Օգոստոս 07, 2025
237 դիտում

ԱԱ-2029-ը Հայաստանում անցկացնելու նպատակով Վանաձորի մարզադաշտը կվերակառուցվի


Լուսանկարը` ՀՖՖ


Վանաձորի մարզադաշտը կվերակառուցվի, այդ մասին այսօր որոշվել է Հայաստանի կառավարության նիստի ժամանակ:

Վանաձորում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտի կառուցումն ու վերակառուցումն անհետաձգելի է համարվել: Անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման ծառայության գնման պահանջը եւ այդ նպատակով գնումների գործընթացը կկազմակերպվի «Հրատապ մեկ անձից» գնման ընթացակարգով։ 

Հիմնավորման մեջ նշվում է, որ անհրաժեշտությունն ելնում է այն հանգամանքից, որ 2029 թվականին նախատեսվում է Հայաստանում անցկացնել ֆուտբոլի Աշխարհի երիտասարդական առաջնությունը։ 

Այս նպատակով Հայաստանի եւ Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիաները համատեղ հայտ են ներկայացրել, եւ ՈՒԵՖԱ-ն հաստատել է, որ Եվրոպական ասոցիացիաներն աջակցում են Հայաստանի հայտը։ Հայտի վերջնական հաստատման համար անհրաժեշտ է բավարարել նաեւ այլ պայմաններ, որոնցից հիմնականն ՈՒԵՖԱ-ի 4 կատեգորիայի մարզադաշտ ունենալն է։

Ազգային մարզադաշտը կառուցվելու է «Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակներում, իսկ 10000-ոց մարզադաշտերից մեկի համար երկարատեւ բանակցությունների եւ ուսումնասիրությունների արդյունքում ընտրվել է Վանաձորը:  Այնտեղ արդեն առկա է 3000 նստատեղով հին չշահագործվող մարզադաշտ։  Որոշվել է առկա մարզադաշտը վերակառուցել, կառուցել նոր նստատեղերի հատվածը։

Նախագծման ամբողջ գործընթացը նախատեսվում է իրականացնել 8 ամսում։ Հաշվի առնելով, որ նախագիծն ենթակա է պարզ քաղաքաշինական ու պետական համալիր փորձաքննության՝ շինարարական աշխատանքները հնարավոր կլինի մեկնարկել լավագույն դեպքում 2026թ-ի հունիսի կեսերին։ 

Համաձայն երկու ընկերություններից ստացված առաջարկների՝ շինարարությունը կտեւի 24 ամիս։ 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին