Նոյեմբեր 15, 2024
exclusive
13198 դիտում

Հայաստանի Օլիմպիական հավաքական. Լեւոն Աղասյան


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Ծնվել է. 19.01.1995 թ., Կապան

Մարզաձեւ. Աթլետիկա (եռացատկ)

Մականուն. Ինձ փոքր ժամանակից Հզոր են ասում: Դպրոցում գերազանց չէի սովորում, բայց ստուգողական աշխատանքների կամ Օլիմպիադաների ժամանակ բարձր գնահատականներ էի ստանում: Դրա պատճառով դպրոցից սկսեցին այդպես կոչել: Երբ սկսեցի հանրապետական մրցումների մասնակցել, մեր կապանցիները ինձ երկրպագելիս Հզոր էին կանչում, ու այդ անունը մտավ նաեւ մարզաշխարհ:

Ընտանիք. Ամուսնացած չէ

Լուսանկարը` Մեդիամաքս


Կրթություն. Այս տարի ավարտում եմ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մարքետինգի բաժինը: Որոշել եմ մագիստրատուրայի համար դիմել ֆիզկուլտինստիտուտ:

Անձնական մարզիչ. Արսեն Պետրոսյան

Կարիերայի սկիզբը. 10 տարեկան էի, երբ քեռիս տարավ Կապանի մարզադաշտ: Շատ լավ եմ հիշում այդ օրը՝ ապրիլի 7-ն էր, մենք դպրոցում հանդեսի էինք պատրաստվում: Փորձին մասնակցելու պատճառով մի փոքր ուշացա, ինչի համար քեռիս բարկացավ: Անչափ շատ էի սպասել այդ օրվան, ուզում էի ինձ ցույց տալ մարզիչների մոտ:

Եռացատկի ընտրությունը. Կապանում մենք ունենք ցատկերի շատ լավ դպրոց, ինչն իմ մարզչի շնորհքն է: 2007 թվականին առաջին անգամ մրցման ժամանակ հեռացատկ ու եռացատկ թռա, իմ տարիքի համեմատ շատ բարձր արդյունք ցույց տվեցի:

Լուսանկարը` Մեդիամաքս


Այդ տարիքում ընկեր Պետրոսյանը դեռ չէր թողնում, որ եռացատկով շատ զբաղվեմ, որովհետեւ այն չափազանց բարդ ձեւ է: Մարզիչս միշտ ասում էր, որ երբ ֆիզիկապես կոփվեմ, արդեն ցատկերս նորմալ կկատարեմ ու մրցումների կմասնակցեմ: Բայց չգրված օրենք է, երբ մի բան չի թույլատրվում, այն ավելի է ձգում քեզ: Եռացատկն իմ երազանքն էր, երբ սկսեցի արդեն ամբողջովին դրանով զբաղվել, անսահման երջանիկ էի: Սիրած գործով զբաղվելն ու արդյունքների հասնելը պարզապես հիանալի է:

Նորամուտը միջազգային ասպարեզում. 2010-ի ամռանը Ստամբուլում կայացած աթլետիկական միջազգային մրցման ժամանակ հեռացատկում առաջին տեղը գրավեցի: Մարզիչս հետո խոստովանեց, որ մտքում ասել է, եթե այստեղ լավ հանդես գամ, ուրեմն կարող եմ մարզիկ դառնալ:

Բեկումնային պահը կարիերայում. Երեւի կնշեմ 2013-ի Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոնությունը: Այդ ժամանակ ես առաջին կուրս էի ընդունվել, չգիտեի՝ ԲԿՄԱ-ում կծառայեմ, թե՞ ոչ: Բազմաթիվ չկարգավորված հարցեր կային: Բայց հաղթանակից հետո ամեն ինչ տեղն ընկավ, ես շարունակեցի մարզվել ու նաեւ ծառայել:

Լուսանկարը` Մեդիամաքս


Հոգեբանական ծանր շրջանը. Եռացատկում ամեն պահ քեզնից պահանջվող առավելագույնը պետք է անես, որովհետեւ աննշան սխալի դեպքում շատ մեծ վնասվածքներ կարող ես ունենալ: Դրա հետեւանքով հոգեբանական խնդիրներ առաջանալուց բացի, երկար ժամանակ կարող է չզգաս, թե ինչպես պետք է կատարես տեխնիկական վարժությունը: Իսկ եթե դա չկարողանաս, ապա մեծ արդյունքի չես հասնի: Սա իմ փորձից եմ ասում, որովհետեւ Ռիոյի խաղերից հետո մոտ երկու տարի վատ էի հանդես գալիս ու չէի հասկանում ինչումն է խնդիրը, հոգեբանական վատ վիճակում էի: Այդ ընթացքում լրիվ մենակ էի պարապում, տարբեր մարզիկների օրինակով կատարում էի վարժություններս, փորձում իդեալական տեխնիկային մոտ անել ամեն ինչ: Հետո մրցման մասնակցեցի ու տեսա, որ արդյունքս բարելավել եմ 37 սմ-ով: Զգացի, որ ճիշտ ուղղությամբ եմ շարժվում:

Ճանաչել սեփական եսը. Այդ ժամանակ սկսեցի բացահայտել ինձ: Անընդհատ, ամեն օր դու պայքարում ես քեզ հետ, իհարկե, մրցակից ունես, բայց դու առաջին հերթին քեզ հետ ես պայքարում: Երբ ինքդ քեզնից ավելին ես պահանջում, հասնում ես լավագույնին: Աշխատեցի այն խնդիրների վրա, որոնք ժամանակին խանգարում էին՝ ցածր կենտրոնացվածություն, մարզումներին ոչ կարգապահ մոտենալ եւ այլն:  

Լուսանկարը` Մեդիամաքս


Ուժեղ ու թույլ կողմերը. Իմ կարծիքով մարդկանց մեծ մասը գիտի իր ուժեղ ու թույլ կողմերը, բայց շատ քչերս ենք համարձակվում անկեղծորեն ընդունել դրանք: Դժվար հոգեբանական կյանքի փուլում հայտնվելով՝ ես որոշեցի ընդհանրապես ոչ մեկի վրա ուշադրություն չդարձնել, կենտրոնանալ իմ մտքերի վրա: Ես ուղղակի «մի սեղանի շուրջ նստեցի» իմ վատ ու լավ կողմերի հետ: Հասկացա, որ պետք է ոչ թե պայքարեմ դրանց դեմ, այլ համաձայնության ու հավասարակշռության բերեմ: Ինձ ճանաչելն օգնեց ունենալ բազմաթիվ հարցրերիս պատասխանները:

Էմոցիաները կառավարելի դարձնելը. Ժամանակին շատ շեղող ու խանգարող իրադարձություններ, մարդիկ կամ երեւույթներ կային իմ կյանքում, որոնց չէի կարողանում հեռացնել: Հիմա առանց որեւէ էմոցիայի ամեն ինչ մի կողմ եմ դնում, որովհետեւ ցանկանում եմ հասնել երազանքիս:

Վատ պայմանները. Ցավոք, դրանք մեր երկրում բազմաթիվ են: Մենք շարունակում ենք բարձր արդյունք ցույց տալ ու մնալ սպորտում աթլետիկայի երկրպագու ու նվիրյալ լինելու շնորհիվ:  Ես անչափ շատ եմ սիրում աթլետիկան, այն իմ ապրելակերպն է, իմ երջանկությունը:

Լուսանկարը` Մեդիամաքս


Անհատների վրա հիմնվելով՝ սպորտը զարգացնելն անհնար է: Աթլետիկան աշխարհում ամենամասսայական ձեւն է, այլ մարզաձեւերի հիմքը: Այն երկրում, որտեղ զարգացած աթլետիկա չկա, մյուս մարզաձեւերն էլ դանդաղ առաջ կգնան:
Ես ցանկանում եմ կարիերաս ավարտելուց հետո զբաղվել այս հարցով: Տարբեր երկրներում եմ եղել ու գիտեմ, ոնց է պետք աշխատել: Արդեն ծրագիր ունեմ ու պարտավոր եմ այն կյանքի կոչել:

Դժվարին ճանապարհը դեպի ՕԽ. Համավարակը, հետո պատերազմը, կորուստները շատ ծանր ազդեցություն ունեցան բոլորիս վրա: Շատ դժվար էր ամեն ինչ, բայց ինձ պահեց սպորտային երազանքիս հասնելու ցանկությունը: Երբ մրցման մասնակցեցի, հասկացա, որ ուզում եմ էլ ավելի լավ ներկայացնել երկիրս, հայրենիքիս ու մեր անմահ հերոսների պատվն ու անունն ավելի բարձրացնել: Սա ինձ համար անհամեմատ մեծ խթան է, քան հենց իմ երազանքը:

Լուսանկարը` Մեդիամաքս


Երկրորդ խաղերը. Ռիոյի Օլիմպիական խաղերի հետ համեմատած հիմա ավելի սառնասիրտ եմ դարձել, փորձ եմ ձեռք բերել: Պատրաստվում եմ ինչպես ցանկացած բարձր կարգի մրցաշարի, որովհետեւ իրականում բոլորում էլ նույնն բանն ենք անում: Միտքը, որ Օլիմպիական խաղերը սպորտային ամենամեծ իրադարձությունն է, չի անհանգստացնում ու լարում:

Տոկիոն. Համոզված եմ, որ շատ կարգապահ ձեւով է ընդունելու ՕԽ-ն: Միեւնույն ժամանակ երկրպագուների բացակայությամբ պայմանավորված սրանք կլինեն լուռ խաղեր: Առանց նրանց շատ վատ է, Եվրոպայի առաջնության ժամանակ արհեստական ծափեր ու ձայներ էին հնչում, բայց դրանք մարդկանց չէին փոխարինում:

Լուսանկարը` Մեդիամաքս


Նպատակներ. Շատ երկար կարող եմ խոսել դրանց մասին: Կոնկրետ սպորտի հետ կապված՝ բարձր մակարդակով հանդես գալն է: Իհարկե, ես շատ եմ ուզում մեդալներ ունենալ ամենաբարձր առաջնություններից, բայց ամեն ինչ որոշվում է մրցման ժամանակ: Իմ նպատակն է Օլիմպիական խաղերում ունենալ մեդալ, բայց դա որ խաղերում կլինի, չեմ կարող ասել:

Սյունիքը. Ես առհասարակ իմ հայրենիքն եմ սիրում, բայց այնտեղ առանձնահատուկ տեղի ունի Սյունիքն ու իմ քաղաքը՝ Կապանը: Միգուցե սխալ կհասկանան ինձ, բայց մարդիկ նոր-նոր են խոսում Սյունիքից, երբ թշնամու ներկայությունն արդեն կա այնտեղ, իսկ մինչ այդ ուշադրությունը մեծ չէր: Մի բան հստակ է՝ մենք պայքարող ժողովուրդ ենք ու երբեք չենք հանձնվի:

Սյունիքում այս պահին իմ մակարդակի մարզիկ չկա, ինձ մեծ մոտիվացիա է տալիս մարդկանց անկեղծ բարեւելը, շնորհավորելը, նրանց խանդավառությունն ինձ ոգեւորում է:

Լուսանկարը` Մեդիամաքս


Բազմակողմանի զարգացված աթլետը. Տարբեր ժանրերի գրքեր եմ կարդում, դրանք օգնում են կյանքում, ընթերցանության շնորհիվ մեկ քայլ առաջ ես կատարում: Իսկ ամենասիրելի ստեղծագործությունը «Կոմս Մոնտե Քրիստոն» է, որն առաջին անգամ կարդացել եմ պատանի տարիքում ու մինչեւ հիմա էլ ամենատպավորիչ մասերը վերընթերցում եմ:

Սիրում եմ նաեւ կիթառ նվագել, ինքնուրույն եմ սովորել ու ասեմ, որ եռացատկի հետ համեմատած այն ավելի հեշտ ստացվեց: Սա իրականում կատակ էր: Երգելն այդքան էլ լավ չի ստացվում, դրա համար միայն ոչ այդքան բարդ գործեր եմ կատարում:

Օրվա մի հատված նվիրում եմ համակարգչային խաղերին: Խաղային ինդուստրիան դարձել է արվեստի մի բնագավառ, կան խաղեր, որոնք շատ դժվար են, էմոցիաներ են առաջացնում ու այնպիսի հաճույք պատճառում, ինչպիսին կստանաս թանգարանում ինչ-որ կտավ դիտելիս:

Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի Օլիմպիական հավաքականը. Հետեւում եմ մեր բոլոր մարզիկների ելույթներին: Ռիոյի հետ համեմատած փոքր թիմով կլինենք, բայց կարեւորը լավ արդյունքներ գրանցելն է: Շատերի հետ ընկերական հարաբերություններ ունեմ, լավ ճանաչում եմ Սիմոն Մարտիրոսյանին, Հովհաննես Բաչկովին, Էլմիրա Կարապետյանին:

Հաղթանակի կարեւորությունը. Մեր ազգի համար ցանկացած հաղթանակ ոգեշնչող է: Մենք պետք է առավելագույնն անենք, որ հաղթանակներ գրանցենք: Սա հոգեբանորեն մեծ խթան ու հիմք կստեղծի կյանքի որակը բարելավելու համար:

2013 թ. Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոն

Բալկանյան երկրների վեցակի չեմպիոն

2021-ի ԵԱ-ում գրավել է 5-րդ տեղը

Գոհար Նալբանդյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին