Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը տարին սկսելու է ծաղկաձորյան հավաքով:
Արման Բաբալարյանի հունվարի 10-ից մեկնարկող մարզումներին հրավիրել է 36 ըմբիշի: Երկշաբաթյա մարզումներից հետո հավաքականը կտեղափոխվի Երեւան:
Առաջին միջազգային մրցաշարը կլինի փետրվարի 5-ին Տալլինում, հայտնում է ՀԱՕԿ-ը: Այնտեղ մարզիչը կհայտավորի նաեւ երիտասարդներին:
Հունահռոմեականները դեկտեմբերի վերջին օրերին մասնակցել են Հայաստանի առաջնությանն ու որոշել չեմպիոններին: Դեռ այն ժամանակ Բաբալարյանը նշել էր, որ բավականություն է ստացել ծավալված պայքարից ու գոհ է երիտասարդների որակներից:
«Հավաքականում անպայման փոփոխություններ կլինեն։ 3-4 քաշային կարգերում արդեն տեսնում եմ այն երիտասարդներին, ովքեր կփոխարինեն ավելի մեծերին»,- ասել է Բաբալարյանը։
Երիտասարդ հունահռոմեականները մարտին մասնակցելու են Մ-23 տ. Եվրոպայի առաջնությանը, իսկ մեծահասակները ԵԱ-ում ուժերը կչափեն ապրիլին:




















