Հուլիս 27, 2024
exclusive
1156 դիտում

Կուրղինյան. Մեր երկրում սպորտի նկատմամբ պետական լուրջ վերաբերմունք չկա


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիա

Լուսանկարը` Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիա

Լուսանկարը` Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիա

Լուսանկարը` Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիա

Լուսանկարը` Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիա


Արտաշատում կայացած ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությանը մասնակցել են ընդամենը 70 մարզիկներ, ինչը խիստ մտահոգություն է առաջացրել հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանի մոտ:

Հայաստանի չեմպիոններ են դարձել Մանվել Խնձրցյանը (57 կգ), Մեժլում Մեժլումյանը (61 կգ), Անդրանիկ Ավետիսյանը (65 կգ), Գեւորգ Մխեյանը (70 կգ), Հայկ Պապիկյանը (74 կգ), Արման Ավագյանը (79 կգ), Ռազմիկ Եփրեմյանը (86 կգ), Իգոր Սարկիսյանը (92 կգ), Գուրգեն Սիմոնյանը (97 կգ) եւ Մարտին Սիմոնյանը (125 կգ):

Մարզիչը Mediamax Sport-ին պատմել է ըմբշամարտի զարգացմանը խոչընդոտող հանգամանքների, մրցակցության բացակայության ու ԿԳՄՍ-ի բացթողումների մասին:

«Մասնակիցների թիվը չափազանց քիչ էր, ինչը բավական մտահոգիչ է պայքարի առումով: Որոշ քաշային կարգերում ընդամենը 2-3 մասնակից է եղել, վիճակը միջինից բարձր քաշերում ահավոր է: Մարզիչների համար էլ չափազանց բարդ է ընտրություն կատարել, քանի որ մրցակցությունը բացակայում է:

Առաջնությանն անգամ պատանի ըմբիշներ են ելույթ ունեցել, եթե երիտասարդներին էլ հանենք, առավել մտահոգիչ թիվ կունենանք: Օրինակ՝ Վլադիկավկազում միայն մեկ դահլիճում է 80 ըմբիշ մարզվում, իսկ իրենք նման մի քանիսն ունեն:

Լուսանկարը` Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիա


Երեւանում հիմնականում ազատ ոճով զբաղվելու լավ պայմաններ կան Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում: Առաջնությանը մասնակիցներ կային նաեւ Արտաշատից, Վանաձորից ու Գյումրիից, այնտեղ աշխատող նվիրյալների շնորհիվ է, որ մարզերում էլ կադրեր ունենք:

Շատ դժվար է նման պայմաններում խոսել մարզաձեւը զարգացնելու մասին, խնդիրները բազմաթիվ են, մեր երկրում սպորտի նկատմամբ պետական լուրջ վերաբերմունքը բացակայում է, ԿԳՄՍ-ն միայն խոսում է:

Նախորդ տարի մարզիչների համար ատեստավորում արեցին, որը շատ փնթի ու ոչ պրոֆեսիոնալ էր: Հարցաշարը կազմելիս չեն խորհրդակցել ըմբշամարտի ֆեդերացիայի, մարզիչների կամ ֆիզկուլտինստիտուտի համապատասխան բաժնի մասնագետների հետ:

Ինքս էլ մասնակցել եմ քննությանը, հարցերը մասնագետներ չէին կազմել ու սխալ ձեւակերպումներով, իմաստը չէր հասկացվում, անգամ ինստիտուտի մասնագետները չեն կարողացել պատասխանել, սկսնակ մարզիչներն ինչպես կկարողանային: Այդպես են արել, որ աշխատավարձերը բարձրացնեն, բայց համարում եմ, որ 80-90 հազար դրամն էլ քիչ է:

Լուսանկարը` Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիա


Վերջին տարիներին ազատ ոճում մեդալային առաջընթաց կա, մեզ հաջողվում է խոշոր մրցումներից ձեռնունայն չվերադառնալ: Սակայն դա հակառակ ազդեցությունն է ունենում՝ խնդիրները կոծկվում են ու լուծում չեն ստանում: Բայց թե ինչպես այդ մեդալները բերեցինք, ինչի արդյունքում ու որքան ջանքեր գործադրեցինք, իրենք էլ տեղյակ չեն:

Պարգեւավճարներն ու մեզ տրվող գումարներն ավելացել են, բայց հաղթանակները սխալ ենք օգտագործում: Պետք է կարողանալ նայել սխալներին ու հետեւություններ անել, այլապես հետո լրջագույն խնդիրների առաջ ենք կանգնելու ու մեծ պարտություններ կրելու: Անհրաժեշտ է սովորել նայել իրականության աչքերին եւ ճիշտ քայլեր ձեռնարկել:

Մեզ բարդ տարի է սպասվում, 2024-ին Օլիմպիական խաղեր կան, դեռ 2 ուղեգիր ենք նվաճել: Դեկտեմբերից Ծաղկաձորում ուսումնամարզական հավաք կանցկացնենք ու կպատրաստվենք փետրվարին Զագրեբում կայանալիք Եվրոպայի առաջնությանը»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին