Նոյեմբեր 19, 2024
247 դիտում

Ջուլֆալակյան. Ազգակործան պատուհասի ձեռքը սեղմողները կարծում էին, որ իրենց խնայելո՞ւ են


Լուսանկարը` Մեդիամաքս


Երեկ մի խումբ առաջատար հայ ըմբիշներ իրենց դժգոհությունն էին հայտնել, որ իրենց չենք ընդգրկել Երեւանում կայանալիք զինվորականների Աշխարհի առաջնությանը նախապատրաստվող Հայաստանի հավաքականի կազմում:


Այդ մասին իր մեկնաբանությունn է արել Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը: Նա Ֆեյսբուքի իր էջում այսպիսի հրապարակում է գրառել.

«Երբ ցանկացած ոլորտի լավագույն ներկայացուցիչները (բանակ, գիտություն, սպորտ, մշակույթ, արվեստ) ազգակործան պատուհասի եւ նրա խմբակի անդամների ձեռքն են սեղմում, երջանիկ ժպիտով հետները նկարվում ու տարբեր պարգեւներ ստանում՝ մոռանալով Արցախի դավաճանական հանձնումը, հազարավոր զոհերի ուրացումը, Հայոց պատմության պղծումը, ամեն հայկականի մերժումը, կարծում են, որ երբ հերթը իրենց հասնի, խնայվելո՞ւ են:  

Վարչապետի պաշտոնը զբաղեցնողն իր ընտանիքով հանդերձ վաղուց ապացուցել է, որ ոչ մի կարմիր գիծ չունի, ոչ մի սրբություն, ոչ մի արժեք: Գերնպատակը ցանկացած գնով իշխանություն պահելն է՝ աղետը շարունակելու եւ ավարտին հասցնելու համար:

Հանրությունը զարմացել է, թե ինչու չի թույլ տրվել, որ Հայաստանի ըմբշամարտի հավաքականը լավագույն կազմով մասնակցի վերոնշյալ ստուգատեսին:

Նախ նշեմ, որ մրցաշարը չի պատկանում Ըմբշամարտի Համաշխարհային Ֆեդերացիային (UWW), մասնավոր կազմակերպության միջոցառում է:

Պետք է պարզել, թե ո՞վ է եղել այն խելացին, որ որոշել է դիմել՝ հյուրընկալելու երկրորդական այս մրցաշարը: Ի՞նչ անձնական շահ է ունեցել, ի՞նչ հաշվարկներ եւ հեռու գնացող նպատակներ: Պետք է ստուգել, թե ո՞վ է շահել մրցումների անցկացման տենդերը եւ ինչքա՞ն գումար է դուրս գրվել պետական բյուջեից: Ունեցածս տվյալներով՝ նման մրցաշարի համար նախադեպը չունեցող գումար: Ի՞նչ կապ ունեն շահողները ՔՊ վերնախավի հետ...

Մրցումներն արդեն սկսվում են, եւ ոչ մի իմաստ էլ բարձրացված աղմուկը չի ունենալու: Հեղինակն էլ հասնելու է իր նպատակին, մեծարելու է այն պետությունների մարզիկներին, որոնց անձամբ համակրում է եւ եւս մեկ անգամ փորձելու է համոզել հայերին, որ չի կարելի որեւէ ոլորտում լինել լավագույնը: Հայը պետք է լինի պարտված, ենթակա, գլխիկոր ու մտածի միայն փորի եւ ժամանցի մասին: Ժամանցն էլ կապահովեն աշխարհից հրավիրված տարբեր ոլորտի հյուրերը:

Մի քանի օրից 10 լավագույն մարզիկների եւ այլ ոլորտների տարին եզրափակող միջոցառումներն են լինելու: Կտեսնենք, թե քանիսն են արտահայտելու իրենց դժգոհությունը, անհամաձայնությունը, բողոքը տեղի ունեցող այլանդակությունների հանդեպ՝ բոյկոտելով դրանք:

Չգիտես ինչու թիրախավորվել են ՊՆ-ն եւ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան:

Ըստ ձեզ՝ մի երկրում, որտեղ sms-ով մեկ օրում 6 բարձրաստիճան պաշտոնյա են գործից հանում, ինչ որ Սուրեն Պապիկյանի, Կարեն Գիլոյանի կամ Ժաննա Անդրեասյանի կարծի՞քն են հարցնելու»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին