն էր մեդալին մոտ, բրոնզի համար պայքարեց, բայց նրան վերջին պահին ինչ-որ բան չբավականացրեց:

Նրա ռեալ շանսը կիսաեզրափակիչն էր, հանգիստ պետք է անցներ ու մեդալ ապահովեր, բայց չստացվեց: Մեդալ նվաճելու շանս ուներ նաեւ Արման Դարչինյանը, պարզապես հարված բաց թողեց, ինչն էլ որոշիչ եղավ:

ՀԱՕԿ-ի համար շատ կարեւոր ու ուրախալի է, որ մեդալներ ունեցանք 4 տարբեր մարզաձեւերում: Վերջին 3 խաղերում հիմնականում ծանրամարտում եւ ըմբշամարտում էին եղել հաջողությունները: Մեծ ձեռքբերում էր, որ այս անգամ մեդալակիրներ եղան նաեւ մարմնամարզությունում ու բռնցքամարտում: Դա եւս մեկ անգամ ապացուցեց, որ տարբեր ձեւերում տարվող աշխատանքներն ու ուշադրությունն իրենց պտուղները տալիս են:

Լուսանկարը` Մեդիամաքս


Մենք մատների արանքով ենք նայում այն հանգամանքին, որ խաղեր մեկնած բոլոր մարզիկներն իրենք են ուղեգրեր նվաճել, դա նույնպես շատ կարեւոր է: Օրինակ, լողում Արթուր Բարսեղյանը 71 մասնակիցներից միջին արդյունք ցույց տվեց`գրավելով 38-րդ տեղը: Եթե 4, առավելս եւս՝ 8 կամ 12 տարի հետ գնանք, կտեսնենք, որ մինչ այդ խաղերում միայն սպիտակ քարտերով էինք մասնակցում ու բավարարվում վերջին տեղերով:

Մի քիչ ավելին էի սպասում եռացատկորդ Լեւոն Աղասյանից, դեռ չենք քննարկել, թե ինչն է նրան խանգարել լավ ելույթ ունենալ: Անհրաժեշտ է նկատել, որ առաջընթաց ունենք բոլոր մարզաձեւերում: Բոլորն էլ մեծ պայքարում ձեռքբերված արդյունքներ էին:

Բացթողումները

Օլիմպիական խաղերին 4 տարի ես պատրաստվում, չես կարող այդ ցիկլից 1,5 տարի դուրս մնալ ու վերջին 6 ամսում փորձել ամեն ինչ տեղը գցել: Տարեսկզբին ձեզ հետ զրույցում ես տարբեր խնդիրների մասին եմ մանրամասնել, բայց միեւնույն ժամանակ նշել էի, որ առիթը չենք օգտագործում դրանք որոշ մարդկանց վրա բարդելու համար:

Խնդիրներ ու բացթողումներ ունեինք ու գիտեինք, որ դրանք զգացնել կտան: Ասել էի, որ կունենանք նույնքան մեդալ, որքան Ռիոյում, պարզապես որակապես կզիջենք, այդպես էլ եղավ: Սպորտում բոլոր դետալները պետք է ժամացույցի պես համահունչ աշխատեն, դա է հաջողության հասնելու առաջնային պայմանը:

Սպորտը կանխատեսելի է, շատ արդյունքներ հնարավոր է նախապես իմանալ: Վերցրեք վերջին 2 տարվա ընթացքում երիտասարդների գրանցած ցուցանիշներն ու կհասկանաք, թե 2024-ի Փարիզի Օլիմպիական խաղերում նրանց հետ ինչպիսի հույսեր կարող ենք կապել:

2024-ի հետ կապված շատ մեծ խնդիր ունենք, քանի որ այդ ցիկլում սպորտի անընդհատությունը խաթարվել է: Ամեն դեպքում կպայքարենք, որ լավ լինի, թեեւ բարդությունների էլ կհանդիպենք: Եղած մարզիկներով թիմ կհավաքվի, բայց հաջորդին արդեն նոր սերնդի կարիք կունենանք:

Լուսանկարը` Մեդիամաքս


Եթե ճիշտ աշխատենք ու թիրախ ընտրենք 2028-ի Լոս Անջելեսի խաղերը, արդյունքի կհասնենք: Լավ երիտասարդ մարզիկներ ունենք, բայց ամեն ինչին ռեալ նայենք, նրանք լիովին պատրաստ կլինեն 2028-ի համար: Մոտ 3 խաղեր կայուն մասնակիցներ կունենանք:

Մարզաձեւերի աճը

Մարզաձեւերի զարգացման ուղղությամբ ներդրումներ արեցինք ու արդյունքները տեսանք: Ջրային ձեւերի հետ կապված լուրջ խնդիր ունենք, 90-ականներին բոլոր լողավազանները փակվեցին: Մասնագիտացված մարզադպրոցներ չունենք, գործում է միայն Դավիթ Համբարձումյանի անվան լողավազանը, որտեղ որքան հնարավոր մարզաձեւեր կարողացել, խցկել ենք:

Ջրացատկն աստիճանաբար զարգանում է, մի քանի տարի առաջ այն շատ վատ վիճակում էր, հիմա տեղաշարժ կա: Ջրացատկում լավ մասնագետներ ունեինք, նրանց աշխատավարձը կարգավորեցինք ու սկսեցինք հավաքներ կազմակերպել: Այդ երկուսի համադրությունն էլ արդյունք տվեց: Հետագայում կփորձենք ուժերը համադրել ու սպորտի նախարարության հետ որոշակի աշխատանքներ տանել:

Լուսանկարը` Pan.am


Օլիմպիական խաղերում նորամուտը նշած մարզաձեւերից ժայռամագլցումն ու սքեյթբորդինգը որպեսզի մեզ մոտ զարգացնենք, մասնագետներ են պետք ու ֆինանսական նոր ներդրումներ:

Նաեւ արտերկրից մասնագետ է պետք բերել, որ նա մերոնց վերապատրաստի, բայց դա շատ ծախսատար է ու այս պահին մեզ թույլ տալ չենք կարող: Դեռ ուզում ենք հրաձգության գոնե 2 մասնաճյուղ բացել, այդ հարցը քննարկման փուլում է:

Մարմնամարզության միայն 2 մարզադպրոց ունենք, նման պայմաններում համաշխարհային մեդալ ենք բերել, ոչ մեկը չի հարցնում, թե ինչպես է դա մեզ հաջողվել:

Մեր նպատակն է ամրապնդել ու զարգացնել այդ ձեւերը, հետո մտածել նորերի մասին: Ավելի լավ է 7-8 մարզաձեւեր ունենանք, որոնք մեդալ կապահովեն:

Պետք է ինչ-որ բանից սկսել ու զարգացնել սպորտը, եթե նստենք ու սպասենք, ոչինչ էլ չի փոխվի:

Լուսանկարը` Մեդիամաքս


Օլիմպիականների պարգեւատրումը

Իրավիճակը սահմաններին շարունակում է լարված լինել, նոր զոհեր ունենք, դրա համար էլ նպատակահարմար չէ հատուկ միջոցառում կազմակերպել: Տարեվերջին պարգեւատրում կանցկացնենք, մարզիկներն ըստ իրենց արդյունքների գումարներ կստանան:

Ցանկացած ազգային գործի դեպքում, եթե բոլորի համատեղ ուժերի ներդրում չլինի, չեմ կարծում հնարավոր կլինի բաղձալի արդյունքի հասնել: Սպորտը զարգացնելու համար ՀԱՕԿ-ն ու նախարարությունը պետք է միասին ջանքեր գործադրեն:
 
Հստակ պետք է իմանալ, թե ով ինչի համար է պատասխանատու: Պետք է երկարաժամկետ ու կարճաժամկետ ճանապարհային քարտեզ ունենալ եւ դրանով առաջ շարժվել: Այդ պարագայում բավական տեղաշարժ կունենանք»:


Հասմիկ Բաբայան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին