Դեկտեմբեր 23, 2024
exclusive
8627 դիտում

Հայաստանի Օլիմպիական հավաքական. Արսեն Հարությունյան


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Ծննդյան թիվ. 22.11.1999 թ., ք. Մասիս                            

Մարզաձեւ. Ազատ ոճի ըմբշամարտ (57 կգ)

Մականուն. Գերմանիայում ակտիվ գոտեմարտելու համար Էներջի են անվանում:

Կրթություն. Սովորել է Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում, իսկ հիմա Ֆիզկուլտինստիտուտի ուսանող է:

Անձնական մարզիչը. 4 մարզիչների հետ է աշխատում՝ Արշակ Հայրապետյանի, Գեւորգ Վարդանյանի, Արշակ Սանոյանի եւ Արթուր Մարտոյանի:

Բազմազավակ ընտանիքը. Մեր ընտանիքում 5 երեխա կա, 1 քույր ու 3 եղբայր ունեմ՝ Մերին, Նորայրը, Վարդանը եւ Նարեկը: Ես ավագն եմ, ինչը շատ լավ է, բոլորն ինձ լսում են: Բայց պատասխանատվությունս էլ շատ մեծ է, քանի որ եղբայրներիս համար օրինակ եմ: Երբ 4 տարեկան եղբայրս առավոտյան զարթնում է ու ինձ մարզվելիս տեսնում, դա էլ սովորում է: Այդպես է անում նաեւ 10-ամյա Վարդանը: Նա իրեն ամեն ինչից կարող է զրկել, միայն թե մարզման գնա:

Լուսանկարը` Մեդիամաքս


Ըմբիշ եղբայրները. Ինձ շատ է դուր գալիս, որ բոլորս էլ հերթով զբաղվում ենք ըմբշամարտով՝ 3 ըմբիշ եղբայր ենք: Իրար միանշանակ շատ ենք օգնում, Նորայրն ինձ համար նաեւ մրցակից է ու բավական ուժեղ է: Միասին սպարինգ անցկացնելիս շատ է  պատահել, որ ինձ հաղթել է, իսկ ես էլ արտասահմանյան մրցումներում եմ լավագույնը դարձել:

Սպորտային կարիերայի սկիզբը. Հայրս տարբեր մարզաձեւերով է զբաղվել՝ բռնցքամարտով, կարատեով, ըմբշամարտով: Երբ 6 տարեկան էի ինձ մեր անձնական ըմբշամարտի մարզադահլիճ տարավ, որ հետեւեմ մարզումների ընթացքին: Պայմանն այսպիսին էր, եթե հավանեմ, ես էլ կպարապեմ: Այնքան դուրս եկավ, որ մարզման կեսից ցանկացա միանալ, մարզիչը թույլ չտվեց՝ պատճառաբանելով, թե փոքր եմ ու հետո գամ, բայց դե համառ էի՝ իմ ուզածին հասա:

Վնասվածքը. Քթիս վնասվածքն երեկ եմ ստացել մարզման ժամանակ: Վարուժան Կաջոյանը վնասվածք հասցնելու մասնագետ է, նրա «շնորհիվ է» դեմքս այս վիճակում (ծիծաղում է, խմբ.):

Լուսանկարը` Մեդիամաքս


Հոբբի. Մոտոցիկլետ եմ շատ վարում, եթե ուզում եմ հանգիստ լինել, ձկնորսության եմ գնում, նաեւ դահուկ քշում: Ադրենալինի ու մեծ արագության սիրահար եմ, դեռ չեմ կարողանում 300 կմ սլանալ, բայց ձգտում եմ: Եթե միայն սպորտի ու մարզումների մասին մտածեմ, վատ կլինի: Դրա համար սիրտս ինչ ուզում է, անում եմ:

Նորամուտ. Մեծահասակների մրցաշարերում կայացել է 2019-ի Եվրոպայի առաջնությունում: 19 տարեկանում Եվրոպայի չեմպիոն դարձա: Լուրջ քայլ էր, ցանկացած մրցաշարի սկսեցի առաջատարի պես մասնակցել:

1-ին չեմպիոնությունը. Շատ էի ուզում առաջնությանը մասնակցել, հենց այդ համառությանս շնորհիվ էլ մեկնեցի մրցավայր: Այնտեղ ինքս ինձ պետք է ապացուցեի, որ արժանի եմ ու կարող եմ մեդալ նվաճել: Մինչեւ եզրափակիչ դուրս գալը մտածում էի, որ այնտեղ հայտնվելն էլ լավ արդյունք կլինի, հետո հասկացա, որ նման շանս կարող է էլ չլինել: Դրա համար էլ տրամադրվեցի ու հաղթեցի:

Լուսանկարը` Մեդիամաքս


Դիտարժան գոտեմարտերը. Իմ գոտեմարտերը հիմնականում գեղեցիկ են ստացվում: Գերմանիայի Բունդեսլիգայում գոտեմարտ եմ ունեցել 27:21 հաշիվն է գրանցվել՝ Աշխարհի չեմպիոնի հետ էի պայքարում: Այնքան դիտարժան էր, որ ամբողջ դահլիճը հիացած էր: Թեեւ պարտվել եմ, բայց բոլորը մոտենում էին ու ինձ գովում:  

Ելույթից հաճույք ստանալը. Ես մի քիչ ազարտի մեջ ընկնող եմ, սիրում եմ դիտարժան գոտեմարտել, բայց հիմա ոճս փոխել եմ ու այն ինձ այդքան էլ դուր չի գալիս: Նախընտրում եմ միավոր տալ, վաստակել, հնարքներ անել, մրցակցին էլ թույլ տալ իրեն ցույց տալ, բայց դա էլ ռիսկային է՝ կարող ես պարտվել: Բայց անգամ պարտվելիս էլ հաճույք եմ ստանում:

Ընկերը. Իմ շրջապատի շատ մարդկանցից եմ սովորում, իմ հոգեբաններն են շատ օգնում, ինչպես նաեւ ընկերս՝ Հենրիկ Մարգարյանը, որը նույնպես մարզիկ է եղել: Նրա հետ զրույցներն օգտակար են: Հենց խառն իրավիճակում եմ հայտնվում ու չեմ կարողանում մարզումներին տրամադրվել, նա ինձ ճիշտ հունի մեջ է դնում: Նեղն ընկնելուն պես՝ Հենրիկին եմ զանգում:

Լուսանկարը` Մեդիամաքս


Հոգեբանների դերը. Արդեն 1,5 տարի է անձնական հոգեբաններիս հետ եմ աշխատում: Նրանց շնորհիվ իմ մենամարտելու ոճում շատ փոփոխություններ եմ կատարել ու հանգստություն ձեռք բերել: Դա միայն ես չէ, որ նկատել եմ, ընկերներս էլ հաճախ են հետաքրքրվում, թե ինչպե՞ս եմ անում, որ չեմ հոգնում կամ լարվում գորգում: Վստահություն եմ ձեռք բերել ու բոլոր մրցակիցներիս շատ հանգիստ եմ ընդունում, կարող եմ նույնիսկ նրանց հետ ընկերություն անել կամ ասել, որ ինձ կհաղթեն:

Ամենաազդեցիկ մարդը կարիերայում.  Միանշանակ, իմ մարզիչներն են, որոնք օր ու գիշեր աշխատում են ինձ հետ: Այսօր էլ, մնացած օրերին էլ Գեւորգ Վարդանյանի հետ տքնաջան պարապում եմ: Իր ցույց տված հնարքներով ու ոճով եմ գոտեմարտում:

Ելույթից առաջ արարողակարգ. Երաժշտություն եմ միշտ լսում, հիմնականում՝ դասական, հոգիս հանգստանում է:

Մարզական կերպար. Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Բեյսիկ Կուդուխովին եմ շատ-շատ սիրում, հետո Աշխարհի ու Օլիմպիական չեմպիոն Վլադիմիր Խինչեգաշվիլիին, որին Վազգեն Թեւանյանը վարկանշային մրցաշարում հաղթեց ու ուղեգիր նվաճեց:

Լուսանկարը` Մեդիամաքս


Գոտեմարտից առաջ. Շատ հանգիստ եմ լինում, իմ առավելությունն այն է, որ մրցման  օրը կարողանում եմ ուժ գտնել իմ մեջ: Վարկանշային մրցաշար մեկնելուց առաջ չէի կարողանում գորգում շնչել: Գժվել էի, չգիտեի՝ հետս ինչ է կատարվում: Ելույթիս օրն այնպես էի լավ շնչում, ասես ինձ շնչառության սարք էին միացրել:  

Դասերը. Հաղթանակից հետո շուրջդ ինչ կատարվում է պետք է ճիշտ ընդունես, որ էլի կարողանաս բարձունքում լինել: Եթե դրա մեջ մնացիր, հետո պարտվում ես: Անկեղծ, երբ պատվոհարթակին մեդալը կախում են վզիցս, արդեն հաջորդ մրցման մասին եմ մտածում: Կարող են ինձ չհավատալ, բայց պարտվելիս էլ այդպես է լինում:

Հաղթանակի ու պարտության միջակայքում. Աշխատանք ու շատ մարզվել կա, պայքար, սակայն չեմ ուզում միայն սպորտային տեսանկյունից մոտենալ հարցին: Կյանքը միշտ շարունակվում է, ամեն պարագայում, հենց այդ միջակայքում շատ բաներ ես կարողանում հասկանալ: Հաղթելուց հետո շուրջդ այլ աշխարհ է տիրում, պարտությունից հետո՝ ամեն ինչ մռայլ դառնում: Նման օրերին ոչ մեկի չեմ ուզում տեսնել, մինչեւ որ նոր մրցաշար կլինի:

Օլիմպիական ուղեգրի նվաճումը. Բոլորն այլ կերպ էին պատկերացնում վարկանշային մրցաշարը, բայց այն շատ սովորական էր: Չէի կասկածում, որ մասնակցելու եմ Օլիմպիական խաղերին: Երբ  դեռ ուղեգիր էլ չունեի, ասում էի պատրաստվում եմ խաղերին: Շատ վստահ էի իմ ուժերին:

Լուսանկարը` Մեդիամաքս


Խաղերից առաջ. Շատ մեծ վստահություն կա, Եվրոպայի ու Աշխարհի առաջնությունում մասնակցությունից էլ հանգիստ է սիրտս:

Խաղերը. Սովորական եմ վերաբերվելու պարտությանն էլ, հաղթանակին էլ: Իհարկե, կուրախանամ, բայց ուզում եմ ասել, որ դրանից շատ բան չի փոխվելու: Երբ դեռ հաջողության հասած չես լինում Եվրոպայի չեմպիոն դառնալու միտքն այնքան ուրիշ է, հենց հաղթում ես, ամեն ինչ սովորական ես ընկալում: Չեմպիոնությունից հետո իմ սենյակում մտածում էի՝ ի՞նչ, ես հիմա Եվրոպայի չեմպիո՞ն եմ:

Հաղթանակը՝ դոպինգ. Անընդհատ ուզում ես հաղթական պահերը նորից ապրես, չես հագենում, մանավանդ, երբ տեսնում ես, թե մարդկանց մոտ ինչ է կատարվում: Երբ երկրպագուներին ուրախացնում եմ, ուզում եմ նորից ու նորից զգան այդ ամենը: Հասկանում եմ, որ հանուն նրանց պարտավոր եմ հաղթել, այդ մարդկանցից էլ ես եմ լիցքեր ստանում:

Լուսանկարը` Մեդիամաքս


Նպատակը խաղերում. Կարեւորը լավ մասնակցելն ու իմ առավելագույնն անելն է: Մինչեւ վերջին վայրկյանը գոտեմարտելու եմ, չեմ հանձնվելու՝ ով ուզում է լինի մրցակիցը:

Հայաստանի Օլիմպիական թիմը. Շատ ուժեղ է մեր հավաքականը, բոլորն էլ պոտենցիալ մեդալակիրներ ու չեմպիոններ են՝ Արթուրը, Սիմոնը, Վազգենը: Հաջողություն եմ մաղթում բոլորին, թող ավելորդ լարվածությունից ազատվեն ու հաղթեն: Արթուրին ու Սիմոնին ոչինչ չեմ կարող ասել, իրենք պետք է մեզ խորհուրդ տան: Միայն կնշեմ, որ նրանցով հպարտանում ենք ու քայլում իրենց հետքերով:

2019 թ. Եվրոպայի չեմպիոն է

2020 թ. Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

2020 թ. Աշխարհի գավաթի 2-րդ մրցանակակիր

Հասմիկ Բաբայան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին