Կոնֆերենցիաների Լիգայի որակավորման 3-րդ փուլում այսօր Պրահայում «Արարատ-Արմենիա»-ն հյուրընկալվելու է «Սպարտա»-ին:
sport.cz-ի հաղորդմամբ՝ երեւանյան ակումբի պորտուգալացի մարզիչ Մանուել Տուլիպայի ասուլիսն անսովոր է անցել: Նա խոստովանել է, որ իր դուստրն աշխատում է Պրահայում, իսկ վերջում հիշել կյանքից հեռացած իր ընկերոջը՝ «Պորտու»-ի ավագ Ժորժե Կոշտային:
«Քանի որ դուստրս բնակվում է Պրահայում, շատ լավ եմ ծանոթ Չեխիայի առաջնությանը, թիմի մարզչին ու ամբողջ քաղաքին: Դուստրս բնակվում է «Սլավիա»-ի ստադիոնի հարեւանությամբ, իսկ աշխատում՝ քաղաքի կենտրոնում: Ֆուտբոլը նրան այդքան էլ չի հետաքրքրում: Բայց ՉԼ-ում «Ինտեր»-ի դեմ խաղում «Սլավիա»-ին է երկրպագել, իսկ հետո շատ հավանել Լետնայի սնունդը: Դուստրս ինձ շատ բան է սովորեցրել, նա մարդկանց հետ է աշխատում, դրանում է կայանում նաեւ ֆուտբոլի էությունը: Իսկ հիմա ես եմ փորձում նրան շատ ֆուտբոլային գիտելիքներ փոխանցել»,-ասել է Տուլիպան:
Մարզիչը իրենց հետ սպասվող դիմակայության ֆավորիտ «Սպարտա»-ին է համարում, թեեւ հավատում է, որ հրաշքներ եւս լինում են. «Գիտեք, ֆավորիտները միշտ չէ, որ հաղթում են, մեզ հաջողություն է պետք ու խաղին լավ պատրաստված մոտենալ, որպեսզի կարողանանք զարմացնել տանտերերին: Մրցակիցը լավ կազմակերպված թիմ ունի, հաջող անցումներ ու գրոհներ է կազմակերպում: Այն իսկապես տարբերվում է մեր նախորդ մրցակիցներից»:
Ասուլիսի ավարտին Տուլիպան ցանկացել է հարգել 53 տարեկանում կյանքից հեռացած իր ընկերոջ հիշատակը, որը 2004 թվականին «Պորտու»-ի ավագն էր ու թիմի հետ Չեմպիոնների Լիգայի հաղթող է դարձել:
«Մենք կորցրել ենք մեծագույն մարդու ու ընկերոջ: Նա հիանալի ավագ էր, իսկական լեգենդ: Իմ անկեղծ ցավակցություններն ու աջակցությունն եմ հայտնում նրա ընտանիքին»,-համարյա արցունքն աչքերին ասել է Տուլիպան:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: