Փետրվարի 27-ին ժամը 19։00-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալու է հրաձգության Եվրոպայի առաջնության բացման արարողությունը։
Հայաստան են ժամանելու 40 երկրի մարզիկներ, օդամղիչ ատրճանակ, օդամղիչ հրացան ու շարժվող թիրախ մրցաձեւերում խաղարկվելու է մեդալների 70 հավաքածու։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ասուլիսի ժամանակ հայտնել է, որ առաջնության կազմակերպման համար պետությունը հատկացրել է 500 մլն դրամ, որի մեջ մտնում է նաեւ անհրաժեշտ գույքի ձեռքբերումը։
«Մենք կարեւորում ենք հրաձգության զարգացումը Հայաստանում։ Քննարկում ենք մարզադպրոցների վերանորոգման ու գույքով արդիականացման ծրագիրը։ Հույս ունենք, որ Եվրոպայի առաջնության անցկացումը կնպաստի հրաձգության զարգացմանը մեր երկրում»,-ասել է Անդրեասյանը։
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանն էլ նշել է, որ ԵԱ-ում հանդես կգան 26 մարզիկով։
«Մեդալների ակնկալիք ունեմ, բայց չեմ կարող ասել, թե քանի հատ ու ինչ գույնի։ Ցավոք, մենք միայն մեկ մարզադպրոց ունենք, բայց հույս ունեմ, որ այս առաջնությունը զարկ կտա զարգացմանը»,-նշել է Նիկողոսյանը։
Մասնակից երկրների պատվիրակությունները ժամանելու են փետրվարի 26-ից։ Մրցումների մեկնարկը կլինի մարտի 1-ին։




















