Մի քանի օր առաջ այս տարվա Աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը հետազոտվել է Երեւանում:
Հունահռոմեական ոճի ըմբիշը վնասվածքով էր հանդես եկել Ղազախստանում կայացած Աշխարհի առաջնությունում ու եզրափակչում չէր կարողացել դուրս գալ պայքարի:
Ըմբիշի անձնական ու Հայաստանի հավաքականի մարզիչ Գեւորգ Ալեքսանյանը Mediamax Sport-ին ասել է, որ վիրահատության կարիք չի լինի, քանի որ այդ դեպքում բուժման ընթացքը բավական կերկարի:
«7-րդ կողի վերջնամասում կոտրվածք կա: Ես վախենում էի, որ այդ խնդրի պատառով կողոսկրը կվնասի ներքին օրգաններին, բայց բարեբախտաբար, ամեն ինչ նորմալ է: Հիմա դեռ Արթուրին հանգիստ է անհրաժեշտ, հնարավորինս անշարժ դիրքում պետք է մնա, մոտ 1,5 ամիս թույլ մարզումներ կանցկացնի:»,- նշել է Ալեքսանյանը:
Մարզիչն անդրադարձել է նաեւ Աշխարհի առաջնությունում Արթուր Ալեքսանյանի ելույթին: Գեւորգ Ալեքսանյանը խոստովանել է, որ իրեն դուր են եկել առաջին 2 գոտեմարտերը, երբ Արթուրն ավելի ակտիվ ու արագ է գործել եւ ոչ մի միավոր չի տվել մրցակիցներին: Միայն վնասվածք ստանալուց հետո է փոքր-ինչ դանդաղել:

Լուսանկարը` UWW
«Թուրք Չենք Իլդեմն Արթուրի ամենաուժեղ մրցակիցներից է, նրա հետ պայքարում էլ հնարք կատարելուց հետո վնասվածքը խորացավ: Նման ցավով էլ Արթուրը գնում էր հաղթելու, ոչ բոլոր մարզիկներն այդպես կանեին: Նա պայքարող է, մինչեւ վերջ ցանկանում էր հանդես գալ, բայց ֆեդերացիան ու մարզչական շտաբը որոշեցին արգելել մասնակցել եզրափակչին: Դա ամենաճիշտ որոշումն էր` հետագա բարդություններից խուսափելու համար»,- ավելացրել է Ալեքսանյանը:
Նրա խոսքով` Աշխարհի առաջնությունն ամենալուրջ մրցաշարերից է, որտեղ հանդես են գալիս շատ ուժեղ մրցակիցներ ու եզրափակչում հնարավոր չէր հեշտությամբ եւ առանց ջանքերի առավելության հասնել Մուսա Եվլոեւի նկատմամբ:
«Նա շատ բարդ մրցակից է, Արթուրի համար դժվար կլիներ նման վնասվածքով պայքարել: Մանավանդ, որ մեր գերնպատակն Օլիմպիական խաղերում լավագույնս մասնակցելն է: Արթուրի համար շատ ցավալի էր արծաթե մեդալակիր դառնալ, նա պատրաստ էր ու ոսկու համար էր մեկնել առաջնություն: Շատ ծանր տարավ այդ ամենը, գիտենք, որ հետագայում էլ ափսոսալու ենք կորցրած ոսկե մեդալի համար, բայց այս անգամ այն նվաճել չստացվեց»,-խոստովանել է մարզիչը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: