Ապրիլ 20, 2024
exclusive
1456 դիտում

Բաբալարյան. Արթուրը ցույց տվեց, որ հավասարը չունի ու իր քաշային կարգում առաջինն է


Լուսանկարը` UWW

Լուսանկարը` UWW

Լուսանկարը` UWW

Լուսանկարը` UWW


Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի ընտրանին Բելգրադում կայացած Աշխարհի առաջնությունում 2 մեդալ է նվաճել:

Մալխաս Ամոյանը (77 կգ) դարձել է բրոնզե մեդալակիր, իսկ Արթուր Ալեքսանյանը (97 կգ) 4-րդ անգամ հռչակվել է Աշխարհի չեմպիոն:

Ընտրանու գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը Sport Mediamax-ի հետ ամփոփել է արդյունքներն ու խոսել հետագա անելիքներից:

«Հաշվի առնելով, որ մեզ հաջողվել է 2 մեդալ նվաճել, թիմի ելույթը բավարար եմ գնահատում: Հրաչյա Պողոսյանն էլ կարող էր բրոնզե մեդալակիր դառնալ, բայց ձեռքից բաց թողեց հնարավորությունը:

Լուսանկարը` UWW


Արթուրը երկարատեւ դադարից հետո վերադարձավ ու ցույց տվեց, որ իր քաշային կարգում առաջին համարն է ու հավասարը չունի: Նա մինչ այս ուսի հետ կապված խնդիր ուներ, որը բուժել էինք: Անկոտրում կամք դրսեւորեց ու ցույց տվեց, թե որքան է ցանկանում նվաճել ոսկին: Մենք հիմնական մրցակից էինք համարում իրանցի Սարավիին, բայց նրան էլ գերազանցեց:

Ալեքսանյանը մեկ անգամ չէ ցույց տվել, թե ինչպիսի կամային որակներ ունի, դրան գումարվեց նաեւ քառակի չեմպիոն դառնալու ցանկությունն ու ամեն ինչ ստացվեց: Դեռ նախավարժանքի ժամանակ զգացվում էր աչքերում հաղթական կայծը:

Ամոյանը թեեւ զիջեց առաջին գոտեմարտում, բայց լավ է, որ կարողացավ բրոնզե մեդալակիր դառնալ: Վստահ պայքարեց ու կամային որակներ ցույց տվեց 3-րդ տեղի համար բարդ գոտեմարտում:

Լուսանկարը` UWW


Մեկնարկում նա պատահաբար զիջեց, հաճախ է լինում, որ 1-ին դիմակայությունում դեռ լավ չեն զգում իրենց, Մալխասի համար եզրափակչի պես էր ու չկարողացավ հաղթել: Բայց ամեն ինչ արեց, որ առանց մեդալ չմնա:

Նոր քաշային կարգում ընդամենը 2-րդ մրցաշարն էր անցկացնում, մինչ այդ արդեն Եվրոպայի չեմպիոն էր դարձել: Բավական մրցակցային քաշային կարգ է ու 7-8 ԵԱ-ի ու ԱԱ-ի հաղթողներ եւ մեդալակիրներ էին հանդես գալիս:

Մյուս մարզիկների դեպքում տարբեր սխալներ են եղել, որոնք մանրամասն կդիտարկենք իրենց հետ ու կաշխատենք ուղղել: Այս Աշխարհի առաջնությունը բավական ուժեղ կազմ էր հավաքել, անգամ Իրանի ընտրանին, որը ֆավորիտ էր համարվում, չկարողացավ ոսկի նվաճել, բավարարվեց 2 արծաթե ու 1 բրոնզե մեդալներով: Հիմա բավական լավ ըմբիշներ կան նաեւ Եվրոպայում, Սկանդինավյան երկրներն են զարմացնում իրենց պատրաստվածությամբ:

Լուսանկարը` UWW


Մենք պետք է շարունակենք ավելի լավ աշխատել, կանգնելու իրավունք չունենք, շատ ավելի լուրջ ու նպատակասլաց ենք մոտենալու աշխատանքին, որ հատկապես տեխնիկատակտիկական պայքարում չզիջենք: Պետք է ամեն ինչ անենք, որ հավասար հաշիվների դեպքում մեզ պարտություն չգրանցվի, ինչպես եղավ այս ԱԱ-ում»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին