Հոկտեմբեր 14, 2024
exclusive
11186 դիտում

Հայաստանի Օլիմպիական հավաքական. Արթուր Ալեքսանյան


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Ծննդյան թիվ. 21.10.1991 թ. Գյումրիում                      

Մարզաձեւ. Հունահռոմեական ոճի ըմբշամարտ (97 կգ)

Մականուն. Ճերմակ արջ

Ընտանիք. Ամուսնացած չէ

Կրթություն. Սովորել է Գյումրու Միքայել Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտում, ապա կառավարման ֆակուլտետի մագիստրատուրայում:

Կարգախոսը. «Գնալ նպատակների հետեւից ու իրականացնել դրանք»:

Մարզաձեւի ընտրությունը. Հայրս է ինձ տարել ըմբշամարտի դահլիճ: Մինչեւ ինձ մեր ողջ ընտանիքն է զբաղվել այս մարզաձեւով՝ հայրս, հորեղբայրս, եղբայրս: Բայց այնպես ստացվեց, որ իմ արդյունքներով բոլորին գերազանցեցի:

Լուսանկարը` Մեդիամաքս


Հայրը. Սպորտում ամեն ինչ հենց հայրիկից եմ սովորել, փոքր տարիքից կողքիս է եղել ու չեմ էլ պատկերացնում առանց նրա ինչպես կլիներ: Միշտ ասում եմ, որ իմ նվաճումների համար հենց իրեն եմ շնորհակալ: Միասին աշխատելն այնքան էլ հեշտ չէ, բազմաթիվ առավելություններ ու դժվարություններ կան: Չես կարող որպես մարզիչ ու ծնող հակաճառել: Հոգնածության կամ չստացված ելույթի ժամանակ հնարավոր է զայրանանք, բայց գորգից դուրս գալուց հետո ամեն ինչ մոռանում ենք: Երբեմն տանն էլ ենք խոսում ըմբշամարտից, բայց միայն կարեւոր մրցումներից վերադառնալուց հետո:

Մայրիկը. Մայրս իմ ելույթներն երբեք ուղիղ եթերում չի նայում: Միայն համոզվելուց հետո, որ հաղթել եմ, դիտում է տեսագրությունները: Ըմբշամարտի կանոններից շատ լավ տեղյակ է, բայց հիմնականում ոչ սպորտային խորհուրդներ է տալիս: Զգացել եմ, որ հատկապես շատ է մտածում իմ առողջության մասին: Միշտ ասում է, որ իր համար ավելի կարեւոր է առողջությունս, քան՝ նվաճումները: Երբ լուրջ վնասվածքներ եմ ունեցել ու տեսել է, թե ինչերի միջով եմ անցնում, ասել է. «Եթե չես կարող, մի արա»:

Լուսանկարը` Մեդիամաքս


Տունը. Վերջին տարիներին տանը շատ քիչ եմ լինում, միշտ հավաքների ու մրցումների եմ, մայրս սովորաբար բողոքում է, որ ինձ շատ քիչ է տեսնում: Երբ տանն եմ լինում, հատկապես սիրում եմ իր պատրաստած խմորեղենն ուտել, շատ քաղցրակեր եմ:

Նորամուտ. 2010 թ. Նիսում եմ առաջին անգամ մեծահասակների մրցումների մասնակցել: 18 տարեկան էի, հաղթեցի ու ավելի շատ վստահություն եկավ: Երբ նոր էի սկսել կարիերաս, ցանկանում էի այսպիսի նվաճումների հասնել, բայց չեմ էլ պատկերացրել, որ ամեն ինչ այսքան լավ կդասավորվի: Իմ հենց առաջին Եվրոպայի առաջնությունում չեմպիոն եմ դարձել ու հետագայում անընդհատ մեդալներ նվաճել:

Լավագույնը դառնալիս. Սկզբում այսքան վստահ չէի ուժերիս վրա, ինչպես հետո դարձա: Փորձի ու հաղթանակների հաշվին աճեցի: Երեւի առաջին անգամ Աշխարհի չեմպիոն դառնալուց հետո եկավ գիտակցումը, որ ուժեղագույնների թվում եմ, դրանից առաջ Եվրոպայում էլ էի 1-ինը եղել: Շատ պատասխանատու ու դժվար է, երբ անընդհատ հաղթում ես: Ամեն մրցաշարից հետո հաջորդը հաղթելն ավելի բարդ է դառնում, որովհետեւ բոլոր հակառակորդները քո դեմ են պատրաստվում, իսկ դու միայնակ՝ բոլորի:

Լուսանկարը` Մեդիամաքս


Մեդալները. Մեդալներս իսկապես շատ են, բայց իրական թիվը ես էլ չգիտեմ: Ինձ ասել են, որ դրանք հաշվելը լավ նշան չէ, կարիերայի ավարտից հետո կանեմ: Բոլորը մեր տանն են պահվում: Երբ մեդալների համար անկյուն էինք հատկացրել, չէինք պատկերացրել, որ այսքան կավելանան: Անընդհատ շատանում են, իսկ տեղը քչություն է անում (ծիծաղում է, հեղ.):

Պարտությունը. Ես այն մարզիկներից եմ, ովքեր շատ դժվար են տանում պարտությունը: Միշտ զարմացել եմ նրանց վրա, ովքեր հանգիստ են դրան վերաբերվում: Զգացել եմ, որ ինձ էլ չի խանգարի մի քիչ այդպիսին դառնալ: Եղել են դեպքեր, որ պարտություններն ինձ ավելի շատ օգուտ են տվել: Երբ 2016 թ. Եվրոպայի առաջնությունում պարտվեցի, դրանից հետո ավելի կենտրոնացա: Այնպես չէ, որ լուրջ չէի մոտենում ըմբշամարտին, պարզապես բացերս ավելի լավ տեսա ու վստահ մոտեցա Օլիմպիական խաղերին:

Այս խաղերից առաջ էլ պարտություն եմ կրել: Աշխարհի գավաթին մի քանի օր էր մնացել, չէի որոշել մասնակցել, թե ոչ: Հետո հասկացա, որ ճիշտը մեկնելն է: Երկար ժամանակ մրցումներ չէին եղել, հետո մեր երկրի հետ վատ բաներ էին տեղի ունեցել: Պատերազմն իմ ու մնացած տղաների վրա շատ լուրջ ազդեցություն է թողել: Վստահ եմ, որ այդ ամենի միջով կանցնենք, կհաղթահարենք խնդիրներն ու Օլիմպիական խաղերին այլ կերպ կմասնակցենք:

Լուսանկարը` Մեդիամաքս


Խաղերի հետաձգումը. Ինձ համար ավելի լավ կլիներ, որ խաղերը 2020-ին լինեին, թեեւ տարբերությունն այդքան էլ մեծ չէ: Այն ժամանակ հաղթեցի Եվրոպայի առաջնությունում, մնացել էր մի քանի ամիս, որ խաղերը չեղարկեցին: Լավ մարզավիճակում էի ու վնասվածք չունեի: Ավելի շատ սպասողական վիճակն ու անորոշությունն էին դժվար, մարզվում էինք ու չգիտեինք, թե ինչի ենք պատրաստվում:  

3-րդ խաղերը. 2012-ին իմ առաջին խաղերի ժամանակ շատ երիտասարդ էի, ավելի անփորձ, ամեն ինչ այլ կերպ էի պատկերացնում: Շատ լարվածություն կար, հիմա բավական փոխվել եմ, ավելի հանգիստ եմ մոտենում խաղերին ու գիտեմ իմ անելիքները:  

Նպատակը. 2-րդ Օլիմպիական ոսկին Հայաստան բերելն է իմ առաջնային նպատակը: Գնում եմ հաղթելու, այլ տարբերակ չկա, այդպես եմ տրամադրված ու ուրիշ բանի մասին չեմ մտածում: Սովորաբար մինչեւ մրցաշար մեկնելն ինձ արդեն որպես հաղթող եմ պատկերացնում: Իհարկե, հեշտ չի, որ բոլորն ինձնից միայն ոսկի են սպասում, բայց 2016-ի խաղերից առաջ ավելի մեծ լարվածություն կար: Պատրաստվում եմ, ասես սովորական մրցաշարում եմ հանդես գալու, բայց որքան էլ տրամադրվում եմ, միեւնույն է գիտեմ, որ խաղերը սպորտի գագաթնակետն են:

Լուսանկարը` Մեդիամաքս


Օլիմպիական չեմպիոն դառնալը. Արդեն երկար ժամանակ է անցել, բայց միեւնույն է այդ ապրումները բառերով նորից չեմ կարողանում բացատրել, երեւի կարիերաս ավարտելուց հետո ի վիճակի կլինեմ պատասխանը գտնել: Շատ եմ փորձել զգացածս նկարագրել, բայց ոչ մի անգամ լիովին չի ստացվել:

Խաղերից 5 տարի անց. Փոքր տարիքից մեծ ցանկություն եմ ունեցել Օլիմպիական չեմպիոն դառնալ: Երբ սկսեցի մեծ նվաճումների հասնել, մի քանի անգամ Եվրոպայի ու Աշխարհի առաջնություններում հաղթեցի, զգացի, որ Օլիմպիական ոսկին այդքան էլ հեռու չէ ինձնից: Ամեն օրվա մարզումներով աստիճանաբար մոտենում էի դրան: Հիմա էլ ամեն ինչ նույնն է, Ռիո էլ այսպիսի հաղթանակի ծարավով էի մեկնել: Վախ չասեմ, բայց անհանգստություն կա, որ կարող է որեւէ բան չստացվել: Սպորտում այլ կերպ չի էլ կարող լինել, բոլորը չեն կարող միշտ հաղթել:

Էյֆորիան. Մեր մարզիչները միշտ ասում են, որ չեմպիոն դառնալուց ու պատվոհարթակից իջնելուց հետո մյուսների հետ նույն հարթության վրա ենք հայտնվում: Մարդիկ ամեն քայլափոխի չեն թողնում մոռանալ, որ չեմպիոն ես, բայց ներքուստ պետք է հասկանաս, որ այդ մտքով տարվել չես կարող: Տարիների ընթացքում մեդալներիս մասին փորձել եմ շատ չմտածել, դա միայն կխանգարեր ինձ: Ամենաերկար ոգեւորությունը մնացել է Օլիմպիական խաղերից հետո: Երբեք չեմ մտածել, որ լավագույնն եմ, սակայն ինձ տրամադրել եմ, որ բոլորից ուժեղ եմ ու պետք է հաղթեմ:

Լուսանկարը` Մեդիամաքս


Կարեւոր հաղթանակը. Ամենանշանակալի հաղթանակը չեմ կարող ասել, որ Օլիմպիականն է եղել, ամեն մեկն էլ յուրահատուկ է: Եվրոպայի կամ Աշխարհի առաջնություններում տարած ամեն հաղթանակի շնորհիվ եմ հասել Օլիմպիական բարձունքին:

Տոկիոն. Տոկիո ասելիս առաջին հերթին ոսկե մեդալ եմ պատկերացնում: Օղակներն են աչքիս առաջ հայտնվում ու ճապոնացիները: Քաղաքում դեռ չեմ եղել, առաջին անգամն եմ մեկնելու:

Խորհուրդ մարզիկներին. Միշտ իմ փորձով ու գիտելիքներով կիսվում եմ մեր ըմբիշների հետ, տղաներն էլ գիտեն, որ ամեն ինչով կանգնած եմ նրանց կողքին:

Մեր բոլոր մարզիկներին խորհուրդ կտամ շատ չմտածել խաղերի մասին, պատկերացնեն, որ գնում են հերթական մրցաշարի: Չնայած գիտեմ, որ դա անելն այնքան էլ հեշտ չէ: Մանավանդ նրանք, ովքեր առաջին անգամ են մասնակցելու, պետք է ուղեղից հանեն, որ խաղերը 4 տարին մեկ են լինում ու հաղթահարեն լարվածությունը: Թող փորձեն Տոկիոյում ցույց տալ ինչի են ընդունակ: Վստահ եմ, որ ամեն մեկի մոտ էլ կստացվի:

Լուսանկարը` Մեդիամաքս


Օլիմպիական թիմը. Իմ 3-րդ խաղերն են, ու հունահռոմեականները միշտ 4 ուղեգիր են ունեցել: Մեր Օլիմպիական թիմի վերջին արդյունքները ցույց են տվել, որ բոլոր մարզիկներն էլ լավ են պատրաստված: Հավատում եմ, որ բոլոր ուղեգրեր ունեցողներն էլ մեդալների համար կպայքարեն: Ծանրամարտը միշտ լավ ցուցանիշներ է գրանցում, լավ բռնցքամարտիկներ ունենք, բոլորն էլ մոտ են մեդալին ու հաջող մասնակցելու դեպքում ամեն ինչ կստացվի:

2016-ի Օլիմպիական չեմպիոն

2014, 2015, 2017 թթ. Աշխարհի չեմպիոն

2012, 2013, 2014, 2018, 2020 թթ. Եվրոպայի չեմպիոն

2019-ի Եվրոպական խաղերի հաղթող


2012 թ. Լոնդոնի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր


2011, 2016 թթ. ԵԱ-ի արծաթե ու 2017-ի բրոնզե մեդալակիր


2013, 2019 թթ. ԱԱ-ի 2-րդ մրցանակակիր

Շքանշաններ

Մովսես Խորենացու մեդալ (2012 թ.)

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ (2014 թ.)

2015թ. սեպտեմբերի 16-ին Հայաստանի Անկախության տոնի առթիվ, ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացման գործում ներդրած ավանդի, ինչպես նաեւ ԱԱ-ում տարած հաղթանակի համար պարգեւատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով:

Հասմիկ Բաբայան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին