Դեկտեմբեր 22, 2024
exclusive
23275 դիտում

Հրաչյա Ռոստոմյան. ԿԳՄՍ-ն ձախողել է սպորտը ու ոլորտն ամբողջովին քանդել

Լուսանկարը` Photolure


2020 թվականը ծանր էր սպորտի համար: Կորոնավիրուսի պատճառով հայ մարզիկներն երկար ժամանակով զրկվեցին հավաքներից, հետաձգվեցին բոլոր առաջնությունները:

Mediamax Sport-ը զրուցել է Հայաստանի ազգային Օլիմպիական կոմիտեի (ՀԱՕԿ) գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանի հետ ու փորձել պարզել, թե ինչու ձախողվեց մարզումային ծրագիրը, ինչու են լարվել ԿԳՄՍ-ի հետ հարաբերություններն ու Օլիմպիական խաղերի չեղարկումն ինչ հետեւանքներ կունենա:

- Պարոն Ռոստոմյան, 2020 թվականն ամեն առումով վատ դասավորվեց նաեւ սպորտի համար, չեղան մարզումներ ու մրցումներ: ՀԱՕԿ-ի կողմից աշխատանքային պասիվություն էր նկատվում: Ի՞նչ եք արել ողջ տարվա ընթացքում:

- ՀԱՕԿ-ն իր գործառույթները մաքսիմալ կերպով իրականացրել է: Երբ որոշվեց  Օլիմպիական խաղերը հետաձգել մեկ տարով, մեր աշխատանքները եւս հետաձգվեցին: Եթե մրցումներ չեն եղել, բնականաբար, որեւէ գործառույթ չէինք կարող ունենալ:

Լուսանկարը` Photolure


- Բայց գրեթե ողջ տարին կորոնավիրուսի պատճառով մարզումներ չեղան: Ի՞նչ եք արել այդ ուղղությամբ:

- Սկզբից բոլորս էլ անակնկալի եկանք, հետո մտածեցինք, որ դադարն երկար չի տեւի: Բայց քիչ ժամանակ անց զգացինք, որ անհասկանալի երեւույթ է տեղի ունենում եւ ապրիլին ահազանգեցինք ԿԳՄՍ նախարարին ու փոխնախարարին: Անձամբ ես քննարկումներ եմ ունեցել փոխնախարար Գրիշա Թամրազյանի հետ, ինչից հետո նա ասաց, որ կորոշեն ու կտեղեկացնեն մեզ: Առաջարկում էինք մարզաբազաները վերածել փակ գոտու, բոլոր մարզաձեւերի ներկայացուցիչներին թեստավորել ու հավաքներ կազմակերպել: Այդ առաջարկն ընդգրկում էր նաեւ պատանի ու երիտասարդ մարզիկներին: Հետո հավաքների անցկացման վայրերը ռոտացիոն կարգով կփոխվեին՝ Ծաղկաձորից կտեղափոխվեին Երեւան, մյուսները Երեւանից կգնային Աբովյան, ու այդպես ողջ պրեցեսն անխափան կաշխատեր:

Նաեւ մարզիչներին դիմեցի, որ անընդհատ նախարարություն գնան ու հետամուտ լինեն հարցի լուծմանը, որովհետեւ, եթե պատանի-երիտասարդ-մեծահասակ կապը քանդվեր եւ մարզումներ չլինեին, ամեն ինչ ջուրն էր գցվելու: Ցավոք, ԿԳՄՍ-ից այդպես էլ ոչ մի արձագանք չեղավ:
 
- Այլեւս կապ չհաստատեցի՞ք ԿԳՄՍ-ի հետ:

- Ես երեք անգամ առաջարկ եմ արել ու միայն լսել եմ «կքննարկենք, տեսնենք ինչ կլինի» պատասխանը: Մեղմ ասած՝ բանի տեղ չդրեցին: Հարկավոր էր ուղղակի աշխատել, ռեստորանում մարզիկների հետ հաց ուտելով ու սելֆի անելով՝ սպորտ չի զարգանում:

Լուսանկարը` ԿԳՄՍ


- Այն, որ ՀԱՕԿ-ի ու ԿԳՄՍ-ի միջեւ լարվածություն կա, ակնհայտ է: Երբվանի՞ց առաջացավ ճեղքումը եւ ո՞վ է մեղավոր:

- Երեւի 2019-ին: Երբ մարզիկի մոտ որեւէ բան չի ստացվում, փորձում է ուրիշի վրա գցել, օրինակ՝ մրցավարն է մեղավոր, դահլիճը խանգարեց կամ վատ քունը: Ոչ ոք չի ասում, իսկ միգուցե լավ չէի՞ պարապել: Հիմա սպորտը ԿԳՄՍ-ն ձախողել է ու ոլորտն ամբողջովին քանդել:

ՀԱՕԿ-ը զբաղվում է Օլիմպիական խաղերով ու ՄՕԿ-ի հովանու ներքո անցնող մրցաշարերով: Մարզադպրոցները, ֆեդերացիաները, Հայաստանի առաջնությունները նախարարության վերահսկողության դաշտում են: Այս մեկ տարվա ընթացքում մարզադպրոցները գրեթե չեն գործել․ եթե երեխաները չեն մարզվում, ինչպե՞ս կարող են պրոֆեսիոնալ դառնալ: Տանը ֆիզկուլտուրա պարապելով՝ մարզիկ չեն դառնում:

-Պարոն Ռոստոմյան, ինչո՞ւ ժամանակին չէիք բարձրաձայնում այս ամենը:

- Խնդիրներ տարբեր տարիներին միշտ էլ եղել են, բայց ես դրանք փորձել եմ լուծել ներսում ու առանց հանրայնացնելու: Այս անգամ էլ հույսով սպասել եմ, որ կփոխվեն ու կսկսեն աշխատել, բայց ամեն ինչ տարան ձախողման: Հիմա ունենք կազմալուծված ու քանդված համակարգ, որը վերականգնելու համար հարկավոր է 3-4 տարի: Ձեռքբերում եմ համարում, որ կառուցել էինք համակարգ՝ կապ չուներ, թե ով էր նախարարը, այն առանց կանգնելու ու հստակ աշխատում էր: ՀԱՕԿ-ն ու նախարարությունը միասին գործում էին պատանի-երիտասարդ-մեծահասակ կապը պահպանելու ուղղությամբ, ինչի շնորհիվ էլ մեդալներ էին լինում: Հիմա այդ ամենը չկա:

Լուսանկարը` Մեդիամաքս


-Ինչո՞ւ քանդեցին, չէի՞ն տիրապետում սպորտի ոլորտին, թե՞ չէին ցանկանում աշխատել, կամ միգուցե չե՞ն կարողացել:

- Երեւի բոլորն էլ: Պետք է նաեւ հասկանալ, թե ինչ խնդիր են ունեցել իրենց առջեւ դրված: Իսկ այն, իմ կարծիքով, ինձ ու ՀԱՕԿ-ը սեւացնելն էր, մարզիկներին «իմ»-ի ու «քո»-յի բաժանելը: Սպորտը, ի տարբերություն այլ ոլորտների, բոլորինս է, այն ներքին հակառակորդ չունի, մեր մրցակիցները դրսում են: Այսօր սպորտ, խոշոր առումով, չունենք: Ցավոք, որոշ մարզիկներ իրենց դեմքը կորցրին: Կա մի իրավիճակ, երբ նրանք զբաղվում են ամեն ինչով, բացի սպորտից, ինչին, հասկանալով կամ առանց հասկանալու, նպաստեց գործող իշխանությունը:

- Ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքը ո՞րն է:

-Պետք է ունենալ կամք, հստակ ծրագիր, համակարգը վերականգնել ու նայել դեպի 2028 թվական:

-Այսինքն, Տոկիոյի Օլիմպիական խաղերից մեծ ակնկալիքներ ունենալ չե՞նք կարող:

- Անկեղծ ասած՝ չեմ կարող ասել, թե ինչպիսի մասնակցություն կունենանք, նույնիսկ չգիտեմ, թե քանի մասնակից կլինի Տոկիոյում, եթե դրանք տեղի ունենան: Չմարզվելը, մրցաշարերի չմասնակցելը շատ խնդիրներ է ստեղծելու: Բայց, անկախ ամեն ինչից, վարկանիշ ձեռք բերած մարզիկներին միշտ համարել եմ մեդալի թեկնածուներ: Հիմա չգիտեմ, թե ինչպիսի մարզավիճակում են նրանք, երբ մրցաշարեր կլինեն ու նրանց կտեսնենք գործի մեջ, նոր կարող եմ խոսել մեդալների ակնկալիքից։

Լուսանկարը` Olympic.org


- Իսկ ինչո՞ւ չգիտեք, չե՞ք շփվում նրանց հետ: Չէ՞ որ առաջ հաճախ էիք հետեւում հավաքների ընթացքին:

- Նախկինում գրեթե ամեն օր էի շփվում մարզիկների հետ, իսկ հիմա չեմ հիշում, թե երբ եմ վերջին անգամ հանդիպել: Գիտեք, կան արժեքներ, հարաբերություններ, որոնք պետք է ոչ մի բանով չփոխել, որովհետեւ հակառակ դեպքում ինչ-որ բան կոտրվում է: Յուրաքանչյուր մարդ հարաբերություններում չի ուզում խաբված լինել: Թե ես, թե ՀԱՕԿ-ը շարունակելու ենք անել մեր աշխատանքը, ուղղակի կան բաներ, որոնք չէի ցանկանա, որ լինեին: Ես էլի իմ տեղում եմ, բայց արդյո՞ք բոլորն են իրենց տեղում: Իրականում մեծ ցավով եմ խոսում, հեշտ չի այս ամենն ինձ համար:

- ԿԳՄՍ-ն նոր փոխնախարար ունի: Ի՞նչ կբերի Կարեն Գիլոյանն ու կկարողանա՞ դրական փոփոխությունների հասնել:

- Գիլոյանն իմ ընկերն է, արդեն 20 տարի է գիտենք իրար: Երբ ծանոթացանք, նա նոր էր Հ1 տեղափոխվել, ես էլ 15 տարեկան էի ու մեծահասակների Հայաստանի բասկետբոլի առաջնությունում էի խաղում: Գիլոյանը սպորտին լավ ծանոթ է ու ամեն ինչին ներսից է տեղյակ։ Միանշանակ, ամեն ինչ կանի փոփոխությունների հասնելու համար:

Նախարար Վահրամ Դումանյանի հարցազրույցներից հասկացել ենք, որ սպորտի հետ այնքան էլ առնչություն չունի, բայց լավ է, որ ոլորտից հասկացող մարդու են ընտրել փոխնախարարի պաշտոնում: Կարծում եմ, դրական տեղաշարժեր կլինեն, եւ ՀԱՕԿ-ը կփորձի ԿԳՄՍ-ի հետ հարաբերությունները վերականգնել: Բայց այս Օլիմպիական խաղերի արդյունքների պատասխանատվությունը մնալու է ԿԳՄՍ-ի նախկին ղեկավարության վրա:

Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


- Քանի որ եւ Դուք, եւ Գիլոյանը մտահոգված եք սպորտում տիրող իրավիճակով, համագործակցության ի՞նչ եզրեր կփորձեք գտնել:

- Ինչպես առաջ, հիմա եւս պատրաստ ենք աշխատել ի նպաստ մեր երկրի ու հայկական սպորտի: Հավատացեք՝ Տոկիոյում մեդալները կամ դրանց բացակայությունը ոչ թե մերն է լինելու, ԿԳՄՍ-ինը, կամ կառավարությանը, այլ Հայաստանի Հանրապետությանը: Արտերկրում ոչ ոք չգիտի ու նրանց չի էլ հետաքրքրում, որ հակասություններ կան, ու մեր կառույցները միմյանց հետ չեն շփվում:

Իսկ Գիլոյանի հետ բավական հարցեր ենք քննարկել, մասնավորապես՝ սպասվող վարկանիշային մրցաշարերին մասնակցությունը, նախապատրաստական ճիշտ աշխատանքները, որոնք վերաբերում են դեղորայքային, հոգեբանական ու մարզումային պատրաստվածությանը:

- Կարծում եք երկու կառույցների արդյունավետ աշխատանքի արդյունքում հնարավոր կլինի՞ շոշափելի տեղաշարժերի հասնել:

- Ես ու Գիլոյանն ինչ էլ փորձենք անել, բավական ուշացել ենք, իսկ եթե հստակ աշխատանքներ չտանենք միջազգային ֆեդերացիաների հետ ու որոշակի գործողություններ չկատաարենք, մոռացեք մեդալների մասին: Ամեն ինչը ջանքեր է պահանջում:

Պետք է իրատեսական գնահատել իրականությունը: Կտեսնեք, եթե, Աստված չանի, Օլիմպիական խաղերը չկայանան, մարզիկների շրջանում մեծ արտագաղթ է լինելու: Եթե տարիների ընթացքում ասում էի, որ սպորտը միակ ոլորտն է, որտեղ ներգաղթ է տիրում, հիմա հակառակն է սպասվում: Տարբեր մարզաձեւերի 10-15 լավագույնները շատ արագ հեռանալու են այլ երկրներ:

Պատանեկան ու երիտասարդական թիմերը մեկ տարի է նորմալ հավաքներ չեն անցկացրել, ընդհանրապես ոչինչ չի արվել: Այս ամենի հետեւանքները մի քանի տարի անց կզգանք, երբ ազգային հավաքականները որակյալ կադրերի պակաս կունենան:

Լուսանկարը` Անձնական արխիվից


- Եթե կորոնավիրուսով պայմանավորված նորից սրացում լինի, այս անգամ սպորտը կկարողանա՞ դիմակայել մարտահրավերներին ու շարունակել մարզումները:

- Ինչպես նշեցի, մարզաբազաներում՝ Ծաղկաձորի, Աբովյանի, Օլիմպավանում, Գյումրիի ու Երեւանի հերթափոխի քոլեջում, կարելի է կարանտինային գոտի ստեղծել ու կազմակերպել մարզումային գործընթացը: Հույս ունեմ, որ այս անգամ ԿԳՄՍ-ն կարձագանքի մեր առաջարկին:

- Պարոն Ռոստոմյան, Օլիմպիական խաղերի հետաձգումն ի՞նչ վնաս բերեց մեզ՝ կոմիտեին ու մարզիկներին: Ու հետեւանքներն այս մեկ տարվա ընթացքում ինչպե՞ս վերացնել:

- Վնասներն ու հետեւանքները դեռ շատ կզգանք: Կյանքը շարունակվում է, պարզապես պետք է սթափ գնահատել ամեն ինչ, հստակ ծրագիր ու վերջնանպատակ դնել եւ շարժվել առաջ: Միշտ ասում էի, որ ամեն հաջորդ խաղերին պետք է մասնակցել ոչ վատ, քան նախորդին: Հիմա կասեմ՝ ոչ վատ, քան Ռիոյում: Դա արդեն իսկ իդեալական կլինի, եթե կարողանանք նման արդյունքի հասնել: Դժվար է կանխատեսումներ անել, շատ անորոշություններ կան:

Լուսանկարը` Olympic.org


- Նախորդ տարի ՄՕԿ-ը պարբերաբար տեսակապի մեջ էր ազգային օլիմպիական կոմիտեների հետ ու տարատեսակ հարցեր քննարկեց: Ի՞նչ հարցեր էին դրանք:  

-Բոլորին հուզում էր մեկ հարց՝ ինչպե՞ս դուրս գալ ստեղծված իրավիճակից, որն իր հետ ֆինանսական մեծ կորուստներ էր բերել: Մի բան եմ հասկացել, որ բոլորը պարզապես ժամանակ էին վատնում, մինչեւ կարողանային նորից որեւէ բան անել: ՄՕԿ-ը մինչեւ վերջին պահը ցանկանում էր Օլիմպիական խաղերն անցկացնել ու համոզված էր, որ հաղթելու է կորոնավիրուսին: Թոմաս Բախն անգամ վերջին ժողովի ժամանակ պնդում էր, որ դրանք կայանալու են: Նա համոզված էր, որ խաղերը 2020-ին պետք է անցկացնել, ու ես նրա հետ լիովին համաձայն էի: Դա տարվա միակ խոշոր մրցաշարն էր լինելու, եթե կայանային, ՄՕԿ-ը 1 մլդ դոլարի փոխարեն 30-ը կվաստակեր, դրա համար էլ ոչ ոք չհամաձայնվեց խաղերին: Հույս ունեմ, որ 2021-ին խաղերը ինչ-որ կերպ կանցկացվեն:

- Իսկ ֆինանսական ի՞նչ կորուստներ է ՀԱՕԿ-ն ունեցել նախորդ տարի:

-Մեր գումարի 10-12 %-ը ՄՕԿ-ն է տրամադրում, մնացած 90 %-ը՝ ՀԱՕԿ-ի նախագահը: Ոչ օլիմպիական տարիներին Գագիկ Ծառուկյանը 2,5 մլն դոլար է հատկացնում: 2020-ին ՄՕԿ-ը 30%-ով նվազեցրեց օժանդակությունը: ՀԱՕԿ-ը խնդիրներ չունեցավ աշխատավարձերի վճարման հետ կապված, բայց իրականում պանդեմիան ազդեց ամեն ինչի վրա: Մեր գործընկերները եւս վնասներ են կրել: ՄՕԿ-ից 20 հազար դոլարի դրամաշնորհ է եղել, ինչը մի քանի հավաքների կազմակերպմանն է միայն բավականացնում: Սովորաբար տարեկան 1 մլն դոլարի պարգեւատրում էինք տալիս մարզիկներին, նախորդ տարի չարեցինք, քանի որ մրցումներ էլ չանցկացվեցին:

Լուսանկարը` Photolure


- Ի՞նչ կարգավիճակով ու ի՞նչ կերպ է հայկական սպորտը մտել 2021 թվական:

- Լրիվ մերկ: Մարզական պատրաստվածությունը 10 բալանոց համակարգով 1,2 կգնահատեմ: Մինչեւ վարկանշային մրցումները որոշակի մակարդակի բերել կկարողանանք, բայց գերազանց՝ դժվար թե հաջողվի: Մարզիկները 1 տարի դուրս են մնացել ակտիվ սպորտից, միայն ֆիզկուլտուրայով են զբաղվել, ինչի՞ մասին է խոսքը: Շատ անելիքներ կան, եթե խելքի չգանք, մեդալ նվաճելն էլ խնդիր է լինելու, ես ոսկու մասին չեմ խոսում միայն: Մենք գոնե 5-6 մարզիկ ունեինք, ովքեր կարող էին ոսկի նվաճել, այսօր 1-ին տեղի թեկնածուների անուններ դժվար է նշել:

 -Իսկ չե՞ք համարում, որ մարզիկների համար էլ շատ դժվար է, նրանք էլ մոտիվացիայի պակաս ունեն, կորոնավիրուսի ու պատերազմի պատճառով ընկճված են ու անգամ համոզված չեն, որ ֆինանսական աջակցություն կստանան իրենց նվաճումների համար:

- Խնդիրը մի քիչ այլ տեսանկյունից դիտարկենք: Այն, ինչ միայն ֆինասականի վրա է հիմնված, երկար տեւել չի կարող: Եթե ուզում ես չեմպիոն դառնալ ու պատմության մեջ մտնել, դրանից լավ մոտիվացիա լինել չի կարող: Եթե Սիմոն Մարտիրոսյանը կարող է պատմության մեջ լավագույն 10 ծանրորդների թվում լինել, դրանից առավել ի՞նչը կարող է նրան մոտիվացնել: Նույնիսկ եթե 10 անգամ Աշխարհի առաջնությունում ոսկի նվաճի, բայց չհաղթի Օլիմպիական խաղերում, նույն փառքին չի արժանանա:

- Մյուս տարի ՀԱՕԿ-ի նախագահի ընտրություններն են լինելու։ Անցկացման հստակ ժամկետը կա՞, ու Ծառուկյանը մտադի՞ր է մասնակցել:

-Եթե խաղերն անցկացվեն, ապա ընտրությունները դրանից հետո կլինեն, իսկ եթե ոչ՝ ՄՕԿ-ը ժամկետը կորոշի: Ուրիշ թեկնածուների առաջադրելու մասին տեղեկություն չունեմ, իսկ Ծառուկյանի մասին կխոսենք, երբ ժամանակը գա: Եթե որեւէ մեկը պատրաստ է նրա չափ ներդրումներ կատարել, թող առաջադրվի:

Հասմիկ Բաբայան, Գոհար Նալբանդյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին