Դեկտեմբեր 23, 2024
exclusive
44009 դիտում

Պատերազմի մարզիկները. Կարապետ Մխիթարյան


Կարապետ Մխիթարյանը
Կարապետ Մխիթարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Կարապետ Մխիթարյանը
Կարապետ Մխիթարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Կարապետ Մխիթարյանը
Կարապետ Մխիթարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Կարապետ Մխիթարյանը
Կարապետ Մխիթարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Կարապետ Մխիթարյանը
Կարապետ Մխիթարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Ապրիլյան քառօրյա պատերազմից արդեն մեկ տարի է անցել, բայց մենք դեռ շարունակում ենք բացահայտել հայ զինվորներին ու հիանալ նրանցով:

Առաջին անգամ պատերազմի միջով անցած, ընկերներին կորցրած ու սարսափով այդ օրերը հիշող տղաները մեր կողքին են, ապրում են մեր հարեւանությամբ, հանդիպում փողոցում, շարունակում կրթություն ստանալ: Նրանք երբեք գլուխ չեն գովում, պարզապես երազում են խաղաղության մասին, քանի որ գիտեն դրա իրական գինը:

Mediamax Sport«Պատերազմի մարզիկները» շարքում այս անգամ պատմում ենք դիրքապահ Կարապետ Մխիթարյանի մասին:

Բանակի դասերը

Միշտ ցանկացել եմ ծառայել բանակում, երբ դեռ փոքր էի ու շատ բան չէի էլ հասկանում: Ծառայությունը շատ եմ սիրել, հիմա էլ կարծիքս չեմ փոխել, միայն թե պատերազմ ու զոհեր չլինեն:

Բանակը շատ բան փոխեց իմ կյանքում, դաստիարակեց, ավելի հասուն ու լուրջ դարձրեց: Այն ամենի միջով, որ անցել եմ, չէր կարող չազդել ինձ վրա, շատ բան սովորեցի ու հասկացա:

Զգացի, որ պատերազմից հետո առաջին հերթին զինվորը զինվորին սկսեց գնահատել: Մարդկանց ջերմությունն ու սրտացավությունը բանակի նկատմամբ անգնահատելի էր:

Ապրիլյան դեպքերից 3 ամիս անց արձակուրդ էի եկել, միայն տեսնել էր պետք, թե ինչպես էին ինձ վերաբերվում: Մինչեւ անգամ փողոցում զինվորական համազգեստով տեսնելիս կանայք արտասվում էին:

Հիմա ցավով նկատում եմ, որ դեպքերից ընդամենը 1 տարի անց շատ բան մոռացվել է: 2 ամիս է, որ զորացրվել եմ ու բոլորովին այլ պատկերի եմ ականատես լինում, ոմանք անգամ Թալիշի մասին չեն հիշում:

Կարապետ Մխիթարյանը Կարապետ Մխիթարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Կյանքը մինչեւ ծառայությունը

Սպորտը միշտ էլ կարեւոր է եղել ինձ համար: Լրջորեն կարատեով (դուքենդո) սկսել եմ զբաղվել 13 տարեկանից: Թեեւ առաջին քայլերս շուտ եմ արել՝ 8 տարեկանում: Ավելի մեծ տարիքում կրկին զգացել եմ սպորտով զբաղվելու անհրաժեշտությունն ու նվիրվել եմ այդ գործին: Կարճ ժամանակում հաջողություններ եմ գրանցել, բազմաթիվ մրցումների մասնակցել ու մեդալներ նվաճել:

Կյանքում էլ, ծառայության ընթացքում էլ հասկացել եմ, թե որքան կարեւոր է սպորտը: Նախ՝ կտրվում ես վատ շրջապատից ու սովորություններից, առողջ ապրելակերպ ես վարում, ֆիզիկապես պատրաստված դառնում ու ավելի ինքնավստահ զգում: Սպորտի շնորհիվ բազմաթիվ մարդկանց հետ եմ ծանոթացել, ընդլայնել ընկերներիս շրջանակը, հիմա էլ մեծ սիրով երեխաների հետ եմ պարապում:

Մինչ բանակ գնալը ընդունվել էի Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ, թեեւ նախապես որոշել էի ԵՊՀ-ում սովորել: 

Բանակից վերադառնալուց հետո մանկավարժական ֆակուլտետի կարատեի բաժնում եմ ուսումս շարունակում, սակայն ցանկանում եմ ոստիկան դառնալ: Հավանաբար կշարունակեմ սովորել ակադեմիայում:

Ընտանիքիս՝ ծնողներիս ու քույրիկներիս հետ բնակվում եմ Արտաշատում: Ցանկանում եմ լավ աշխատանք ունենալ ու իմ ընտանիքը կազմել:
Կարապետ Մխիթարյանը Կարապետ Մխիթարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Քառօրյա պատերազմը

2015 թվականի հունվարին 2-րդ կուրսի կեսերից զորակոչվեցի բանակ: Ծառայել եմ Մատաղիսում, Թալիշի գումարտակում:

Ապրիլի 1-ին հերթափոխի էինք, ճանապարհին արդեն մեզ վրա կրակում էին, մի կերպ հասանք դիրք ու տղաներին փոխարինեցինք: Սակայն նրանք մեծ դժվարությամբ ու բավականին ուշ կարողացան իջնել, ճանապարհին էլ ընկերս՝ Վլադիմիրը զոհվեց:

Չէինք պատկերացնում, որ ամեն ինչ այդքան լուրջ կլինի: Մտածում էինք, որ այս անգամ էլ գիշերը կկրակեն, իսկ առավոտյան ամեն ինչ կհանդարտվի: Բայց մենք գործ ունենք թուրքի հետ, որն անկանխատեսելի է, իրենք հասկանում են, որ մեզ հետ իմաստ չունի կռվել, սակայն չեն հանդարտվում:

Գիշերը ժամը 2-ին հեռախոսագրերից իմացանք, որ թշնամուն նկատել են ու պետք է զգույշ լինել: Կրակոցների արդյունքում կապը վնասվեց, չէինք կարողանում տեղեկանալ, թե ինչ է կատարվում մեր շուրջը կամ մոտակա դիրքերում ինչ իրավիճակ է: Կրակոցների ձայներով էինք գործողությունների ուղղությունը որոշում:

Առանց սննդի ու քնի

Մեր առաջնային խնդիրը դիրքը պահելն էր: Մնացել էինք մեր դիրքի անձնակազմով, ենթարկվում էինք դասակի հրամանատարին: 4 օր սնունդ չենք ունեցել, միայն ջրով ու շաքարավազով ենք ապրել:

Երբ ապրիլի 5-ին կրակը դադարեցնելու բանավոր համաձայնություն ձեռք բերվեց կողմերի միջեւ, միայն այդ ժամանակ մեր սնունդը տեղ հասավ: Ապրիլի 1-ից մինչեւ 5-ը չենք քնել, մեր զենքերից անբաժան ամեն ինչի պատրաստ ենք եղել:



Կռվի դաշտի դժվարությունները

Ընդհանրապես չէի պատկերացնում, թե պատերազմն ինչպես է լինում: 18 տարեկան տղաները տեսան այն, ինչ շատերն անգամ պատկերացնել չեն կարող: Չգիտեինք, որ մեր զինվորները կարող են այսքան ուժեղ ու համարձակ լինել, օգնել ու պաշտպանել միմյանց:

Այդ օրերի ընթացքում ատամներով պահում էինք իրար, մի աննշան կոնֆլիկտ անգամ չի եղել: Իրար անընդհատ հսկում էինք, աշխատելու ժամանակ հետեւում, որ հանկարծ որեւէ բան չպատահի: Ուղղակի սկսեցինք իրար գնահատել, հասկացանք, որ կյանքից կարեւոր ոչինչ չի կարող լինել:

Կռվի դաշտում քո մասին չէ, որ մտածում ես: Կողքիդ կանգնած ընկերն է ամենակարեւորը դառնում ու ընտանիքդ: Նման ծանր պահերին միշտ հիշում ես, որ ընտանիք ունես ու անգամ կյանքիդ գնով պարտավոր ես այն պաշտպանել:

Չգիտեմ ինչու, բայց ես վստահ եմ եղել, որ ինձ հետ ոչինչ չի պատահելու: Միայն մեկ անգամ եմ վախ զգացել: Կռվից օրեր էին անցել, երեւի ապրիլի 20-ը կլիներ, հեռախոսագիր ստացանք, որ մեր դիրքի ուղղությամբ մոտ 250 հոգանոց խումբ է գալիս: Ընդամենը 20 հոգի էինք, կամավորականներն էլ դեռ մեզ հետ էին, զենքերով շարվեցինք խրամատի մեջ ու սպասեցինք թշնամուն:

Այդ ժամանակ է, որ ընկերոջս հրաժեշտի նամակ գրեցի. «Լավ մնացեք, չգիտեմ ինձ հետ ինչ կլինի, եթե ամեն ինչ լավ ավարտվի, կզանգեմ» ու անջատեցի հեռախոսս…Մոտ 1 ժամ այդպես տանջվելուց հետո իմացանք, որ ամեն ինչ հանգիստ է:




Ապրիլի հետքերը

Դժվար է, գրեթե անհնար բառերով փոխանցել, թե մենք ինչեր ենք հաղթահարել: Այդ ամենն անհետեւանք չէր կարող անցել: Հիմա էլ բարձր աղմուկի կամ էլ ցածր թռչող ինքնաթիռի ձայնից կարող եմ վեր թռչել:

Այդ օրերը հիշելը հեշտ չէ: Մառախուղ, ահավոր ցուրտ ու անտանելի քամի էր, ծառերն այնպես էին իրար զարկում, որ ոչինչ չէր լսվում, անգամ մոտեցող ոտնաձայներն անհնար էր տարբերել: Բայց միեւնույն է մենք կանգնում էինք դիրքում, մեր առաջնային պարտականությունը դա էր, ոչ մի տեղ նահանջել չէինք կարող:
Կարապետ Մխիթարյանը Կարապետ Մխիթարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Միայն հիմա, վերադառնալուց հետո եմ հասկանում, թե ընտանիքիս հետ ինչ էր կատարվում: Իրենք էլ տարբեր տեղեկություններ էին ստանում, ոմանք ասում էինք, որ շրջափակման մեջ եմ ընկել կամ զոհվել: Այդ պատճառով էլ անընդհատ փորձում էի կապի մեջ լինել, խոսել նրանց հետ, որպեսզի գոնե մի քիչ հանգիստ լինեն:

Ուղղակի մեկ բան համոզված կարող եմ ասել, որ պատերազմներ չպետք է լինեն, դրանց արդյունքում մարդիկ շատ բաներից են զրկվում:

Պարզապես 2016-ի ապրիլից հետո պարտավոր ենք զգոն լինել ու ավելի կազմակերպված բանակ ունենալ, որն ավելի պատրաստ կլինի տարբեր իրավիճակներում իրեն դրսեւորել, զոհերի թիվը նվազագույնի հասցնել: Մեզ պետք է, որ զորացրվելուց հետո տղաները կարողանան կառուցել իրենց ապագան, ծնողների կողքին լինեն, այլ ոչ թե տան լույսը մարի ու այդ ընտանիքի կյանքն անիմաստ դառնա:

Կարապետ Մխիթարյանի հետ զրուցել է Հասմիկ Բաբայանը
Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գրիգոր Եփրեմյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին