«Միկա» մարզահամալիրում այսօր ավարտին է մոտենում Հայաստանի ծանրամարտի առաջնությունը։
Նախավերջինը պայքարի մեջ են մտել մինչեւ 110 կգ քաշային կարգի ծանրորդները։ Հայտավորված է եղել 12 մարզիկ, եւ լավագույն արդյունքը ցույց է տվել Եվրոպայի գործող չեմպիոն Գարիկ Կարապետյանը։
Նա պոկման միայն մեկ մոտեցում է օգտագործել ու գլխավերեւում պահել 170 կգ։ Ծանրորդը հրել է 210 կգ եւ երկամարտի 380 կգ-ով Հայաստանի չեմպիոն հռչակվել։
Կարապետյանն իր մոտակա մրցակիցներին գերազանցել է մեծ առավելությամբ, սակայն զիջել է Եվրոպայի առաջնությունում իր իսկ ցուցանիշին՝ 411 կգ։
Հայաստանի առաջնության արծաթե մեդալը 333 կգ-ով նվաճել է Գրիգոր Ղազարյանը, իսկ 3-րդ տեղը գրավել՝ Նարեկ Անտոնյանը (317 կգ):



















