«Նոա»-ն Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլում է՝ մարզչական փոփոխությունից հետո կրկնելով նախորդ տարվա հաջողությունը։ Նշանակում է, որ եվրագավաթային ֆուտբոլը կմնա Հայաստանում առնվազն մինչեւ ձմեռ։
Նախորդ մրցաշրջանի համեմատ «Նոա»-ն չունի այնպիսի անվանի մրցակիցներ, ինչպիսին «Չելսի»-ն էր, բայց կան շատ ուժեղ թիմեր։ Սանդրո Պերկովիչի ղեկավարած թիմին բաժին են ընկել «Դինամո Կիեւ»-ը (Ուկրաինա), «Լեգիա»-ն (Լեհաստան), «Ռիեկա»-ն (Խորվաթիա), «Ունիվերսիտատեա Կրայովա»-ն (Ռումինիա), «Աբերդին»-ը (Շոտլանդիա), «Սիգմա»-ն (Չեխիա)։ Ոչ մեկն էլ չի զիջում «Նոա»-ին իր խաղային որակներով ու կազմով։
Պետք է իրատեսական մոտեցում ունենալ եւ հասկանալ, որ եվրոպական թատերաբեմում Հայաստանի չեմպիոնը դեռ շատ երիտասարդ է եւ անփորձ ու միանգամից մեծ արդյունքներ ակնկալելը ուտոպիա է։ Հայաստանի առաջնության այս հատվածում «Նոա»-ն ցուցադրում է ոչ այդքան վստահ խաղ։ Թեեւ թիմն իր միջոցներով մի քանի անգամ գերազանցում է գրեթե բոլոր մրցակիցներին, բայց հաղթանակները տրվում են շատ մեծ դժվարությամբ։ Զգացվում է, որ ֆուտբոլիստները դեռ լավ չեն հասկանում գլխավոր մարզչի մտահղացումները։ «Նոա»-ն խաղի ընթացքում հաճախ է անցնում հախուռն գրոհների՝ գնդակն ուղղակի բարձրից ուղարկելով մրցակցի տուգանային։ Տպավորություն կա նաեւ, որ խորվաթ մասնագետն այդքան էլ լավ չի ճանաչում սեփական կազմում եղած ֆուտբոլիստների ուժեղ եւ թույլ կողմերը՝ կատարելով տարօրինակ փոփոխություններ։ Ակնհայտ է, որ «Նոա»-ն ոչ օպտիմալ մարզավիճակով է մոտենում Կոնֆերենցիաների լիգային։ Բայց միեւնույն ժամանակ պետք չէ մոռանալ, թե ինչպես էր Հայաստանի չեմպիոնը դիմակայում «Ֆերենցվարոշ»-ին եւ հուսալ, որ կկարողանա հայտնվել Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆում։

Լուսանկարը` FC Dinamo Kiev
Մրցակիցներից ամենահզորը Կիեւի «Դինամո»-ն է։ Թիմ, որը սիրում է տիրել գնդակին եւ սովորաբար մանր խաղարկումներով է կառուցում խաղը։ Իր կազմում ունի հզոր կատարողներ եւ վստահորեն գլխավորում է Ուկրաինայի Պրեմիեր լիգան։ Հուսադրող է, որ նման ահեղ մրցակցի հետ «Նոա»-ն հանդիպելու է չեզոք դաշտում եւ լիգայի փուլի վերջին տուրում (դեկտեմբերի 19-ին)։ Եթե ուկրաինացիներն արդեն ապահոված լինեն իրենց տեղը փլեյ-օֆֆում, ապա կարող են խաղալ ոչ այդքան մարտական կազմով։ Դա հնարավորություն կտա Հայաստանի չեմպիոնին հուսալ անչափ կարեւոր միավորի կամ միավորների։ «Նոա»-ն հնարավորինս պետք է զրկի մրցակցին ազատ տարածություններից սեփական կիսադաշտում։ Ամուր պաշտպանություն եւ սրընթաց հակագրոհներ՝ այս մարտավարությունը, թերեւս, միակ իրատեսականն է նման խաղում։

Լուսանկարը` FC Legia
«Դինամո»-ին հաջորդում են «Լեգիա»-ն եւ «Ռիեկա»-ն։ Թեեւ թիմերը նույնպես իրենց լավագույն մարզավիճակում չեն (ներքին առաջնություններում դուրս են անգամ լավագույն հնգյակից) պետք չէ մոռանալ նախորդ մրցաշրջանում նրանց ունեցած նվաճումները․ «Ռիեկա»-ն գրանցեց ոսկե դուբլ՝ դառնալով երկրի չեմպիոն եւ գավաթակիր, իսկ «Լեգիա»-ն նվաճեց Լեհաստանի գավաթը։ Թիմերը խուսափում են գնդակի երկար տիրապետումից, սիրում են խաղալ երկրորդ համարով՝ կիրառելով երկար ուղղահայաց փոխանցումներ։ Հաճախ են գրոհներին միանում եզրային պաշտպանները` ստեղծելով թվային գերակշռում այս կամ այն եզրում, միեւնույն ժամանակ թիկունքում թողնելով հսկայական ազատ տարածություններ։ Երկուսն էլ խաղում են բարձր ինտենսիվությամբ եւ նման մրցավեճերում ֆիզիկական պատրաստվածությունը մեծ դեր է խաղալու։ Նրանց հետ մրցավեճերը կայանալու են Հայաստանում (հոկտեմբերի 2 «Ռիեկա», դեկտեմբերի 11 «Լեգիա»), ինչը լրացուցիչ դրական գործոն է «Նոա»-ի համար։
Երկու խաղերում էլ դրական արդյունք կլինի 1-ական միավոր վաստակելը։ Վահան Բիչախչյանի «Լեգիա»-ի հետ հանդիպմանը դեռ շատ ժամանակ կա եւ թիմը կարող է աստիճանաբար վերգտնել իր մարզավիճակը, բայց «Ռիեկա»-ի հետ մրցավեճը մոտ է եւ պետք է մաքսիմալ օգտվել մրցակցի ոչ օպտիմալ վիճակից։

Լուսանկարը` FC Universitatea craiova
Հաջորդիվ արդեն գալիս են այսպես ասած հաղթահարելի մրցակիցները, որոնց շարքում առանձնանում է «Ունիվերսիտատեա Կրայովա»-ն։ Վերջինս շատ լավ է մեկնարկել Ռումինիայի Սուպեր լիգայում եւ այժմ գլխավորում է այն։ Թիմը խաղում է ժամանակակից, գնդակի տիրապետման վրա հիմնված կոմբինացիոն ֆուտբոլ։ Գրոհում են հիմնականում կենտրոնով՝ կարճ փոխանցումներով։ Ռումինական թիմի հետ հանդիպումը կայանալու է մրցակցի հարկի տակ հոկտեմբերի 23-ին եւ դժվար թե նրանք կորցնեն իրենց գերազանց մարզավիճակը մինչ այդ։ Նման թիմերի հետ խաղերում պետք է փորձել զրկել մրցակցին գնդակի տիրապետումից՝ խառնելով վերջիններիս բոլոր խաղաթղթերը։

Լուսանկարը` FC Aberdeen
Հայաստանի չեմպիոնի համար որոշիչ են լինելու նոյեմբերին կայանալիք երկու հանդիպումները՝ նոյեմբերի 6-ին այստեղ կընդունեն չեխական «Սիգմա»-ին, իսկ նոյեմբերի 28-ին կհյուրընկալվեն շոտլանդական «Աբերդին»-ին։ Այս թիմերը խաղի մեկնարկից սկսած կիրառում են բարձր եւ ինտենսիվ պրեսինգ՝ անընդհատ ճնշելով մրցակցին ու ստիպելով սխալվել։ Գրոհելիս նախընտրում են ուղղահայաց երկար խաղարկումներ եւ սիրում են ծանրաբեռնել մրցակցի տուգանայինը բարձրից փոխանցումներով։ Խաղում են ավելի պարզ ֆուտբոլ՝ խուսափելով բարդ ստրատեգիական լուծումներից։ Բայց դա որեւէ կերպ չի նշանակում, որ պետք է թերագնահատել մրցակիցներին։ Ընդհակառակը, Պերկովիչն ունի բարդ խնդիր՝ ինչպես ստանալ թիմային կոմբինացիոն ֆուտբոլ եւ կոտրել նման անառիկ պաշտպանական գծերը։
Դավիթ Սարգսյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: