Հոկտեմբեր 13, 2024
exclusive
20308 դիտում

Հայաստանի Օլիմպիական հավաքական. Վարսենիկ Մանուչարյան


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Ծննդյան թիվ. 11.07.2003 թ. Երեւան
                         
Մարզաձեւ. Լող (100 մ ազատ ոճ)

Մականուն. Վիկա է, քչերը գիտեն, որ անունս Վարսենիկ է: Վիկտորիան հաղթանակ է նշանակում, դրա համար էլ միշտ առաջինն եմ:

Կրթություն. Սովորում է Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում

Անձնական մարզիչ. Կարեն Բարսեղյան

Կարգախոսը. Միշտ առաջ շարժվել ու միշտ տարբերվել:

Հոբբի. Մուլտֆիլմեր եմ սիրում նայել, հիմնականում՝ անիմե: Առավելագույնը 30 սերիա կնայեմ, բացառություն է եղել միայն «Նարուտոն»՝ 600 սերիա, ինքս ինձ վրա զարմացել էի:

Լուսանկարը` Մեդիամաքս


Լողը. Սկզբում այն չէի հավանում, քանի որ միապաղաղ էր լողավազանի մի ծայրից մյուսը գնալ, ես պայքար ու մրցակցություն եմ սիրում: Երբ սկսեցի լավ լողալ, առաջին մարզիչս՝ Այծեմնիկ Մինասյանը, որոշեց ինձ ավելի փորձառու լողորդների հետ մարզել: Նրանք ինձ միշտ հաղթում էին, ինչից նյարդայնանում էի, թեեւ փոքր էի, բայց ամեն ինչ անում էի շրջանցելու համար: Միշտ ուզել եմ լավագույնը դառնալ: Առաջին անգամ մրցման եմ մասնակցել 11 տարեկանում DDD-ում, ոչ ոք չէր սպասում, որ հաղթող կդառնամ: Այդ պահից էլ սկսեցի լողը սիրել, հետաքրքրություն առաջացավ, երբ մեծերին ու նախկինում ինձ հաղթածներին սկսեցի շրջանցել: Արդեն ավելի լուրջ էի մարզումներին տրամադրվում:

Վոլեյբոլը. Լողով 9 տարեկանից եմ զբաղվել, մինչ այդ արդեն 4 տարի վոլեյբոլի էի գնում: Մորաքույրս էր այդ մարզաձեւով զբաղվում, ես նրա հետ էի հաճախում մարզումներին ու պատի տակ միայնակ խաղում գնդակով: Հետո սկսեցի խաղին ուշադրություն դարձնել ու ցանկացա ինքս էլ զբաղվել: Թիմային պայքարն ինձ դուր եկավ, բայց երկու մարզաձեւերը համատեղելը բավական բարդ էր, հոգնում էի: Եվ երբ պետք է Եվրոպայի առաջնության մասնակցեի, որոշեցի կենտրոնանալ միայն լողի վրա: Վոլեյբոլն ինձ շատ բան է տվել, առաջին հերթին՝ կամքի ուժ: Լողում էլ այդ որակը շատ է կարեւոր, որքան էլ ցավող տեղ ունենաս կամ հոգնած լինես, պետք է այդ ամենը հաղթահարես:

Լուսանկարը` Մեդիամաքս


Վախերը. Ամենամեծ վախս այն է, որ մարզիչներիս հուսախաբ չանեմ: Նրանք այնքան շատ են աշխատում ինձ հետ, ջանք գործադրում ու սպասելիքներ ունենում, ուզում եմ արդարացնել դրանք: Շնորհակալ եմ իմ բոլոր մարզիչներին, որոնք շարունակում են ինձ օգնել՝ Այծեմնիկ Մինասյանին, Միսակ Գաբրիելյանին ու Կարեն Բարսեղյանին:

Հավաքականն ու պայքարը. Հավաքականում 12 տարեկանում եմ ընդգրկվել, բոլորն ինձնից մեծ էին ու հիմնականում՝ տղաներ: Նրանց հետ պայքարելն ավելի հետաքրքիր էր, չեմ ասի աղջիկները թույլ են, պարզապես ինձ չէին համապատասխանում: Ձգտում էի տղաներին հասնել, նրանց պես ուժեղանալ: Լողում տեխնիկան է դժվար, լողաձեւերը բավական շատ են, ամենաշատը բաթերֆլայն եմ սիրում, որը բավական բարդ է ու ֆիզիկական մեծ ջանքեր են պետք: Առավոտյան 6:30 արթնանում եմ, որ 7-ին լողավազանում լինեմ, եթե գոնե մի րոպե ուշանամ, մարզիչներն ինձ լողավազան չեն թողնի, դրա համար էլ շատ պարտաճանաչ եմ դարձել:

Մեծերի մրցումներում. 2017-ից եմ սկսել մասնակցել միջազգային մրցաշարերի, Հունգարիայում լողի փառատոնի էի մասնակցում: Մինչ այդ պատկերացում չունեի, թե նման մեծ մրցումներն ինչպես են անցկացվում, Հայաստանում ամեն ինչ այլ էր: Մեզնից շատ ուժեղ լողորդներ էին մասնակցում, շատ ավելի բարձրահասակ էին, իրենց կողքին ասես փոքրիկ ճուտիկներ լինեինք: Մրցակիցներին բացարձակ չէինք ճանաչում: Մի քիչ հուսախաբ եղա, բայց դա դեռ սկիզբն էր:

Լուսանկարը` Մեդիամաքս


Կարեւոր նվաճումը. Օլիմպիական խաղերի մասնակցությունն է, երբ լողով զբաղվում էի, կոնկրետ նպատակ չունեի, պարզապես ուզում էի առաջինը լինել: Իսկ երբ հասկացա, որ խաղեր մեկնելու շանս ունեմ, շատ կենտրոնացա այդ հանգամանքի վրա: Իհարկե, մարզիչներն ինձնից չեն պահանջում մեդալ նվաճել, բայց պարտավորված եմ հնարավորինս լավ հանդես գալ:

Ուղեգրի հաստատումը. Հունիսի սկիզբն էր, էլ մրցումներ չունեինք, այդ պատճառով էլ անհավես ու առանց հետաքրքրության էի գնում մարզումներին: Մարզիչն էլ էր  հասկացել, որ հոգնել եմ ու ուզում եմ հանգստանալ: Երբ նպատակ չի լինում, դժվար է կենտրոնացած աշխատել: Այդ օրն էլ չուզելով ու մի քիչ ուշացած հասա լողավազան, նախավարժանքի ժամանակ ընկեր Կարենը բավական զայրացած դեմքով ասաց, որ ինձ կարեւոր լուր ունի հայտնելու: Մեկ էլ ասաց, որ Օլիմպիական խաղերին եմ մասնակցելու, այնքան էի ուրախացել, համարյա արտասվում էի: Տանը տատիկիս պատմեցի, նա էլ չէր հավատում, ես մինչ օրս էլ չեմ կարողանում հավատալ այդ ամենին:

Լուսանկարը` Մեդիամաքս


Կուռքեր. Ինձ համար ամենամեծ կուռքն Արթուր Ալեքսանյանն է, պաշտում եմ նրան, բոլոր գոտեմարտերը պարտադիր նայում եմ, դեռ բաց թողած չկամ: Հետեւել եմ, թե  ինչպես է խոսում մարդկանց հետ ու իր կարծիքն արտահայտում: Նա մեծ կամքով ու ուժեղ մարդ է: Արթուրին նայելով ոգեւորվում ես ու հասկանում, որ անհնարին ոչինչ չկա: Ու հիմա ես նրա հետ նույն Օլիմպիական թիմում եմ լինելու, չափազանց հուզված եմ: Մեկ անգամ Ծաղկաձորում եմ հանդիպել նրա հետ, երբ հավաք էինք անցկացնում: Երբ խոսում էր հետս ու գրկեց, որ նկարվենք, սիրտս այնքան արագ էր խփում: Առհասարակ մեր ըմբիշները կամքով լի ու ուժեղ են, հույս ունեմ, որ Օլիմպիական խաղերում կհաղթեն:

Ամենաազդեցիկ մարդը կարիերայում: Տատիկս է: Առավոտյան սովորաբար չեմ կարողանում շուտ արթնանալ, նա է ինձ օգնում, կերակրում է, որ հասցնեմ մարզումներին, ամեն իրավիճակում կողքիս է: Ձախողումների ժամանակ ճիշտ խորհուրդներ է տալիս, ամենաշատն այս մեկն եմ հիշել, որ պարտվելիս պետք չէ մտածել, թե դա ամեն ինչի վերջն է: Ժամանակի ընթացքում ես էլ հասկացել եմ, որ պարտությունը փոքր անհաջողություն է, ամեն մարզիկի կյանքում էլ լինում է ու օգնում է հասնել հաղթանակի: Տատիկիս գերնպատակն էր, որ իմ կյանքում ինչ-որ բանի հասնեմ ու հիմա այդ պահն է գալիս:  

Լուսանկարը` Մեդիամաքս


Ելույթից առաջ. Նախ հիշում եմ իմ անցած դժվար ճանապարհը, պարտություններն ու հաղթանակները: Օլիմպիական խաղերում պետք է լավ ներկայանամ ու անպայման հաջող հանդես գամ, մտքումս միայն դա է: Չեմ պատկերացնում մրցակիցներիս, նախ ինձ հետ եմ մրցում, իմ առաջին թշնամին ու բարեկամն ինքս եմ:

Ամենափոքրը. Ուրախ եմ, որ մեր օլիմպիական թիմում ամենափոքր մասնակիցն եմ: Ինձ թվում է՝ բոլորն ինձ ուշադրություն կդարձնեն, սիրում եմ ուշադրության կենտրոնում լինել: Կուզեմ բացման ժամանակ մեր դրոշակակիրը լինել, նախկինում միայն տղաներն են Հայաստանի դրոշը տարել: Ռիոյում լողորդ Վահան Մխիթարյանն էր դրոշակակիրը: Երբ առաջին անգամ նրա հետ մրցման մասնակցեցի, գիտեի, որ մեր ամենաուժեղ լողորդն է, հիացած նրան էի հետեւում: Մտածում էի՝ երանի գա մի օր, բոլորն ինձ ճանաչեն ու իմ մասին խոսեն: Հիմա հենց այդպես է, սկսել են ինձ ճանաչել:

Օլիմպիական խաղերը. Շատ լուրջ մրցաշար է, ամբողջ Հայաստանն է հետեւելու մեր ելույթներին, իմ ընտանիքը, կարեւորը՝ տատիկս, մարզիչներս, պետք է բոլորի սպասելիքներն արդարացնել:

Լուսանկարը` Մեդիամաքս


5 օղակները. Ինձ համար ուժ են խորհրդանշում, առաջին հերթին՝ կամքի ուժ, հաղթանակ, իսկ առանց դրա պարտություն չի լինում, ընկերասիրություն ու բարեկամություն:  

Վերջին մարզումները. Մարզումներին մարտական եմ տրամադրվում, ժամանակը քիչ է, ինձ հետ շատերն են հույս կապում: Չեմ գնում մեդալի հետեւից, բայց իմ հնարավորությունների չափով պայքարելու եմ: 2024-ի Օլիմպիական խաղերում իմ շանսը կլինի, երկար ժամանակ կունենամ պատրաստվելու ու փորձ ձեռք բերելու համար: Ընկեր Այծեմնիկն ասում է, որ պետք է այնպես մարզվել ու ելույթ ունենալ, որ բոլորը քեզ նայեն: Իմ պարագայում այդպես էլ լինում է, միշտ մեծ առավելությամբ եմ հաղթում մրցակիցներիս:
 
Մայքլ Ֆելփսը. Նրա մասին անվերջ կարելի է խոսել, Ֆելփսի պես լողորդ դժվար լինի, կամ Աստված տա՝ ես լինեմ: Նա բացառիկ է սպորտի պատմության մեջ իր ֆիզիկական տվյալներով ու նվաճումներով:

Լուսանկարը` Մեդիամաքս


Տոկիո. Առաջին հերթին ճապոնացիներին եմ պատկերացնում, որ իրենցից տարբերվելու ենք, լողավազանն եմ տեսնում ու ինձ՝ մեկնարկում կանգնած: Հպարտություն եմ զգում, որ արդեն հասել եմ այնտեղ, ցանկացած մարզիկ կարող էր լինել իմ փոխարեն, բայց ինձ է նման բախտ վիճակվել: Հայաստանի պես փոքր երկրի համար այս խաղերը շատ կարեւոր են: Կուզեմ մեր նվաճումներով օգնենք, որ ավելի ճանաչելի դառնա: Սպորտի միջոցով կարող ենք աշխարհին ցույց տալ, թե որքան ուժեղ ենք: Ուզում եմ մեր օրհներգն անընդհատ հնչի Տոկիոյում՝ խաղեր մեկնող բոլոր մարզիկների պատվին:

Օլիմպիական թիմը. Մեր թիմն ամենաուժեղն է, ավելացնելու ոչինչ չունեմ: Բոլորին մեդալներ եմ մաղթում:

Հայաստանի բազմակի չեմպիոն է

Համահայկական խաղերի հաղթող


12 տարեկանում լրացրել է սպորտի վարպետի նորմա


Հասմիկ Բաբայան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին