Սեպտեմբեր 26, 2025
138 դիտում

Արմեն Բաբալարյան․ ԱԱ-ում մեր թիմի ելույթը գնահատում եմ բավարար


Լուսանկարը` UWW


Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբաշամարտի հավաքականն Աշխարհի առաջնության թիմային հաշվարկում գրավել էր 5-րդ տեղը։

Արմեն Բաբալարյանի սաներից չեմպիոն էր հռչակվել Մալխաս Ամոյանը (77 կգ), իսկ Հրաչյա Պողոսյանը (60 կգ) եւ Սլավիկ Գալստյանը (67 կգ) նվաճել էին բրոնզե մեդալներ։


Այսօր թիմի գլխավոր մարզիչը հանդիպել էր լրագրողների հետ ու գնահատել իր սաների ելույթները։

«Մալխաս Ամոյանը հիանալի հանդիպումներ անցկացրեց ու չեմպիոն հռչակվեց։ Նա առավելության հասավ Օլիմպիական չեմպիոնի նկատմամբ, ում զիջել էր Փարիզում։ Սակայն կարող եմ ասել, որ Մալխասի հաղթանակի որակն անհամեմատ բարձ էր։ Ես լավ եմ ճանաչում տղաներին, ՕԽ-ում Մալխասը զիջեց մրցակցին, իսկ Աշխարհի առաջնությունում ես տեսնում էի, թե նա ինչպես է պատրաստ ու ինչպիսի վստահությամբ է մտնում գորգ։

Հրաչյա Պողոսյանը բրոնզե մեդալի արժանացավ թեժ պայքարում։ Հրահանգն էր, որ ինքը միավոր վաստակի, բայց նաեւ պարտեր դիրքից կարողանա գլորում կատարել, ինչը թույլ կտար միավորների ավելացմանը։ Ցավոք, չկարողացավ, բայց փոխարենը լավ պաշտպանվեց ու հաղթանակ տոնեց։

Սլավիկ Գալստյանն արժանի էր ոսկուն, պարզապես կիսաեզրափակչում չկարողացավ օգտագործել իր հնարքն ու մեկ միավորի տարբերությամբ զիջեց։ Երրորդ տեղի գոտեմարտում նա 0։5 հաշվով պարտվում էր, բայց կամային բարձր որակներ ցույց տվեց, ինչը միայն գովասանքի է արժանի։ ՕԽ-ում կրած պարտությունից հետո Սլավիկը շատ ծանր ամիսներ է անցկացրել, ես էլ նրա հետ, բայց կարողացանք ուշքի գալ։ Կարծում եմ, որ այս մեդալը վստահություն է տալու նրան։


Կարեն Ասլանյանը մեդալի թեկնածու էր, բայց չստացվեց։ Մյուսները պայքարեցին, երիտասարդներ ունենք թիմում, ովքեր դեռ կկարողանան իրենց լավ դրսեւորել ու հետագայում ավելի հաջող հանդես գալ։

Ընդհանուր թիմի ելույթը բավարար եմ գնահատում։ 5-րդ տեղը վատ արդյունք չէ, չնայած կարող էինք նաեւ եռյակում տեղ գտնել»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին