Փետրվար 22, 2025
exclusive
460 դիտում

Սամվել Գասպարյան․ Ծանրամարտի ֆեդերացիայում ունենք մարզչական խորհրդի կարիք


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիա

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Աշխարհի ու Եվրոպայի մեդալակիր Սամվել Գասպարյանը նախորդ տարեվերջին հայտնեց կարիերան ավարտելու մասին։ Մի քանի շաբաթ է նա դարձել է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար։

Mediamax Sport-ի հետ զրույցում Գասպարյանը նշեց, որ միշտ անդրադարձ է կատարել սպորտում անհրաժեշտ բարեփոխումներին։ Իր կարծիքով հենց դա է պատճառ հանդիսացել այս պաշտոնում աշխատանքի առաջարկ ստանալու համար։


«Մենք ունենք առաջատար մարզիկներ, միջազգային ասպարեզում ֆեդերացիան վայելում է իր համբավը։ Բայց ունենք նաեւ խնդիրներ մարզիկների վերականգնողական եւ վնասվածքների բուժման հետ կապված։ Պետք է համագործակցել վերականգնողական կենտրոնների հետ»։

Հայաստանի առաջնությունը

Լուսանկարը` Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիա


Երկու տարի Հայաստանի առաջնություն չի անցկացվել, որովհետեւ Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի ծանրամարտի դահլիճը վերանորոգվում էր։ Այս տարի այն կայացավ փետրվարի սկզբին։

«Պետք է մեծ կարեւորություն տալ ներքին առաջնություններին, որոնք վճռորոշ կլինեն հավաքականում ընդգրկվող բոլոր մարզիկների համար։ Ծանրորդը փորձի պակասը պետք է լրացնի ներքին առաջնություններում, որպեսզի միջազգային հարթակում ցույց տա լավագույն արդյունքը։ Վերջին 3-4 տարվա ընթացքում մարզիկների քաշային կարգերում չի գրանցվել փոփոխություններ, նոր կիլոգրամներ չեն բարձրացվել։ Եթե նրանք իրենց արդյունքներում տարեկան 2-5 կգ աճ չեն ունենում, ուրեմն կան որոշակի թերացումներ»։

Մրցումային վերջին օրը տղամարդկանց առաջնության մեկ մրցահերթում հայտավորված էր 12 ծանրորդ, որոնք մրցում էին 4 քաշային կարգում։ Քանակը պակաս էր նախորդ տարիներին մասնակցած ծանրորդների թվից։ Գասպարյանը նշում է, որ պատճառը կիլոգրամների փոփոխությունն է, այլ ոչ թե հետաքրքրվածության նվազումը։

«Կանոնակարգով կիլոգրամների սանդղակը եղել է բարձր, ինչը հանգեցրել է ավելի քիչ թվով մասնակցության։ Ծանրամարտի նկատմամբ հետաքրքրվածությունը վերջին տարիների հաջողություններից հետո ավելի է մեծացել։ Հատկապես, Վարազդատ Լալայանի Աշխարհի չեմպիոն դառնալուց եւ Օլիմպիական արծաթ նվաճելուց հետո Գյումրիում գրանցվել է դիմումների մեծ աճ՝ նրա հետ պարապմունքներ անցկացնելու համար»։

Դինամիկան պահպանելու համար

Լուսանկարը` Մեդիամաքս


Գասպարյանը ներկայացվել է ներքին առաջնությունների կարգը փոխելու ծրագիր։ Դրանք նախկինում անցկացվել են Օլիմպիական խաղերի կանոնակարգով՝ պարգեւատրելով միայն մեկ մարզիկի։ Այժմ ներդրվել են «Լավագույն եռյակ» եւ «Լավագույն մարզիչ» անվանակարգերը։ Դրանից հետո երիտասարդների առաջնությունում գրանցվել է կիլոգրամների աճ, մարզիկներն ու մարզիչները հովանավորների կողմից արժանացել են դրամական պարգեւների։

«Պետք է ներգրավել ավելի շատ հովանավորների, որպեսզի նրանք ներդրում ունենան հայկական սպորտում։ Դրամական պարգեւները եւ գնահատանքը մարզիկներին ոգեշնչելու կարեւոր գործոններ են»։

Ծրագրերը եւ խնդիրները

«Ցանկալի է ունենալ պայմանագրեր բրենդների, գործարանների եւ վերականգնողական կենտրոնների հետ։ Մենք ունենք նաեւ մարզչական խորհրդի կարիք։ Պետք է քննարկվեն եւ ներկայացվեն մարզումային ծրագրեր, որպեսզի հաջողության եւ անհաջողության պատասխանատվությունն ամբողջությամբ կրի ֆեդերացիան, այլ ոչ թե միայն գլխավոր մարզիչը»։

Նախորդ տարի երիտասարդների հավաքականի գլխավոր մարզիչ Մելիք Ղուկասյանը եւ մեծահասակների թիմի երկրորդ մարզիչ Հակոբ Փիլոսյանն անցել են միջազգային վերապատրաստում։ Նախատեսվում է ներգրավել միջազգային մարզիչների, ինչպես նաեւ կազմակերպել հավաքականի բոլոր մարզիչների վերապատրաստման եւ փորձի փոխանակման ծրագրեր։

Սերնդափոխությունը

Լուսանկարը` Մեդիամաքս


Բոլոր պատանիները ոգեշնչվում են մեծահասակների արդյունքներից։ Տեսնելով մեծահասակների հաջողությունները՝ նրանք ցանկանում են նմանվել իրենց կուռքերին։

«Սիմոն Մարտիրոսյանը, Վարազդատ Լալայանը, Գոռ Մինասյանն առանձնանում են իրենց հաջողություններով, եւ պատանիները ձգտում են գերազանցել նրանց արդյունքները։ Ֆեդերացիան պետք է աջակցի եւ այնպես անի, որ նրանց այդ հնարավորությունը տա։

Բոլոր տարիքային հավաքականների մարզիչներին ու մարզիկներին ծանոթ եմ, գիտեմ նաեւ առկա խնդիրները։ Դրանցից ելնելով ներկայացրել եմ նախագծեր, որոնք միայն կբարելավեն հայկական ծանրամարտը։ Ամեն ինչ անելու ենք, որպեսզի լսենք նոր չեմպիոնների անուններ»։

Միլենա Մելքումյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին