Դեկտեմբեր 24, 2024
exclusive
10121 դիտում

Հայաստանի Օլիմպիական հավաքական. Արմեն Մելիքյան


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Ծննդյան թիվ. 07.02.1996 թ. գյուղ Այգեշատ    
 
Մարզաձեւ. Հունահռոմեական ոճի ըմբշամարտ (60 կգ)

Մականուն.  Օլիմպիկ: «Փոքր տարիքից մեր մարզադահլիճում այդպես են ինձ անվանում, քանի որ ուժեղ եմ եղել ու բոլորը համոզված էին, որ Օլիմպիական չեմպիոն եմ դառնալու»:

Անձնական մարզիչ. Ալիկ Հովհաննիսյան

Ընտանիք. Ամուսնացած է, ունի որդի

Կրթություն. Սովորել է Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում, իսկ հիմա՝ Ֆիզկուլտինստիտուտի ըմբշամարտի բաժնի 3-րդ կուրսում:

Հոբբի. Մանկուց աղավնիներ է պահում: «Արդեն երկար տարիներ է ունեմ: Շատ եմ սիրում ու հանգստանում եմ նրանց նայելիս, աննկարագրելի է, երբ օդ են բարձրանում»:

Լուսանկարը` Մեդիամաքս


Որդին. Կինս մարմնամարզուհի է, հասակակիցներ ենք ու Էջմիածնի մարզադպրոցում ենք մոտ 11 տարեկանում ծանոթացել, ավելի ուշ հավանել ենք իրար ու սկսել հանդիպել: 2018 թվականին ամուսնացանք, հիմա 2,5 տարեկան անուշ բալիկ ունենք, որին հայրիկիս պատվին Ռաֆիկ ենք անվանել: Ամբողջ օրը զանգում է ու տուն կանչում. «Պապա, արի տուն, հերիք է»:

Դե, բացատրում եմ, որ տանջվելով պետք է մնամ, խոստանում եմ գնալ, բայց միշտ չէ, որ ստացվում է: Հաճախակի զանգում եմ, մեկ-մեկ իրենք են գալիս, կամ էլ Երեւանում հավաքների ժամանակ հանգստյան օրերին տուն եմ գնում, որ էներգիա ստանամ ու կարողանամ մարզվել: Կարոտը շատ է տանջում, տանը համարյա չեմ էլ լինում, մանավանդ հիմա, երբ սկսել եմ Օլիմպիական խաղերին պատրաստվել, առավել շատ եմ բացակայում:

Կարիերայի սկիզբը. 11 տարեկանում եմ սկսել զբաղվել ըմբշամարտով: Գլխավոր պատճառը, որ մարզիկ եմ դարձել, եղբայրս է: Նա է առաջինը մարզվել, իսկ ես իր օրինակին եմ հետեւել: Ըմբշամարտում ինձ ամեն ինչն է դուր եկել՝ պայքարը, հաղթելը, ընկերներ ձեռք բերելը, դա ամեն ինչ արժե: Ըմբշամարտն ամբողջ կյանք է ինձ համար:  

Լուսանկարը` Մեդիամաքս


Նորամուտը. Նախ Հայաստանի առաջնությունում եմ հանդես եկել ու 2018 թ. Եվրոպայի առաջնությունում հանդես գալու իրավունք վաստակել: Մեկ գոտեմարտ հաղթել եմ, ապա պարտություն կրել: Այդ ժամանակ սպորտ դադարից հետո էի վերադարձել: Ֆինանսական խնդիրների պատճառով արտագնա աշխատանքի էի մեկնել Ռուսաստան, մոտ 8 ամիս չէի մարզվել: Հայաստանի չեմպիոն դառնալուց հետո որոշեցի, որ պետք է մնամ սպորտում ու ձգտեմ նպատակներս իրականացնել: Այդ ժամանակ հասկացա, որ ավելիին կարող եմ հասնել: Դրա համար թեեւ ոչ հաջող, բայց մեծահասակների մրցաշարում այդ նորամուտս շատ կարեւոր էր ինձ համար:

Ամենակարեւոր նվաճումը. Օլիմպիական ուղեգրի նվաճումն է, քանի որ բոլոր մարզիկներն էլ երազում են մասնակցել խաղերին, ու ամեն մեկին չի այդ բախտ վիճակվում:

Ուղեգրի նվաճումը. Շատ դժվար տրվեց ուղեգիրը, չէին ցանկանում ինձ վարկանշային վերջին մրցաշարին տանել, բայց հետո մարզիչները որոշեցին, որ պետք է մասնակցեմ: Ուղեգիր նվաճելու վերջին հույսն էր: Տրամադրված մեկնեցի, որ նախ մարզիչների համար պետք է այն նվաճեմ, հետո՝ ինձ: Շատ էի ուզում նրանց հուսախաբ չանել ու ծանր պայքարում ստացվեց ուղեգիրը ձեռք բերել: Ուրախություն այդ պահին այդքան էլ չզգացի, հետո հասկացա ինչի եմ հասել: Երբ հանգստացա, գիտակցեցի, թե ինչպիսի շանս է ինձ տրվել կյանքում:

Լուսանկարը` Մեդիամաքս


Վստահության ձեռքբերում. Երբ խաղերի մեկնարկից մի քանի ամիս առաջ ես ուղեգիր նվաճում, միանգամից քեզ ուժեղ ես զգում: Գիտակցում ես, որ  թույլ չես, հոգեբանական առավելություն ես ստանում ու վստահ դառնում: Նման պահերին լիովին հասկանում ես, որ անգամ չեմպիոն դառնալուն ոչինչ չի կարող խանգարել: Դա օգնում է բոլոր ուժերդ վեր հանել ու օգտագործել հանուն քո նպատակի: Տոկիոյում էլ նույն կերպ եմ ելույթ ունենալու: Վստահ եմ, քանի որ հիմա ավելի լավ եմ պարապում, մարզիչների հետ ավելի տքնաջան աշխատում, սխալներս ուղղում, որ Օլիմպիական խաղերում անեմ առավելագույնն ու առաջին համարը դառնամ:

Կուռքը. Բոլոր հայ մարզիկներով էլ միշտ ոգեւորվում եմ, թեեւ ոչ մեկին էլ նմանվել չեմ ցանկացել: Ամեն մեկից մի բան քաղում եմ: Երբ տեսնում ես, թե լավագույն մարզիկներն ինչ ապրումներ են ունենում, ինչպիսի արդյունքների հասնում, ուզում ես նրանց թվում լինել, ու այդ ձգտումն ամենակարեւոր բաներից մեկն է սպորտում: Մենք բոլորս էլ իրար կամա, թե ակամա ոգեշնչում ենք:
 
Ամենաազդեցիկ մարդը կարիերայում. Եղբայրներս են, հենց նրանք են ինձ օգնել, որ սպորտում մնամ, ֆինանսապես ամեն կերպ աջակցել են, որ կարիերաս շարունակեմ:

Լուսանկարը` Մեդիամաքս


Ելույթից առաջ արարողակարգ. Միշտ խաչակնքվում եմ, քանի որ ամեն ինչ միայն Աստծո կամքով է լինում: Առանց դրա հենց այնպես ոչ ոք չի կարող մեդալ նվաճել:

Կարգախոսը. Անհնարին ոչինչ չկա, կարեւորը ցանկությունն է, ցանկացած նպատակ մի օր կկարողանաս կյանքի կոչել:

Ամենատպավորիչ հաղթանակը. Մ-23 տ. Եվրոպայի առաջնության եզրափակչում էր: Քիթս կոտրվել էր, մի քանի անգամ վնասվածքիս պատճառով գոտեմարտն ընդհատվեց, ընդհանրապես չէի կարողանում շնչել: Հաղթեցի հանուն ընտանիքիս, այդ հանդիպումն ինձ համար չափազանց կարեւոր էր, եթե մեդալ չնվաճեի, սպորտից կհեռանայի: Դա նշան էր, որ պետք է մնամ, արժեր այդքան բաների միջով անցնել Օլիմպիական ուղեգիր նվաճելու համար:

Նախապատրաստական ընթացքը. Շատ լավ է անցնում, ավելի ու ավելի քիչ ժամանակ է   մնում մինչեւ խաղերը: Մենք ընկերներով, թիմի տղաներով շատ ենք իրար օգնում, մթնոլորտը շատ ջերմ է ու դրական է ազդում մեզ վրա: Տրամադրում ենք իրար, որ Տոկիոյում էլ բոլորիս մոտ ամեն ինչ հաջող կլինի:

Լուսանկարը` Մեդիամաքս


Խաղերի հետաձգումը. Եթե խաղերը 2020 թ. լինեին, հոգեբանորեն այդքան էլ պատրաստ չէի լինի կորոնավիրուսի ու պատերազմի պատճառով: Կորոնավիրուսով էի հիվանդացել, վերականգնողական ընթացքը ծանր էր: Աշխարհի գավաթին մասնակցեցի, թվում էր՝ արդեն ապաքինվել եմ, բայց զգացի, որ շատ վատ եմ, հիվանդությունը ծանր հետեւանքներ էր թողել: Ամբողջ մարմինս սկսեց ցավել եւ թուլություն ունեի: Իմ գոտեմարտից շատ դժգոհ էի, ուզում էի պայքարել, բայց ֆիզիկապես ի վիճակի չէի, մարմինս ինձ չէր ենթարկվում: Էլ չասեմ, թե պատերազմն ինչքան ծանր տարա, այդ մասին դժվարանում եմ անգամ խոսել:

Հնարավորությունները խաղերում. Մրցակիցներիս դեռ բոլորին չեմ ուսումնասիրել, հիմնականում ինձ վրա եմ կենտրոնացած: Կարեւորը դեռ մարզումներս են, եթե ես պատրաստ լինեմ ու ունակ անելու ինչ ուզում եմ, կարեւոր չէ, թե ում հետ կգոտեմարտեմ:

Տոկիոն. Ոսկի մեդալ եմ առաջին հերթին Տոկիո ասելիս պատկերացնում: Քաղաքն ուսումնասիրելու ժամանակ չեմ ունեցել, դեռ ավելի կարեւոր գործեր կան: Տոկիոյում հետո էլ կարող եմ լինել, ավելի հանգիստ պայմաններում, իսկ խաղերը միայն մեկ անգամ են այնտեղ լինելու:

Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի Օլիմպիական հավաքականը. Մեր թիմը բավական լավն է: Բոլորին ցանկանում եմ, որ ոսկե մեդալով վերադառնան ու իրենց նպատակները կյանքի կոչեն: Կարեւորն առանց վնասվածքների լինենք: Խաղերը բոլորիս սպորտային կյանքի երազանքն են, պետք է մեր լավագույն կողմերը ցույց տանք:

Մ-23 տ. Եվրոպայի առաջնության հաղթող

Հասմիկ Բաբայան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին