Հայաստանի ազգային հավաքականը երեկ երեկոյան առաջին մարզումն է անցկացրել նորանշանակ գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի գլխավորությամբ:
Թիմը պատրաստվում է 2026 թվականի ֆուտբոլի Աշխարհի առաջնության որակավորման փուլի մեկնարկին: Առաջին մրցակիցը սեպտեմբերի 6-ին Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական ստադիոնում Երեւանի ժամանակով 20:00-ին լինելու է Պորտուգալիան:
Նարեկ Աղասարյանն առաջին անգամ հավաքական է հրավիրվել 2023 թվականին, բայց վնասվածքի պատճառով չի կարողացել միանալ թիմին:
«Լավ եւ որակյալ թիմ ունենք ու կարող ենք ամեն ինչի էլ հասնել: Մելիքյանը շատ լավ մարզիչ է, նրան ճանաչում ենք Հայաստանի առաջնությունից, ինքն էլ ֆուտբոլիստներին գիտի: Կփորձեմ լավ պարապել ու հնարավորության դեպքում շատ լավ խաղալ, որպեսզի արժանանամ մարզչի վստահությանը: Նման թիմերի դեմ խաղալը մեծ փորձ է, ու եթե ցանկանում ենք ուժեղ լինել, հենց նրանց պետք է հաղթենք: Երկուսն էլ լավ հավաքականներ են, թեեւ Պորտուգալիան շատ ավելի ուժեղ է թվում, բայց Իռլանդիան էլ նույն կարգի ուժեղ հավաքական է: Կփորձենք ամեն ինչ անել եւ հաղթել»,- ասել է նա:
Էրիկ Սիմոնյանը, որը հավաքական է հրավիրվել Նորբերտո Բրիասկո Բալեկյանի փոխարեն, լավ մարզավիճակում է գտնվում, թեեւ Հայաստանի առաջնության մեկնարկից հետո այդքան էլ շատ հանդիպումների չի մասնակցել:
«Շատ ուրախ եմ հավաքական հրավիրվելու համար, առաջին մարզումը լավ ու ինտենսիվ անցավ: Թիմում շատ լավ մթնոլորտ է, խաղալու ենք Աշխարհի ամենաուժեղ հավաքականներից մեկի հետ, բայց դա ընդհանրապես կապ չունի, դրական արդյունքի հասնելու համար փորձելու ենք անել առավելագույնը»,-գտնում է Սիմոնյանը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: