Նորվեգական Ֆյորդեում ընթացող ծանրամարտի Աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականը քիչ առաջ նվաճեց մեկ փոքր մեդալ։
Եվրոպայի գործող փոխչեմպիոն Գոռ Սահակյանը հանդես եկավ մինչեւ 71 կգ քաշային կարգում եւ ելույթը սկսեց բավական վստահ։ Նա պոկումում նախ հեշտությամբ իրեն ենթարկեց 150 կգ ծանրաձողը, սակայն երկրորդ մոտեցմամբ չկարողացավ գլխավերեւում պահել 154-ը։ Սակայն վերջին փորձով Սահակյանը ցույց տվեց, որ քաշն իր համար է ու 154-ով նվաճեց փոքր արծաթե մեդալ։ Վարժության առաջատարը չինացի Վուեի Հեն էր, որը 160 կգ-ով սահմանեց նաեւ Աշխարհի ռեկորդ։
Հրում վարժությունում անհասկանալի մնաց, թե ինչ կատարվեց հայ ծանրորդի հետ։ Նա գործեց ոչ իր նման ու այդպես էլ չկարողացավ բարձրացնել 182 կգ-ն, այնինչ այս տարվա ԵԱ-ում կարողացել էր հաջողությամբ բարձրացնել 185 կգ-ն։ Ցավոք, նա ոչ միայն չխառնվեց երկամարտի մեդալային պայքարին, այլ նաեւ 0 ստացավ։
Աշխարհի չեմպիոնի կոչումը 346 կգ արդյունքով նվաճեց Վիրաֆոն Վիչուման (Թաիլանդ)։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: