Արգենտինայի հավաքականի ու «Լիվերպուլ»-ի ֆուտբոլիստ Ալեքսիս Մաք Ալիստերը The Players’ Tribune-ին պատմել է մոր աջակցության, Աշխարհի չեմպիոն դառնալու, «Լիվերպուլ»-ում ունեցած հաջողությունների ու դժվարին օրերի մասին։ Որոշակի կրճատումներով ներկայացնում ենք մեր ընթերցողներին։

Լուսանկարը` The Players’ Tribune
«Ես պարտավոր եմ ամուր գրկել մայրիկիս։ Առանց նրա ես չէի դառնա Պրեմիեր լիգայի ու Աշխարհի չեմպիոն։ Գուցե դուք նույնիսկ իմ անունը չիմանայիք։
Երբ ես «Բոկա Խունիորս»-ից տեղափոխվեցի Անգլիա, մի քանի օր անց աշխարհը կանգ առավ։ Կորոնավիրուս։ Ոչինչ չկար։ Ասում ենք, որ ֆուտբոլը մեզ տղամարդ է դարձնում, իսկ այլ առումներով մենք մնում են փոքրիկ տղաներ։ Ես ամեն օր զանգահարում էի մայրիկիս ու հարցնում՝ ինչպես միացնել ջեռոցը, որտեղ լցնել լվացքի փոշին։ Մենակ էի ու ընկճվում էի։ Շատերը չգիտեն, բայց Սուրբ Ծննդին ես հավաքել էի ճամպրուկներս։ Երկու առաջարկ ունեի՝ Ռուսաստանից եւ Իսպանիայից։ 10 համարի մարզաշապիկն էի կրում, ինչը Արգենտինայի շատ երեխաների երազանքն է, իսկ ես «Բրայթոն»-ում գրեթե չէի խաղում։ Դա ամոթալի էր։ Ես զանգեցի մայրիկիս ու լաց լինելով ասացի. «Մայրի՛կ, ես այլեւս չեմ կարող։ Ես տուն եմ գալիս։ Ես պետք է հեռանամ այստեղից»։ Ես կարոտով էի հիշում Արգենտինայում անցկացրած օրերս, ծնողներիս, եղբայրներիս։ Այնքան էի ուզում տուն գնալ։
Բայց մայրիկս լույս վառեց ինձ համար։ Մայրիկները… Նրանք միշտ գտնում են ճիշտ խոսքեր, այնպես չէ՞։
Անկախ նրանից, թե քանի տարեկան ես, երբ խոսում ես մայրիկիդ հետ, դու փոքր երեխա ես։ Նա ինձ տարավ այն ժամանակները, երբ ես բակում ամեն օր խաղում էի եղբայրներիս հետ։ Իսկական պատերազմ էր։ Երբ ուսուցիչները հարցնում էին, թե ինչ եմ ուզում դառնալ, ես ասում էի․ «Ֆուտբոլիստ, ֆուտբոլիստ, ֆուտբոլիստ»։ Շատերը գտնում են, որ դա պայմանավորված է նրանով, որ հայրս էլ ֆուտբոլիստ էր։ Մի անգամ նա մեզ տարավ Լա Բոմբոներա՝ խաղ դիտելու։ Մոտ մեկ ժամ քայլեցինք, որովհետեւ բոլորը կանգնեցնում էին նրան՝ խնդրելով լուսանկարվել, ինքնագիր տալ… Սա ամբողջ ճանապարհորդության սկիզբն էր։
«Ալե՛, հիշո՞ւմ ես, թե որքան շատ էիր սա ուզում։ Պետք է քաջ լինես։ Հիմա չես կարող հանձնվել»։
Մայրիկս փրկեց ինձ։

Լուսանկարը` The Players’ Tribune
Աշխարհի առաջնությունից 11 ամիս առաջ հայրս ասաց. «Եթե շարունակես խաղալ Պրեմիեր լիգայում, դու կհայտնվես Արգենտինայի հավաքականում»։ Ես ասացի. «Հայրիկ, դու խելագար ես։ Դա անհնար է»։
Երբ Դե Զերբին դարձավ մեր մարզիչը, նա շատ բան փոխեց իմ մեջ ու լավացրեց որակներս։ Նրա օրոք խաղում էի ամեն խաղում եւ Աշխարհի առաջնության գաղափարը սկսեց թվալ իրական։ Երբեք չեմ մոռանա․ Վուլվերհեմփթոնում էինք, հյուրանոցում ստացա իմ երազանքների զանգը։ Հայրս ճիշտ էր։ Ես հավաքականում էի, գնալու էի Կատար։ Անմիջապես կապվեցի ծնողներիս հետ, մենք միասին լաց եղանք։ Երկու տարի առաջ ես «Բրայթոն»-ում պահեստայինների նստարանին էի, հիմա գնում էի Աշխարհի առաջնություն՝ փորձելով պատմություն կերտել Արգենտինայի համար։
Եվ առաջին խաղում մենք, անկասկած, պատմություն կերտեցինք, բայց բացասական իմաստով։ Անհարգալից չհնչի, բայց երբ խաղից առաջ դիտեցինք Սաուդյան Արաբիայի տեսանյութը, մտածեցինք, որ եթե կատարյալ չխաղան, 15 գոլ կխփենք։ Ցավոք, նրանք կատարյալ խաղացին։
Բոլորը ոչնչացրին մեզ։ Հսկայական ճնշում էինք զգում, ամոթ, բայց, բարեբախտաբար, ունեինք Լեոյին, որը կարող էր խոսել։ Երբ Լեոն է խոսում հաղթանակի մասին, դուք հավատում եք դրան։
Փոքր տարիքից խաղից առաջ ես միշտ հուզվում եմ, բայց երդվում եմ, ԱԱ-ի ողջ ընթացքում նյարդային չէի։ Եզրափակչից առաջ գիշերը 10 ժամ քնեցի։ Խաղի մեծ մասը լավ չեմ հիշում։ Բայց միշտ մտքիս է այն պահը, երբ գնդակը փոխանցեցի Անխել Դի Մարիային։ Հաշիվը դարձավ 2։0։ Ես վազեցի նրա մոտ, արտասվում էր։ Ես էլ լաց եղա։

Լուսանկարը` Getty Images
Շատ երկրներում են սիրում ֆուտբոլ, բայց Արգենտինայի համար դա հոգեւոր բան է։ Դա մեզ համար չափազանց շատ բան է նշանակում։ Անխելի դեմքը մեր երկրի դեմքն էր։ Այնքան շատ ցավ կար խառնված այնքան շատ ուրախության հետ։ Լրացուցիչ ժամանակում Մարտինեսը փրկեց բոլորիս։ Նա փրկեց մի ամբողջ երկիր։
Ես արդեն փոխարինվել էի։ Հաշիվը 3։3 էր, մոտենում էր 11-մետրանոց հարվածաշարը։ Ամբողջ մարզադաշտը լուռ էր։ Եվ հետո, հանկարծ աշխարհը կանգ առավ։ Երեք վայրկյան ոչ ոք չէր շնչում։ Ես միայն հիշում եմ Դիբուի առջեւ կապույտ մարզաշապիկը եւ գնդակը նրա ոտքերի մոտ։ Երբեք ինձ այդքան անօգնական չեմ զգացել։ Մտածեցի. «Ամեն ինչ ավարտվեց։ Մենք պարտվեցինք»։ Դիբուն խելագար երեխայի պես ձախ ոտքը պարզեց եւ պատասխանեց 45 միլիոն մարդու աղոթքներին։ Հիշում եմ, թե ինչպես շրջվեցի դեպի մյուս տղաները, եւ նրանք ապշած էին։ Ոչ ոք չխոսեց։ Ոչ ոք աչք չթարթեց։
11-մետրանոցների ժամանակ ես մի այլ աշխարհում էի։ Երբ Գոնսալոն գոլ խփեց ու մեզ չեմպիոն դարձրեց, չգիտեի, թե ինչպես տոնել։ Բոլորը վազեցին Դիբուի եւ Լեոյի մոտ, բոլորը գրկախառնվում էին, իսկ ես պարզապես կանգնած էի մենակ՝ ապշած։ Ես չգիտեի, թե որ կողմը քայլեմ։ Ընտանիքս նստած էր մեր պահեստային նստարանի հենց հետեւում, գտա նրանց ու ձեռքով արեցի։ Ինչպես փոքրիկ երեխան առաջին խաղից հետո։ Հա-հա-հա։
«Մայրի՜կ։ Հայրի՜կ։ Լա՞վ խաղացի»։
Նրանք արցունքն աչքերին ձեռքով արեցին ինձ։
Ես անընդհատ մտածում էի. «Ո՛չ, սա հնարավոր չէ։ Երկու տարի առաջ ես ոչինչ էի։ Դա հնարավոր չէ… հնարավոր չէ…»։
Հիշում եմ, թե ինչպես ծնողներս վերջապես դուրս եկան խաղադաշտ։ Իմ կյանքում առաջին անգամ հայրիկիս տեսա լաց լինելիս։
Բուենոս Այրեսի փողոցներում 5 միլիոն մարդ էր հավաքվել։ Սա իմ կյանքի ամենակարեւոր հիշողությունն է։ Արցունքն աչքերին ծերունիներ ասում էին. «Շնորհակալություն։ Մենք սրան սպասել ենք 36 տարի»։ Դա ավելին էր, քան ֆուտբոլը։ Ես գիտեմ մեր երկրի տնտեսական վիճակը շատ վատ է։ Մարդիկ աշխատում են գոյատեւելու համար։ Բայց ամբողջ մի ամիս երկիրը կանգ էր առել։ Նրանք տառապում էին մեզ հետ, մոռացել էին մնացած ամեն ինչի մասին։

Լուսանկարը` The Players’ Tribune
Մրցաշրջանի վերջում Յուրգեն Կլոպը եկավ ինձ տեսնելու։ Ապշած էի, որ նա դա արեց ինձ համար։ Ես հաղթել էի Աշխարհի գավաթը, բայց ընդհանրապես աստղ չէի։ Սուրճ խմեցինք ու բացատրեց, որ ուզում է ինձ տեսնել «Լիվերպուլ»-ում։ Դա հիանալի զրույց էր եւ հիանալի հարաբերությունների սկիզբ։
«Լիվերպուլ»-ում մենք դարձել ենք իսկական ընկերներ, ովքեր բացի ֆուտբոլ խաղալուց սիրում են խորոված անել, զվարճանալ, օգնել միմյանց, կռվել ու կատակել իրար վրա։ Եվ այդ խմբում կա մեկը, ով մեր սրտերում հավերժ կզբաղեցնի հատուկ տեղ։
Մեծ հուզմունքով ուզում եմ այս պարբերությունը նվիրել Դիոգոյին։ Ես դեռ չեմ կարողանում հասկանալ, թե ինչպես նա այդքան վաղ լքեց մեզ։ Նա ընտանեկան մարդ էր։ Ես կհիշեմ նրան միշտ ժպիտի դեմքին, գիտեմ, որ այդ ժպիտով նա մեզ կաջակցի վերեւից։
Աշխարհի առաջնությունը մինչ օրս իրական չի թվում։ Ամեն ինչ շատ արագ տեղի ունեցավ։ Դա մի գեղեցիկ երազ էր, որից ես դեռ չեմ արթնացել։ Բայց Պրեմիեր լիգայի տիտղոսը… եւ «Լիվերպուլ»-ի այս թիմը… Այնքան իրական են։

Լուսանկարը` The Players’ Tribune
Երբ «Տոտենհեմ»-ի դեմ եզրափակիչ սուլիչը հնչեց, ես ծնկի իջա եւ սկսեցի լաց լինել։ Դա այն պատճառով է, որ մենք իսկական եղբայրներ ենք, ինչը շատ հազվադեպ է լինում ֆուտբոլում։ Այս ամառվա ողբերգությունից եւ հայր դառնալու մասին լուրն իմանալուց հետո… այս ամենը ինձ համար շատ ավելի խորը իմաստ է ստացել։
Սա պարզապես ֆուտբոլ չէ։ Սա պարզապես ակումբ չէ։ Սա մեր ընտանիքն է, մեր հիշողությունները, մեր ժառանգությունը… Եվ մենք պետք է գնահատենք դրանք, որովհետեւ չգիտենք, թե որքան կտեւի»։
Գոհար Նալբանդյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: