Քիշնեւում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր Հայաստանն ունեցավ երեք ներկայացուցիչ։
Կանանց մինչեւ 76 կգ քաշային կարգում հանդես եկան երիտասարդ ծանրորդներ Աննա Ամրոյանն ու Միլենա Խաչատրյանը։ Նրանք ցույց են տվել հետաքրքիր ու դիտարժան պայքար։
Պոկում վարժությունում Ամրոյանը բարձրացրել է 100, իսկ Խաչատրյանը՝ 95 կգ ծանրաձող եւ զբաղեցրել են համապատասխան 6–րդ ու 12–րդ տեղերը։ Հրում վարժությունում հայ աղջիկներն անհամեմատ ուժեղ են եղել ու խառնվել են մեդալային պայքարին։
Նախորդ տարվա մինչեւ 20 տարեկանների Եվրոպայի չեմպիոն եւ Աշխարհի բրոնզե մեդալակիր Ամրոյանը բավական վստահ ու համարձակ տեսք է ունեցել ու նախ բարձրացրել 126 կգ–ն։ Երկրորդ մոտեցումը նա ձախողել է, սակայն երրորդին՝ 131 կգ, նա իսկական կռիվ է տվել ծանրաձողի հետ ու հաղթել վերջինիս։ Ամրոյանը նվաճել է փոքր բրոնզե մեդալ։ Երկամարտի 231 կգ արդյունքով նա առաջին անգամ մեծահասակների պայքարում հռչակվել է Եվրոպայի փոխչեմպիոն։
Խաչատրյանը եւս համառ պայքար է ծավալել եւ գլխավերեւում պահել նախ 121 կգ–ն, ապա կատարել միանգամից 7 կգ քայլ ու ծանրաձողը կրկին իրեն ենթարկել։ Երրորդ հաջող մոտեցումով՝ 131 կգ, նա հրում վարժությոնում նվաճել է փոքր արծաթե մեդալ։ Երկամարտով Խաչատրյանը ԵԱ–ում 6–րդն է։ ԵԱ–ի չեմպիոնի կոչումը նվաճել է իտալացի Ռոմիդա Տոկոն (233 կգ)։
Այսօր ավելի վաղ Մնացական Աբրահամյանը (89 կգ) 0 էր ստացել։ Վաղը 17:00–ին հարթակ են դուրս գալու Էմմա Պողոսյանը եւ Մարգարիտա Առաքելյանը (81 կգ), 20:00–ին՝ Դավիթ Հովհաննիսյանը (96 կգ)։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: