exclusive
8018 դիտում

Կուրղինյան. ԵԱ-ում վատ ելույթները կսթափեցնեն ըմբիշներին ու դաս կլինեն


Լուսանկարը` unitedworldwrestling.org

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` unitedworldwrestling.org

Լուսանկարը` unitedworldwrestling.org


9 ազատ ոճայիններով Կասպիյսկում կայացած Եվրոպայի առաջնությանը մասնակցած Հայաստանի հավաքականը վերադարձել է առանց մեդալի:

Ընտրանու գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը Mediamax Sport-ի թղթակցի հետ զրույցում անդրադարձել է ձախողման  հիմնական պատճառներին ու ազատ ոճում առկա խնդիրներին:

Չստացված ԵԱ-ն

Ակնկալիքներ մեր թիմից, բնականաբար, կային: Հավաքականում մենք ընդգծված առաջատար չունենք, չկան նաեւ Եվրոպայի ու Աշխարհի առաջնությունների հաղթողներ: Եթե վիճակահանությունը մեզ համար լավ դասավորվեր, հնարավոր է, կարողանայինք մեդալներ նվաճել: Սպորտային բախտը մեր կողմը չէր:  Իհարկե, թերություններ էլ ունենք, հետագայում դրանք պետք է շտկենք:

Լուսանկարը` Մեդիամաքս


Ըմբշամարտային երկրները

Եվրոպայի առաջնությունում մեդալների համար հիմնականում պայքարում էին Վրաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի ու Թուրքիայի ընտրանիները, որոնք շատ լուրջ ներդրումներ են կատարում ըմբշամարտում, մեծ քանակությամբ մրցաշարերի մասնակցում, արտերկրում հավաքներ կազմակերպում, լավ վերականգնիչներ օգտագործում: Իսկ մենք լավագույն դեպքում մեկ հավաք ենք ունենում:

Լուսանկարը` unitedworldwrestling.org


Համեմատությունը հունահռոմեականների հետ

Ազատ ու հունահռոմեական ըմբշամարտը տարբեր մրցաձեւեր են, տարբեր մոտեցում են պահանջում ու ֆիզիկական հատկություններ: Այդ պատճառով էլ համարում եմ, որ իրար հետ համեմատելը տեղին չէ: Հունահռոմեական ընտրանու հաջողությունները գովելի են, նրանց պրոֆեսիոնալիզմը տեսանելի է:

Երիտասարդների պոտենցիալն ու խնդիրները

Պետք է ամբողջ աշխատանքը կենտրոնացնել երիտասարդների վրա: Նրանք պետք է կանոնավոր մրցումների մասնակցեն, փորձ ձեռք բերեն, մեզնից՝ հավաքականի ու անհատական մարզիչներից էլ շատ բան է կախված:

Անհաջողությունների պատճառները մեծ են ու ընդգրկուն, մարզադպրոցներում մասնագետների սոցիալական վիճակն է անհրաժեշտ բարելավել, լուծել բանակի խնդիրը, քանի որ շատ հաճախ ծառայությունից վերադառնալուց հետո մարզիկները չեն շարունակում ելույթները: Այդ ամենի հանրագումարն էլ բերում է այս իրավիճակին: Առանձին դիտարկելը սխալ է, սպորտում ամեն ինչ փոխկապակցված է:

Լուսանկարը` unitedworldwrestling.org


Նոր մրցումներ

Մայիսի 24-ից հավաք կսկսենք անցկացնել Օլիմպավանում ու կպատրաստվենք Մ-23 տ. Եվրոպայի առաջնությանը: Այն կայանալու է հունիսի 4-10-ը Ստամբուլում: Ապա մարզումները կշարունակենք Ծաղկաձորում:

Կարծում եմ, որ Եվրոպայի առաջնությունում ելույթները ավելի կսթափեցնեն ըմբիշներին, նրանք տեսել են իրենց բացերը, դասեր կքաղեն, իրենց էլ այդ մասին ասել եմ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին