Օրեր առաջ Օլիմպիական, Աշխարհի ու Եվրոպայի արծաթե մեդալակիր Գոռ Մինասյանը նորամուտը նշեց Բահրեյնի հավաքականում ու Ասիայի չեմպիոն դարձավ:
Նա երկամարտում գրանցեց 452 կգ ու ոսկե մեդալ նվաճեց: Երեկ ծանրորդն արդեն վերադարձել է Հայաստան ու Mediamax Sport-ի հետ զրույցում խոսել իր ելույթի, Բահրեյնը ներկայացնելու որոշումը կայացնելու պատճառների եւ ունեցած ապրումների մասին:
«Նորամուտս բավական լավ ստացվեց, բարձրացրած կիլոգրամներն ինձ համար նորություն չէին, իմ բարձրացրած սովորական քաշն էր: Ասիայի առաջնությունը շատ լավ էր կազմակերպված, հետաքրքիր էր այն առումով, որ ամեն ինչ նոր էր ինձ համար:
Չկային այն երկրների ներկայացուցիչները, որոնց հետ ես սովոր էի մրցել Եվրոպայի առաջնության ժամանակ: Ոմանց հետ արդեն հանդիպել էի Աշխարհի առաջնությունում, կային նաեւ մեդալների համար մշտական մրցակիցներից:
Բահրեյն այնքան էլ մեծ պետություն չէ, նոր զարգացող ու ծագող երկիր է ԱՄԷ-ի ու Քաթարի պես, անապատի վրա է վեր խոյանում: Ինձ համար հետաքրքիր ոչինչ չկար այնտեղ:
Ես շարունակելու եմ Հայաստանում մարզվել ու աշխատել մեր մարզիչների հետ: Բահրեյնի հավաքականը նոր է ձեւավորվում ու համալրվում, ինձնից բացի այլ երկրներից հրավիրված ծանրորդներ նույնպես կան: Մարզադահլիճների ու մասնագետների խնդիր կա այնտեղ, ծանրամարտի հիմքերը դեռ նոր են դնում:

Լուսանկարը` IWF
Հաղթանակս շատ լավ ընդունեցին Բահրեյնում ու անչափ ոգեւորվեցին, նույնիսկ ինձնից շատ ուրախացան չեմպիոնությանս առիթով: Ինձ համար ուղղակի հաղթանակ էր, ոգեւորություն, կամ էլ սրտի թրթռոց, որն ունենում էի Հայաստանը ներկայացնելիս, չունեի: Յուրահատուկ ոչ մի զգացողություն չապրեցի, պարզապես տիտղոս էր, որը նվաճեցի: Մեդալը ստանալու կամ էլ օրհներգի ժամանակ էլ ոչինչ չզգացի:
Ամենացավալին այն է, որ էլ իմ երկիրը չեմ ներկայացնելու: Այսքան տարի Հայաստանի դրոշի տակ եմ հանդես եկել ու այլ հույզեր ունեցել, հիմա զուտ աշխատանք է, որ կատարում եմ:
Յուրաքանչյուր մարզիկի համար ամենակարեւոր նպատակն Օլիմպիական խաղերին մասնակցելն է, ես էլ բացառություն չեմ: Իսկ մեր մարզաձեւի կանոններով՝ ամեն երկրից նույն քաշային կարգում միայն մեկ մարզիկ կարող է մասնակցել խաղերին: Միայն դա է եղել պատճառը, որ այսպիսի որոշում եմ կայացրել:

Լուսանկարը` Getty Images
Տոկիոյի խաղերը բաց թողեցի ու այն տարիքում չեմ, որ կարողանամ սպասել մինչեւ 2028-ի Օլիմպիական խաղերը: Նպատակս է 2024 թվականին մասնակցել Փարիզի խաղերին ու եւս մեկ մեդալ նվաճել:
Մրցակցության առումով հայ մարզիկների հետ ոչինչ էլ չի փոխվելու: Ինչպես հիմա ենք սպորտից դուրս ընկերներ, այդպես էլ մնալու ենք: Ամեն մեկն իր պատվիրած կիլոգրամներն է բարձրացնելու եւ հաղթելու է ուժեղը:
Հայաստանը ներկայացնելիս ունեցածս ամենայուրահատուկ նվաճումը եղել է Օլիմպիական խաղերի 2-րդ տեղը, Աշխարհից ու Եվրոպայից մի քանի նմանատիպ մեդալ ունեմ, իսկ Ռիոյինը միակն ու անկրկնելին է:
Բահրեյնը ներկայացնելու առաջարկը եղել է այս տարվա Եվրոպայի առաջնության ժամանակ: Միակ պատճառը, որ այն ընդունել եմ, եղել են Օլիմպիական խաղերը: Ռիոյում Ռուբեն Ալեքսանյանի հետ նույն քաշում մասնակցեցինք, հիմա, ցավոք, կանոնները դա թույլ չեն տալիս:

Լուսանկարը` Մեդիամաքս
Որոշումը կայացվել է իմ, մեր հավաքականների մարզիչների եւ ֆեդերացիայի ղեկավարության հետ: Ամեն ինչը հաշվի ենք առել ու հասկացել, որ պետք է ընդունեմ Բահրեյնի առաջարկը:
Շնորհակալ եմ ծանրամարտի ու իմ ելույթների բոլոր սիրահար մարդկանց, ովքեր ինձ հետեւում են: Հուսով եմ՝ նույն կերպ էլ կշարունակեն հետեւել, կապ չունի, թե որ երկիրը կներկայացնեմ:
Սպորտի ղեկավարությունն էլ մինչեւ հիմա կողքիս է ու հետո էլ լինելու է: Սպորտի նախարարությանը, Օլիմպիական կոմիտեին ու ծանրամարտի ֆեդերացիային շնորհակալ եմ ամեն ինչի համար: Նրանք միշտ կողքիս են եղել, նման ճանապարհ եմ անցել եւ այսպիսին դարձել հենց նրանց շնորհիվ»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: