Դեկտեմբեր 24, 2024
exclusive
54139 դիտում

Հայաստանի Օլիմպիական հավաքական. Արման Դարչինյան


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Ծնվել է. 30.04.1994 թ-ին Վանաձորում

Մարզաձեւը. Բռնցքամարտ (75 կգ)

Ավարտել է. Վանաձորի մանկավարժական համալսարանի ֆիզկուլտուրայի բաժինը

Անձնական մարզիչ. Բագրատ Ավոյան

Ընտանեկան դրությունը. Ամուսնացած է, ունի մեկ աղջիկ՝ Լուիզան

Լուսանկարը` Մեդիամաքս


Բռնցքամարտիկների ընտանիքում. Մեր տանը միշտ բռնցքամարտից են խոսել: Վիկ Դարչինյանից բացի նաեւ մյուս հորեղբայրս՝ Ալբերտ Դարչինյանն է բռնցքամարտով զբաղվել: Մեր թաղամասում բռնցքամարտի դպրոց կա, տղաների մեծ մասը մարզվում էր: Ես էլ այնտեղ Լեռնիկ Պապյանի մոտ սկսեցի առաջին քայլերս: Այդ ժամանակ իմ ողջ միջավայրն էր բռնցքամարտային ու, կարելի է ասել, նաեւ բռնցքամարտն ընտրեց ինձ:

Վիկ Դարչինյանը. Երբ 2004-ին ես առաջին քայլերս էի անում, Վախթանգն արդեն հաջողությունների էր հասել ու Աշխարհի չեմպիոն դարձել: 2011-ին նրա հետ Ծաղկաձորում հավաքի եմ մասնակցել, որից հետո ֆիզիկական տվյալներս կտրուկ աճեցին: Մենք միշտ կապի մեջ ենք, նա ինձ անընդհատ օգնում է:

Առաջին տպավորությունները. Դեռ 10 տարեկանս չէր լրացել, երբ սկսեցի մարզվել: Ես գիրուկ երեխա էի, հակառակորդներս էլ բարձրահասակ էին ինձնից, դրա համար սկզբից մի քիչ դժվարությունների հանդիպեցի: Հետո նիհարեցի, բոյ քաշեցի ու կամաց-կամաց ամեն ինչ տեղն ընկավ:

Լուսանկարը` Մեդիամաքս


Հարվածներ ստանալու ցավը. Փոքր տարիքից սիրում էի բռնցքամարտ նայել, բայց երբ սկսեցի մարզվել ու հարվածներ ստանալ, այն այդքան էլ դուր չեկավ: Այդ տարիքում հայրիկիս ասում էի, որ լավ չեմ ինձ զգում ու չեմ գնալու մարզման: Նա էլ պատսխանում էր՝ լավ, ինչպես կուզես: Շատ էի ցանկանում, որ այդ պահերին բարկանար ու տաներ դահլիճ: Այդ խոսքերից շատ էի ազդվում ու թասիբի ընկած գնում էի մարզման: Հետո մրցակցությունը, պայքարը, ուժեղանալու ձգտումն սկսեցին ինձ գրավել, ու մնացի բռնցքամարտում:

Առաջին մրցաշարը. Երեւի 2-3 տարի մարզվելուց հետո արդեն հասկացա, որ ինձ այս ամենը դուր է գալիս: 2009-ին Մոսկվայում առաջին անգամ մասնակցեցի միջազգային մրցաշարի ու գրավեցի 2-րդ տեղը: Դպրոցում բոլորն ասում էին, որ ես գնալու եմ արտասահման մրցման, ես էլ էի շատ ոգեւորվել: Սա մեծ բան էր ինձ համար, լրիվ ուրիշ աշխարհ, նույնիսկ ռինգն էր այլ թվում:

Լուսանկարը` Մեդիամաքս


Միշտ ուղեկցող լարվածությունը. Երբ փոքր էի, մտածում էի, որ ելույթից առաջ եղած լարվածությունը ժամանակի ընթացքում անցնելու է, բայց նման բան տեղի չունեցավ: Ամեն պատասխանատու գործից առաջ էլ մարդիկ լարվում են, առանց դրա հնարավոր չէ, բայց այն պետք է կառավարես: Ես ինքս ինձ տրամադրում եմ, գիտակցելով ու հիշեցնելով, որ իմ գործն է ու պարտավոր եմ այն լավ կատարել: Հիմա էլ ասում եմ՝ «դու էիր չէ՞, որ երազում էիր Օլիմպիական խաղերի մասին, դե,  հիմա անցիր դրա միջով»: Ես կառավարում եմ հույզերս, որպեսզի դրանք ոչ թե խանգարեն, այլ պարզապես սթափ պահեն ինձ:

Ոճը. Ռինգ մտնելուց հետո, մանավանդ երբ հնչում է գոնգը, լրիվ թուլանում եմ, մտնում մենամարտի մեջ ու սկսում ուսումնասիրել մրցակցիս: Մանավանդ հիմա ոչ ոք միանգամից ի հայտ չի դնում իր անելիքները, ինչի համար էլ մի տեսակ հետախուզություն ենք անցկացնում, հասկանում միմյանց ու դասավորում մեր անելիքները: Ես հարձակողական ոճի բռնցքամարտիկ եմ ու սիրում եմ առաջ շարժվել:

Վստահության ձեռքբերում. Ամեն մի հաջողություն տալիս է վստահության փոքրիկ չափաբաժին: Իմ օրինակով բացատրեմ՝ ինչքան ուժեղ բռնցքամարտիկների եմ հաղթում, այնքան ինքնագնահատականս բարձրանում է, հասկանում եմ, որ կարող եմ ավելին անել: Շատերի համար բռնցքամարտը պարզապես սպորտ է, իսկ ինձ համար՝ կյանքի իմաստ, ապրելակերպ: Այստեղ ինձ պահում է հաղթանակից հետո առաջացող բերկրանքը, որն այլ տեղ չեմ տեսնում: Իսկ ուրախությունդ կրկնապատկվում է, երբ կարողանում ես բարձրացնել Հայոց Եռագույնը:

Լուսանկարը` Մեդիամաքս


Հաղթանակ ու պարտություն. Սրանք կողք կողքի քայլող ու կարեւոր բաներ են: Երբ կարիերադ միանգամից հեշտ կառուցվում է, կարող է միանգամից էլ փլվել: Դառը, պարտություններով ու դժվարություններով առաջ շարժվելով տարած հաղթանակն ավելի ամուր ու կայուն է լինում: Ինձ մոտ բռնցքամարտը դժվարությամբ է սկսվել, բայց չեմ կոտրվել, հիասթափվել կամ հանձնվել: Սա ինձ կամային որակներ է տվել ու հոգեբանորեն ուժեղացրել:

Ծանր տարին. 2020-ին Լոնդոնում հենց իմ մենամարտի օրն իմացա, որ վարկանշային մրցաշարը դադարեցվելու է: Սկզբից չէի հավատում, բայց հետո լուրը հաստատվեց: Տրամադրվեցի, որ պետք է այս մեկում հաղթեմ, հետո արդեն կիմանանք, թե ինչ է լինելու: Մեկ հաղթանակ տարա ու վերադարձանք Հայաստան, որտեղ արդեն երկար ժամանակ մնացինք կարանտինային պայմաններում: Հետո ավելի դժվար ու վատ ժամանակներ սկսվեցին բոլորիս համար: Այս պատերազմը մեծ հարված էր ողջ ազգի համար, իմ հարազատներից էլ կային տղաներ, ովքեր մարտի դաշտում էին, չնայած բոլոր զինվորներն էլ մերն են: Ժամանակ էր լինում ընդհանրապես չէի պարապում, տրամադրություն բացարձակ չկար ու չէի կարողանում տրամադրվել:

Լուսանկարը` Մեդիամաքս


Փոքր քայլերով դեպի մրցաշար. 2020-ի տարեվերջին ինձ տրամադրեցի մասնակցել Հայաստանի առաջնությանը: Փոքր նպատակներ դրեցի իմ առջեւ՝ ճանապարհ բացելով դեպի մեծը: Հետո երկու միջազգային մրցաշարում հանդես եկա ու վերականգնեցի բացթողումներս: Երազանք է եղել Օլիմպիական խաղերին մասնակցելը, որը հետո դարձավ նպատակ, իսկ երբ ուղեգիր նվաճեցի, անչափ երջանիկ էի ինձ զգում:

Նպատակը Տոկիոյում. Գլխավոր խնդիրս լավ հանդես գալն է: Պետք է ռինգում անել այն ամենն, ինչին ընդունակ եմ: Եթե հաջողվեց՝ ուրեմն հաստատ լավ բան կստացվի, իսկ եթե ոչ՝ հետո ինձ չեմ մեղադրի ինչ-որ բանի մեջ:  

Լուսանկարը` Մեդիամաքս


Օլիմպիական խաղերը. Կարծում եմ, որ այն իսկական տոն է, իսկ մենք այդ տոնակատարության մի մասն ենք կազմելու: Ճիշտն ասած ինձ համար էական չէ, ՕԽ-ն կայանալու է Տոկիոյում, թե մի այլ քաղաքում: Կարեւորը լավ մասնակցելն է:

Հայաստանի հավաքականը. Նախորդ խաղերի հետ համեմատած մեր թիմը քիչ մասնակիցներ է ունենալու, բայց նրանք ուժեղ են: Երբ նայում ենք մարզիկների արդյունքներին, տեսնում ենք, որ բոլորն էլ հենց այնպես չեն ուղեգրեր նվաճել: Սա ինձ հույս է տալիս, որ մեր ընտրանին կարողանալու է լավ մասնակցություն ունենալ:

Լուսանկարը` Մեդիամաքս


Հաղթանակների սպասումով. Ես հիմա ամեն մի հաղթանակից ավելի եմ ուրախանում, քան նախկինում էր: Ամեն մի փոքր հաջողություն ցույց կտա, որ հայերը պարտված չեն, այսքան դժբախտությունից հետո կրկին պետք է բոլոր բնագավառներում ձգտել փոքրիկ հաղթանակների, որպեսզի հասնենք հաղթանակի գլոբալ առումով:

Հայաստանի բազմակի չեմպիոն

2018-ին նավթային երկրների ԱԱ-ի 3-րդ մրցանակակիր


Միջազգային մրցաշարերի հաղթող


Գոհար Նալբանդյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին