Քիշնեւում քիչ առաջ ավարտվեց ծանմարատի Եվրոպայի առաջնությունը։
Վերջինը հարթակ դուրս եկան +109 կգ ծանրորդները, իսկ Հայաստանի ներկայացուցիչը Եվրոպայի եւ Աշխարհի չեմպիոն, Օլիմպիական արծաթե մեդալակիր Վարազդատ Լալայանն էր։
Լալայանն ակնհայտորեն դուրս էր մրցակցությունից ու ելույթները սկսեց միայն այն ժամանակ, երբ մյուս բոլոր ծանրորդներն արդեն ավարտել էին։ Պոկումում հենց առաջին մոտեցմամբ բարձրացրեց 200 կգ–ն ու միանգամից նվաճեց փոքր ոսկե մեդալ։ Նա իրեն ենթարկեց նաեւ 210–ը, իսկ ահա 218–ն ուժերի սահմաններում չէր։
Հրում վարժությունում եւս 25–ամյա ծանրորդը հարթակ դուրս եկավ ամենավերջում եւ իրեն հատուկ հանգստությամբ ամրագրեց 240 կգ քաշը։ Երկորդ մոտեցման ժամանակ նա 250 կգ–ն չբարձրացրեց, իսկ երրորդից՝ հրաժարվեց։ Այստեղ եւս նա դարձավ փոքր ոսկե մեդալակիր։
Երկամարտի 450 կգ արդյունքով Լալայանը երկրորդ տարին անընդմեջ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն։ Արծաթե մեդալակիր էստոնացի ծանրորդին նա գերազանցեց 35 կիլոգրամով։
Այսօր ավելի վաղ կանանց գերծանր քաշային կարգում Մերի Թումասյանը 214 կգ–ով գրավել էր 5–րդ տեղը, իսկ Ջոււլիետա Ավանեսյանը պակում վարժությունից հետո վնասվածքի պատճառով հրաժարվել շարունակել ելույթը։
Մինչ այս ԵԱ-ում Հայաստանի հավաքականները նվաճել են 1 ոսկե, 6 արծաթե ու 2 բրոնզե մեդալներ։ Եվրոպայի չեմպիոն է հռչակվել Գարիկ Կարապետյանը (109 կգ), արծաթե մեդալակիրներ են դարձել Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ), Գոռ Սահակյանը (73 կգ), Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ), Աննա Ամրոյանը (76 կգ), Լիանա Գյուրջյանը (87 կգ) եւ Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ)։ Գառնիկ Չոլակյանն (61 կգ) ու Դավիթ Հովհաննիսյանն (96 կգ) էլ կանգնել են պատվոհարթակի 3-րդ աստիճանին։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: