Հուլիս 27, 2024
3927 դիտում

Փարիզ-2024-ում Արսեն Հարությունյանին եւ Վազգեն Թեւանյանին սպասվող մրցակիցներն ու պայքարը


Լուսանկարը` UWW

Լուսանկարը` UWW


11 Օլիմպիական ուղեգիր ունեցող Հայաստանի հավաքականի կազմում 5-ն ըմբիշ են։

Փարիզի Grand Palais Éphémère-ում կայանալիք ըմբշամարտի մրցումներին մասնակցելու է 2 ազատ ոճային՝ Արսեն Հարությունյանն ու Վազգեն Թեւանյանը, երկուսն էլ ուղեգրերը նվաճել են 2023-ի Աշխարհի առաջնությունում։

Ընդհանուր առմամբ Օլիմպիական խաղերին մասնակցելու են 288 մարզիկներ, ամեն քաշային կարգում ներկայացված է լինելու 16-ական ըմբիշ։


Վերջին 3 տարի անընդմեջ Եվրոպայի չեմպիոն Հարությունյանը, որը մրցաշարում 4 ոսկի ունի նվաճած, Բելգրադի ԱԱ-ում 3-րդ տեղն է գրավել ու ուղեգիրը ապահովել։ Աշխարհի առաջնություններում ըմբիշը բավարարվել է միայն բրոնզե մեդալներով, որոնք նվաճել է 2021, 2022 եւ 2022 թվականներին։

Մինչեւ 57 քաշային կարգի առաջին համարը Աշխարհի չեմպիոն Ստեֆան Միչիչն (Սերբիա) է, նրան հաջորդում է Ռիոյի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր ու 2022-ի Աշխարհի չեմպիոն Ռեյ Հիգուչին (Ճապոնիա)։ Ճապոնացին 2023-ի եզրափակչում հենց սերբին է զիջել ու 2-րդ տեղը գրավել, իսկ Հարությունյանը 1/4 եզրափակչում պարտություն էր կրել Հիգուչիից։ Հետաքրքիր կլինի այս եռյակի դիմակայությանը հետեւել նաեւ Օլիմպիական խաղերում։

Երկրորդ բրոնզե մեդալակիրն Ալբանիան ներկայացնող Զելիմխան Աբակարովն է։ Մյուս մարզիկները ներկայացնում են Մեքսիկան, Պուերտո Ռիկոն, Եգիպտոսը, Գվինեա-Բիսաուն, Ադրբեջանը, Ղրղզստանը, Ուզբեկստանը, ԱՄՆ-ն, Հնդկաստանն ու Չինաստանը։ Եվս երկու ըմբիշ էլ հանդես կգա չեզոք դրոշի տակ։

Լուսանկարը` UWW


Մինչեւ 65 կգ քաշային կարգում Վազգեն Թեւանյանը 4-րդ համարն է։ 2023-ի Եվրոպայի չեմպիոնը նախորդ Աշխարհի առաջնությունում 3-րդ տեղն է գրավել ու Արսեն Հարությունյանի պես իր երկրորդ Օլիմպիական խաղերում հանդես կգա։

Երկուսն էլ մասնակցել են Տոկիոյի խաղերին ու զիջել մեկնարկային գոտեմարտերում, ժամանակն է, որ Փարիզում ըմբիշները ցույց տան, թե ինչ հետեւություններ են արել ու որքան լավ կարողացել պատրաստվել մրցաշարին։

Հունգարիան ներկայացնող Աշխարհի չեմպիոն Իսմայիլ Մուսուկաեւը 65 կգ քաշային կարգի առաջատարն է, Սեբաստիան Ռիվերան (Պուերտո Ռիկո) եզրափակչում զիջել է նրան ու արծաթե մեդալակիր դարձել: Թեւանյանն էլ կիսաեզրափակչում նրանից է պարտություն կրել։ 3-րդ տեղն է գրավել նաեւ չեզոք դրոշի տակ հանդես եկող Շամիլ Մամեդովը։ Այս քաշային կարգում էլ հետաքրքիր դիմակայություն է սպասվում Փարիզում։

Ներկայացուցիչներ կունենան նաեւ Իրանը, Մեքսիկան, Կուբան, Սամոան, Ավստրալիան, Վրաստանը, Ադրբեջանը, Ճապոնիան, Ղրղզստանը, Ալբանիան, Մոնղոլիան եւ ԱՄՆ-ն։

Հարությունյանն Օլիմպիական խաղերում պայքարի մեջ կմտնի օգոստոսի 8-ին, իսկ Թեւանյանը՝ օգոստոսի 10-ին։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին