Երեկոյան Էմմա Պողոսյանը ծանրամարտի Աշխարհի երիտասարդական առաջնությունում 233 կգ արդյունքով հաղթող հռչակվեց:
Նա 1 կգ-ով շրջանցեց մեքսիկացի Վանեսա Հերնանդեսին ու Իսպանիայում Լեոն քաղաքում ավարտին մոտեցող առաջնությունում նվաճեց Հայաստանի առաջին ոսկին:
Mediamax Sport-ի հետ զրույցում նա պատմել է դժվար պայքարի, ինքն իրեն չհավատալու, բայց եւ մարզիչների շնորհիվ մինչեւ վերջ պայքարելու մասին:
«Առաջին անգամն էր, որ առաջնություն էի մեկնել այսքան լարված ու չէի հավատում հաղթանակիս: Գիտեի, թե բոլոր 8 մասնակիցներն էլ որքան ուժեղ են, դրա համար էլ ավելի շատ էի անհանգստանում:
Լուսանկարը` անձնական արխիվից
Մտածում էի 3-րդ տեղը զբաղեցնելն արդեն լավ արդյունք կհամարվի: Ելույթիս ավարտին շատ զարմացած ու գոհ էի ինքս ինձնից:
Մրցակցությունը բավական թեժ ստացվեց: Լավ է, որ պոկման ժամանակ 100 կգ-ը կարողացա բարձրացնել, այլապես կզրկվեի մեդալից: Հրման 131-ը բարձրացնելուց հետո չէի հավատում, որ ինձ կհաջողվի եւս մեկ մոտեցում էլ կատարել: Երբեք 133 կգ գլխավերեւում չէի պահել, բայց առաջնությունում կարողացա: Եթե անկեղծ, ես էլ չգիտեմ՝ ինչպես ստացվեց:
Առաջին հերթին մարզիչներին եմ շնորհակալ, որ նույնիսկ երբ ես ինքս ինձ չէի հավատում, շարունակում էին հավատալ ուժերիս: Երբ 131-ից հետո ասացի, որ էլ չեմ կարողանա մոտենալ ծանրաձողին, հիշեցրին, որ չեմպիոնական պայքարը դեռ չի ավարտվել ու եւս մեկ մոտեցում էլ ունեմ:
Լուսանկարը` անձնական արխիվից
Այս ոսկե մեդալն ինձ շատ ոգեւորեց ու հավատ տվեց սեփական ուժերիս հանդեպ: Մանավանդ նախորդ տարի 0 ստանալուց հետո նման հաջողության հասնելը շատ կարեւոր էր ինձ համար:
Այս տարի դեռ էլի մրցումներ ունեմ՝ մեկ ամսից կմասնակցեմ երիտասարդների Եվրոպայի առաջնությանը ու եթե կիլոգրամներս գոհացնող լինեն, ելույթ կունենամ նաեւ մեծահասակների Աշխարհի առաջնությունում»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: