Դեկտեմբեր 27, 2025
227 դիտում

Փաշիկ Ալավերդյանը՝ ֆեդերացիայի մեղադրանքների, իր հեռացման ու նոր մարզչի մասին


Լուսանկարը` Մեդիամաքս


2025 թվականի ԿԳՄՍ-ի կազմակերպած լավագույնների պայքարում լրագրողների կողմից «Լավագույն մարզիչ» անվանակարգում երեկ հաղթել էր ծանրամարտի ընտրանու նախկին գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը։

Ծանրամարտի ֆեդերացիան նրան հեռացրել էր շաբաթներ առաջ՝ նշելով, որ վերջինիս աշխատանքն այս տարի հաջող չի եղել, իսկ հավաքականի անդամներն այլեւս չէին ենթարկվում նրան։

 

Այսօր Ալավերդյանը հանդես է եկել մամուլի ասուլիսով ու ամփոփել 2025 թվականը, խոսել իրեն ենթադրվող մեղադրանքներից ու տվել հստակեցումներ։

 

«Այս տարի մենք մեդալներ ենք բերել ինչպես Եվրոպայի, այնպես էլ Աշխարհի առաջնություններից։ Երկրորդ տարին անընդմեջ տվել ենք Աշխարհի չեմպիոն։ 

 

Ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանն ասում է, թե ինձ պետք է հեռացնեին։ Ինչո՞ւ։ Որ այս տարիներին ԵԱ-ի 10-ից՝ 10 մեդալ եմ նվաճե՞լ, որ ԱԱ-ի թիմային պայքարում չեմպիո՞ն եմ դարձել, Օլիմպիական մեդալակիրնե՞ր տվել։ Պարզապես փորձեցին ուրիշի փառքն ամբողջությամբ իրենց վերագրել, բայց արդյո՞ք կկարողանան դա պահել, ես գիտեմ՝ ոչ, չեն կարող։

 

Կրկին Հարությունյանն ասում է, թե իմ թիմում չկար կարգապահություն։ Իմ մարզիչ եղած տարիներին նման բան երբեք չի եղել։ Երբ իրենք եկան ֆեդերացիա, նոր սկսվեց այդ ամենը։ Երբ ֆեդերացիայի այսօրվա գլխավոր քարտուղար Սամվել Գասպարյանը թողեց պրոֆեսիոնալ սպորտը, այդ ժամանակից էլ սկսվեց ամեն ինչ։ Նա իմ սանն է եղել, նրան Եվրոպայի կրկնակի չեմպիոն եմ դարձրել, ԱԱ-ի բրոնզե մեդալակիր, բայց նա մյուս տղաների հասակակիցն է ու արդեն իրար հետ լրիվ ուրիշ հարաբերություններ են լինում, մարզչի խիստ խոսքը սկսում են անտեսել։ Նման քայլերով ո՞ւր եք տանում ծանրամարտը։

 

Իմ հեռացման հրամանը տրված է նոյեմբերի 25-ով, մինչդեռ ինձ տեղեկացրել են դեկտեմբերին։ Գասպարյանի ստեղծած մարզչական խորհուրդ կոչեցյալի ժամանակ ինքը միանգամից հայտնեց, որ ես հեռացված եմ։ Ոչ ոք չի խոսել, բացառությամբ Վահան Բիչախչյանի, որը պնդում էր, թե ես հին դեղեր եմ օգտագործում։ Սա ի՞նչ է նշանակում։ Իմ աշխատած 10 տարվա ընթացքում ես հասել եմ նրան, որ ոչ մի ծանրորդ ոչ մի արգելված դեղամիջոց չի ընդունում, ողջ աշխարհը դա գիտի, բոլորը գիտեն իմ մոտեցումը այս հարցում։ Ինչպե՞ս կարելի է նման անհեթեթ մեղադրանք տալ։

 

Իրականում ֆեդերացիան շարժվում է միջազգային ֆեդերացիայի կանոնակարգով ու ՀՀ օրենքներով։ Մարզչին այդպես չեն հեռացնում, պետք է լիներ քննարկում, նոր թեկնածուն պետք է ներկայացներ իր կենսագրականը, անցած ուղին, իր քառամյա ծրագիրը։ Ոչ մի նման բան չի եղել, հավաքականի 2-րդ մարզիչ Հակոբ Փիլոսյանին ասել են՝ դու գլխավորն ես ու վերջ։


Ես ղալաթ եմ արել, որ նրան ընտրել եմ իմ 2-րդ մարզիչ։ Նա որպես մարզիկ արգելված նյութեր օգտագործելու համար 8 տարի զրկված է եղել մրցումներից, իր պատճառով Գոռ Մինասյանը 2 տարի հեռացված էր սպորտից

 

Ինձ մեղադրում են, թե 2 տարի Հայաստանի առաջնություններ չեմ անցկացրել։ 28 տարի եղել եմ ֆեդերացիայի գլխավոր քարտուղար ու 26 տարի կազմակերպել եմ առաջնություններ։ Այս վերջին տարիներին հերթափոխի քոլեջում շինարարություն էին անում ու մենք դահլիճ չունեինք, ինչպե՞ս էի անելու առաջնություն, որտե՞ղ։ Արայիկ Հարությունյանն ասել է, թե որտեղ ուզում եք արեք, եթե տեղ չկա, գնամ ծառի տա՞կ կազմակերպեմ մրցում։ Սա էլ ասեմ, որ ես այդ ողջ տարիներին գլխավոր քարտուղարի պաշտոնի համար աշխատավարձ չեմ ստացել, ի տարբերություն Սամվել Գասպարյանի, որն այսօր վարձատրվում է։

 

Ասեմ նաեւ, որ Արայիկ Հարությունյանը մինչեւ ֆեդերացիայի նախագահ ընտրվելն անընդհատ զանգում էր ինձ, նույնիսկ գիշերները, հարցնում, թե հաստա՞տ կընտրվի ինքը։ Իսկ դրանից հետո զանգերիս ոչ մի անգամ չի պատասխանել։ 

 

Հավաքականի տղաներից միայն Վարազդատ Լալայանն է մեկ անգամ զանգել ինձ, մյուսներից՝ ոչ ոք։ Ամաչում կամ վախենում են զանգել։

 

Ես առաջարկներ ունեմ Թայպեից, Հորդանանից, տեսնեմ, թե որն ավելի նպատակահարմար կգտնեմ ու կընդունեմ աշխատանքը»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին