Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, ԱԺ-ի պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը դարձել է Համառուսաստանյան մրցաշարի հաղթող:
Ապրիլին հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը մասնակցելուց ու բրոնզե մեդալ նվաճելուց հետո նա 7 ամսվա դադարից հետո կրկին գորգ է վերադարձել:
Ջուլֆալակյանը 4 գոտեմարտ է անցկացրել ու 1-ին տեղը գրավել: Mediamax Sport-ին ըմբիշն ասել է, որ կազմակերպիչներից ստացած հրավերն անակնկալ է եղել: Քանի որ տարբեր պատճառներով վաղուց մրցման չէր մասնակցել, սիրով համաձայնվել է:
«Կարծես մասնակցում էի Ռուսաստանի մեծահասակների առաջնությանը: Սխալներ թույլ տվեցի, պատճառը, կարծում եմ, հիմնականում մրցումային փորձի մեծ պակասն էր։ Բայց ուրախ եմ, որ կարողացա բոլոր դեպքերում շտկել բացթողումներս ու հաղթել մրցումներում»,- նշել է Ջուլֆալակյանը:




















