Հայաստանի հունահռոմեական ոճի հավաքականին Աշխարհի առաջնությունում նվաճել էր երեք մեդալ։
Չեմպիոն էր հռչակվել Մալխաս Ամոյանը (77 կգ), իսկ Հրաչյա Պողոսյանը (60 կգ) եւ Սլավիկ Գալստյանը (67 կգ) նվաճել էին բրոնզե մեդալներ։ Այսօր Ամոյանն ու Գալստյանը հանդիպել են լրագրողների հետ ու ամփոփել են իրենց ելույթները։
Մալխաս Ամոյան
«Աշխարհի առաջնություն մեկնել էի միայն ոսկու համար, քանի որ լավ մարզումներ էի անցկացրել, միջազգային մրցաշարերի մասնակցել։ Դժվար գոտեմարտեր ունեցա, բայց բոլորում էլ հաղթանակ տարա ու դուրս եկա եզրափակիչ։
Եզրափակչում հանդիպեցի Օլիմպիական չեմպիոն Նաո Կուսակային, որին զիջել էի Օլիմպիական խաղերում։ Նա մեր քաշային կարգի առաջատարն էր, բայց ես մարզիչներիս հետ շատ էի ուսումնասիրել նրան։ Հասկացել էինք մրցակցի թույլ կողմերը, հետեւություններ արել, ինչի շնորհիվ մարզիչների ասածները կարողացա կատարել գորգի վրա։
Մեկ վայրկյան անգամ չեմ կասկածել հաղթանակիս, պարզապես չէի սպասում, որ նրան այդքան հեշտ կկարողանամ հաղթել։ Ուրախ եմ, որ երկրորդ անգամ դարձա Աշխարհի չեմպիոն»։
Սլավիկ Գալստյան

Լուսանկարը` UWW
«Մեր թիմի մյուս անդամների պես ես եւս լավ վիճակում էի մեկնել մրցավայր։ Հավակնում էի ոսկուն, բայց չստացվեց։ Ես շատ դժվարությունների միջով եմ անցել ու այս բրոնզն էլ անչափ կարեւոր էր ինձ համար։ Կփորձեմ մյուս առաջնություններից վերադառնալ այլ մեդալներով, մարզումների միջոցով կաշխատեմ ուղղել սխալներս։
Երրորդ տեղի համար գոտեմարտում շատ էի ուզում հաղթել, բայց սկզբից միավորներ տվեցի մրցակցիս ու հեշտ չէր հետ բերելը։ Ուրախ եմ, որ պայքարեցի մինչեւ վերջ, ճիշտ կատարեցի մարզիչների հրահանգներն ու դարձա բրոնզե մեդալակիր։
Ինձ համար կարեւոր է, որ մարզիչները հավատում են ինձ։ Ես եւս հավատ ունեմ ու գտնում եմ, որ հետագայում կկարողանամ ավելի լավ ելույթներ ունենալ»։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: