Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունը վերադարձավ՝ իր հետ բերելով նոր ինտրիգներ եւ տեղ-տեղ դիտարժան պայքար։
Առաջին տուրը առանձնացավ ոչ միայն ստադիոններում հնչող Հայաստանի օրհներգով եւ բարձրացվող դրոշով, այլեւ անմարդկային տապի առկայությամբ։ Ֆուտբոլիստները պայքարում էին ոչ միայն իրար հետ, այլ նաեւ եղանակային պայմանների։ Ջրային դադարները թեեւ մեղմում, բայց ամբողջովին չէին կարող չեզոքացնել անապատային տապը։
Ի պատիվ բոլոր թիմերի պետք է նշել, որ ֆուտբոլիստները համառ պայքար էին մղում անկախ ամեն ինչից՝ ֆուտբոլասերներին պարգեւելով դիտարժան պահեր։
«Ալաշկերտ» - «Փյունիկ» ՝ 1:2

Լուսանկարը` FC Pyunik
Առաջին տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Արմավիրում՝ իրար էին հանդիպել մետամորֆոզ ապրած ու հզորացած «Ալաշկերտ»-ն ու միշտ հավակնոտ «Փյունիկ»-ը։ Այս մրցաշրջանում Վահե Գեւորգյանից եւ նրա թիմից սպասումները շատ մեծ են՝ «Վան»-ից «Ալաշկերտ» անցումը տեղի է ունեցել առանց կորուստների եւ նոր թիմ հավաքելու կարիք չկա։ Իսկ մրցակիցն առավել քան սկզբունքային էր՝ նախորդ մրցաշրջանում «Վան»-ին եվրագավաթներից զրկած «Փյունիկ»-ը։
Եղիշե Մելիքյանն արդեն քանիերորդ անգամ նոր թիմ է հավաքում (շուրջ 13 նորեկ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում), ինչն անշուշտ ժամանակատար գործընթաց է։ Բացի այդ թիմը այս խաղին էր մոտենում եվրագավաթային ցավալի պարտությունից հետո՝ հոգեպես եւ ֆիզիկապես ամբողջովին չվերականգնված, դա էլ դեռ բավարար չէ անընդհատ շրջանառվում են Եղիշե Մելիքյանի Հայաստանի ֆուտբոլի հավքականը գլխավորելու մասին նորություններ։
Մրցավեճն ընթանում էր փոխնիփոխ գրոհներով՝ յուրաքանչյուրն ունենում էր ակտիվության եւ նախաձեռնությանը տիրելու շրջան։ Թիմերը խուսափում էին բարձր պրեսինգից ՝ նախընտրելով մրցակցին դիմավորել կիսադաշտին մոտ։ Երկուսն էլ գիտակցում էին դիմացինի ուժն՝ ավելի կենտրոնանալով գոլ չընդունելու քան հեղինակելու վրա։ «Ալաշկերտ»-ի գրեթե բոլոր գրոհները կառուցվում էին Օլավալե Ֆառայոլայի միջոցով, ով հաճախակի փոխում էր եզրերը՝ փորձելով ճեղքել մրցակցի պաշտպանությունը։
«Փյունիկ»-ում դեռ զգացվում է ֆուտբոլիստների միջեւ խաղակցվածության պակասը։ Թիմը նախընտրում է հաճախ երկար փոխանցումներով գրոհել՝ խուսափելով գնդակի խաղարկումներից եւ հիմնվելով առանձին ֆուտբոլիստների անհատական որակների վրա։ Տպավորում է խաղադաշտի կենտրոնում Կառլեն Հովհաննիսյանի խաղը, ով չնայած երիտասարդ տարիքին՝ շատ հասուն ֆուտբոլ է ցուցադրում։
Առաջին խաղակեսում անկյունայինի խաղարկումից «Ալաշկերտ»-ը կարողացավ բացել խաղի հաշիվը, բայց երկրորդ խաղակեսի հենց մեկնարկում գոլի հեղինակ դարձած Էյմարդ Բատիոնոն աչքի ընկավ արդեն ինքնագոլով։ Դրանից հետո «Փյունիկ»-ը կարողացավ հաշվի մեջ առաջ անցնել եւ ի վերջո հաղթանակ գրանցել։ Սակայն «Ալաշկերտ»-ն իրեն բնորոշ ագրեսիվությամբ չնետվեց կորցրածը հետ բերելու, զգացվում է, որ առաջնությունը նոր է մեկնարկել եւ թիմը դեռ օպտիմալ մարզավիճակում չէ։ Այս խաղը կարելի է բնութագրել որպես մրցավեճ հավասարազորների միջեւ, որտեղ բախտը ժպտաց «Փյունիկ»-ին։
ԲԿՄԱ - «Ուրարտու»՝ 1:1

Լուսանկարը` FC Urartu
Հայաստանի առաջնության հետ մեկնարկում են նաեւ դժգոհությունները մրցավարական որոշումների նկատմամբ։ Այս անգամ խնդրահարույց էր ԲԿՄԱ - «Ուրարտու» մրցավեճը։ 2 ակումբներն էլ ոչ այդքան լավ մարզավիճակում էին մոտենում այս հանդիպմանը։
ԲԿՄԱ-ից ամռանը հեռացան հիմանական կազմի գրեթե բոլոր ֆուտբոլիստները, եւ այժմ Արմեն Գյուլբուդաղյանցը խնդիր ունի հավաքելու նոր մարտունակ կազմ՝ շարունակելով ցուցադրել գեղեցիկ ու հարձակվողական ֆուտբոլ։ Իսկ «Ուրարտու»-ն թեեւ պահպանել է նախորդ մրցաշրջանի հիմնական կազմի ֆուտբոլիստներին, բայց եկել է նոր գաղափարներով նոր մարզիչ եւ թիմը դեռ հստակորեն չի կարողանում կյանքի կոչել Ռոբերտ Արզումանյանի մտքերը. «Նեման»-ից կրած պարտությունները վառ օրինակ են։
Չնայած այս ամենին խաղն ընթանում էր բարձր տեմպով։ Զարմանալիորեն ԲԿՄԱ-ն փորձում էր ավելի շատ գրոհել եւ տիրել գնդակին։ Իսկ «Ուրարտու»-ն հիմնականում ապավինում էր արագ հակագրոհների ու մրցակցի սեփական տուգանայինի մատույցներում թույլ տված սխալների վրա։ Հենց այդպիսի մի թերացման արդյունքում Բրունո Միշելը կարողացավ բացել խաղի հաշիվը։ Դրանից հետո «Ուրարտու»-ն ստեղծեց եւս մի քանի մահացու պահեր, բայց միշտ գոլ խփելու համար ինչ-որ մի բան չէր հերիքում։ Ընդմիջումից հետո Վյաչեսլավ Աֆյան-Նարեկ Հովհաննիսյան հրաշալի համագործակցության արդյունքում ծնվեց պատասխան գոլը եւ խաղն ավարտվեց ոչ ոքի։
2 -րդ խաղակեսում, սակայն ԲԿՄԱ-ի տուգանայինում եղան 2 վիճահարույց դրվագներ, որոնք ըստ Ռոբերտ Արզումանյանի կանոնների խախտումներ էին հետեւաբար՝ 11 մետրանոցներ։ Առաջին դրվագում ընթանում էր պայքար գնդակի համար եւ երկու թիմի ֆուտբոլիստներն էլ քաշքում էին միմյանց, իսկ երկրորդ դրվագում գնդակը դիպավ ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստի ձեռքին։ Վիճահարույց կարելի է համարել թերեւս միայն երկրորդ միջադեպը, բայց գլխավոր մրցավարը երկար մտորումներից հետո որոշեց չնշանակել 11 մետրանոց՝ համարելով ձեռքի դիրքը բնական։ Ռոբերտ Արզումանյանը սա համարեց կանխակալ որոշումներ, ինչը մի փոքր տարօրինակ է, որովհետեւ ԲԿՄԱ-ն սովորաբար մրցավարական վրիպակներից ամենաշատ տուժող թիմերից է։ Ինչեւէ պայքարը թեժ էր եւ հաճելի, որ երիտասարդ կազմ ունեցող այս երկու թիմերը կարողանում են առաջնության մեկնարկում այսպիսի ֆուտբոլ ցուցադրել։
«Նոա» «Շիրակ»՝ 4:0

Լուսանկարը` FC Noah
Առաջնության գործող չեմպիոնը «Շիրակ»-ի հետ մրցավեճում մեկնարկեց գերվստահ հաղթանակով։ Այս խաղը կարելի է բնորոշել ֆուտբոլի մեջ շատ ծեծված արտահայտությամբ՝ հաշիվը չի բնութագրում խաղի էությունը։
«Նոա»-ն խաղադաշտ էր դուրս եկել առանց առաջատարների՝ հանգստի հնարավորություն տալով եվրագավաթային մրցավեճերից առաջ։ Առաջին խաղակեսում գյումրեցիները հիմնականում պաշտպանվում էին եւ հազվադեպ կարողանում հակագրոհել։ Բայց երրորդ գնդակն ընդունելուց հետո Արսեն Հովհաննիսյանի ղեկավարած թիմը սկսեց կիրառել բարձր պրեսինգ՝ ստիպելով մրցակցին սխալվել սեփական տուգանայինի մատույցների մոտ։ Հենց այս մարտավարությունը հնարավորություն տվեց «Շիրակ»-ին ստեղծելու մի քանի գոլային պահեր, որոնք սակայն չիրացվեցին։ Իսկ «Նոա»-ն անգամ առանց առաջատարների, այնպիսի կազմի խորություն ունի, որ շատ հանգիստ ու առանց ավելորդ լարվածության վերցրեց 3 միավոր դեռեւս շատ երիտասարդ ու անփորձ «Շիրակ»-ի հետ խաղում։
«Վան»-«Արարատ-Արմենիա»՝ 0:0

Լուսանկարը` FC Van
Ներքին առաջնությունում կազմի ռոտացիայի էր դիմել նաեւ «Արարատ-Արմենիա»-ի գլխավոր մարզիչ Մանուել Տուլիպան՝ հնարավորություն տալով իրենց դրսեւորելու պահեստայիններին։ Զգացվում է, որ թիմը փորձում է խաղալ արագ ֆուտբոլ առանց երկարաշունչ խաղարկումների։ Այս խաղում «Արարատ-Արմենիա»-ն մեկ երկու փոխանցումով կարողանում էր մոտենալ մրցակցի տուգանայինի մատույցներին, բայց գրոհի վճռական փուլում ոչինչ չէր ստացվում։ Չօգնեցին անգամ մարզչի կատարած փոփոխությունները։
Իսկ «Վան»-ը, որ առաջնության մեկնարկից անմիջապես առաջ է կարողացել համալրել կազմը՝ անգամ դեռ կան չգրանցված ֆուտբոլիստներ, թիմը ցույց տվեց կարգապահ պաշտպանություն։ Այն հաճախ խուսափում էր անգամ հակագրոհելուց։ Երեւում է, որ գլխավոր մարզիչ Էդգար Թորոսյանն այս կարճ ժամանակահատվածում ահռելի աշխատանք է կատարել, եւ թիմին հաջողվեց մեկ միավոր վաստակել այս ծանր խաղում՝ փոքրիկ անակնկալ մատուցելով բոլորին։
«Գանձասար»-«Արարատ»՝ 1:1

Լուսանկարը` FC Ararat
Տուրի մեկնարկային խաղն ավարտվեց մարտական ոչ-ոքիով։ Այս արդյունքն առավել քան տրամաբանական էր երկու հավասարազոր թիմերի մրցավեճում։ «Արարատ»-ն ինչպես նախորդ մրցաշրջանում ապավինում էր երկար փոխանցումներով գրոհելու մարտավարությանը, իսկ այ «Գանձասար»-ը փորձում էր կարճ խաղարկումներով մոտենալ մրցակցի դարպասին։
Երկու թիմերի խաղում էլ խոտանը շատ էր, բայց ի պատիվ նրանց պետք է նշել, որ երկուսն էլ անընդհատ փորձում էին գրոհել՝ հասնելու բաղձալի 3 միավորին։ Այս մրցաշրջանում «Գանձասար»-ն ունի որակյալ նորեկներ, որոնք կարող են օգնել թիմին չկրկնելու անցած տարվա հակառեկորդները։ Առաջնությունը դեռ նոր է մեկնարկել եւ 2 թիմերն էլ ունեն ավելի աճելու ներուժ։
Դավիթ Սարգսյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: