Օրեր առաջ Վարազդատ Լալայանը դարձավ գերծանր քաշային կարգում Աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճած առաջին հայ ծանրորդը:
Հայաստան վերադառնալուց հետո ծանրորդը խոսել է Mediamax Sport-ի հետ, պատմել իր չեմպիոնական ապրումների, հայ ազգի մեծ ուրախության, թեժ մրցակցության ու նոր նվաճումների հասնելու ձգտման մասին:
«Ինչպես եւ ակնկալում էինք, պայքարն Աշխարհի առաջնությունում շատ թեժ էր, գիտեինք, որ իրանցի ծանրորդները բավական ուժեղ են: Որքան պետք էր երկամարտում հաղթելու համար, այդքան էլ բաձրացրի: Եթե ավելացնելու անհրաժեշտություն լիներ, հրման առաջին մոտեցմանն ավելի մեծ քաշի կմոտենայի:
Ինձ համար իրանցիների բարձրացրած քաշերն անսպասելի չէին, մարզումների ժամանակ նույնիսկ ավելի շատ կիլոգրամներ էին գրանցել:
Ցավում եմ միայն, որ Գոռ Մինասյանը չկարողացավ մեդալ նվաճել։ Իրեն այդքան էլ լավ չէր զգում, քանի որ ծնկի վնասվածք ուներ եւ առաջնությունից առաջ երկար ժամանակ չէր մարզվել:
Աշխարհի չեմպիոն դառնալը երկար ժամանակ ինձ համար երազանք ու նպատակ էր, մանավանդ այդքան արծաթե ու բրոնզե մեդալներից հետո: Երեւի իմ ոսկե մեդալի համար այդքան չեմ ուրախացել, որքան մեր հայ ժողովուրդը: Նրանց համար էլ այս չեմպիոնությունը շատ սպասված էր, քանի որ երկար տարիներ գերծանր քաշային կարգի ոսկին մեկ երկիր էր գնում ու վերջապես այն արդեն Հայաստանում է: Այլ զգացողություններ եւ ապրումներ ունեմ:
Լուսանկարը` Մեդիամաքս
Իհարկե, գիտակցում եմ, որ հետագայում էլ ավելի շատ պիտի աշխատեմ ու մարզվեմ, ինչին, իհարկե, պատրաստ եմ։ Պետք է Օլիմպիական արծաթն էլ ոսկի դարձնեմ: Առհասարակ ամեն մրցման յուրաքանչյուր մեդալ էլ ճանապարհ է հարթում ոսկուն հասնելու համար:
Չեմ կարող 2024-ի իմ արդյունքներից բավարարված չզգալ, քանի որ միակ հայ մարզիկն եմ, որ այս տարի այդքան ոսկե մեդալներ է նվաճել, բայց միեւնույն ժամանակ էլ լիովին գոհ չեմ ինձնից: Գիտեմ, որ ավելացնելու եւ ավելի լավ հանդես գալու հնարավորություն միշտ էլ կա:
Առաջիկայում մի քանի օր կհանգստանամ ու կսկսեմ պատրաստվել 2025-ի Եվրոպայի առաջնությանը: Երկար դադար վերցնել չեմ կարող, քանի որ հետո ավելի բարդ կլինի վերադառնալ պայքարի մեջ, մանավանդ, որ մեր քաշային կարգում այդքան ուժեղ մրցակցություն կա: Չպետք է անտեսել ու հաշվի չառնել նաեւ իրաքցի ծանրորդին, որն ամենավտանգավորներից մեկն է:
Բոլոր ուժեղ մրցակիցներն ինձ համար մոտիվացիա են, որ ավելի համառ աշխատեմ։ Բայց միշտ էլ կենտրոնանում եմ միայն իմ արդյունքների ու կիլոգրամների վրա, դրա շնորհիվ եմ կարողանում մյուսներից մեկ քայլ առաջ լինել»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: