Դեկտեմբեր 23, 2024
exclusive
59274 դիտում

Պատերազմի մարզիկները. Սմբատ Սահակյան


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Մեկ տարի առաջ սկսված պատերազմի ընթացքում բացահայտվեցին այն երիտասարդ տղաները, որոնց շնորհիվ մենք այսօր շարունակում ենք ապրել: Նրանցից շատերը մարզիկներ են, ովքեր այսօր զորացրվել են ու փորձում են շարունակել իրենց քաղաքացիական կյանքը:

Mediamax Sport-ը սկսում է նոր շարք, որի ընթացքում ծանոթանալու է այն մարզիկների հետ, ովքեր մասնակցել են 2016-ի ապրիլյան պատերազմին:

«Պատերազմի մարզիկները» շարքի առաջին հերոսը ըմբիշ-հրետանավոր Սմբատ Սահակյանն է:

Սմբատը Ձորաղբյուրից է: Տանը երեք եղբայր են: Հայրը՝ Սահակ Սահակյանը, փոխգնդապետի կոչում ունի:

Սմբատի մեծ եղբայրը հաճախել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի, ինքն էլ որոշել է միանալ նրան: Սիրել է մարզաձեւն ու սկսել ավելի լուրջ զբաղվել: Հայաստանի պատանիների առաջնությունում գրավել է 3-րդ տեղը:

Ապա ընդունվել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզչամանկավարժական ֆակուլտետի ըմբշամարտի բաժին: Զորացրվելուց հետո շարունակում է ուսումը:

Լուսանկարը` Մեդիամաքս


Սպորտի օգտակարությունը բանակում

Սպորտն իմ կյանքում շատ կարեւոր դեր ունի: Ես ըմբշամարտում մեծ հաջողությունների չեմ հասել, բայց այն ինձ տվել ու տալիս է ուժ, առողջություն, կամային հատկանիշներ: Սպորտը թե ֆիզիկապես, թե հոգեպես կոփում է մարդուն:

Ես դա զգացել եմ Մատաղիսում ծառայության առաջին օրերից: Այնտեղ շատ դժվար պարապմունքներ եմ անցկացրել, բայց լավ մարզված լինելու շնորհիվ ոչ մի խնդիր չի առաջացել: Մենք սպորտային անկյուն ունեինք, ու ես տղաներին հորդորում էի մարզվել, օգնում էի նրանց, ինչ-որ բաներ ցույց տալիս:

Բանակը շատ բան է փոխում մարդու մեջ: Տեսնում ես իրական դժվարությունները, զգում իսկական կարոտն ինչ է, կոփվում հոգեպես ու ֆիզիկապես, ավելի լրջանում: Այդ երկու տարում պատանեկան տարիքից միանգամից դուրս ես գալիս:

Մեր սպաների երեխաների հետ ըմբշամարտ էի պարապում, շատ լավ տղաներ էին: Մարտակերտ, Ստեփանակերտ մրցումների են մասնակցել, լավ արդյունքներ ցույց տվել:

Ծառայության ընթացքում տարբեր մրցումների եմ մասնակցել, պատվոգրեր ստացել, իսկ համաբանակային սպարտակիադայում 2-րդ տեղը գրավել:

Լուսանկարը` Մեդիամաքս


2016-ի ապրիլը

Մենք զորանոցում էինք: Հրամանատարական անձնակազմը վերկաց տվեց ու միանգամից հրամայեց վազել թաքստոցներ: Ճիշտ է, այդ պահին մի տեսակ խուճապ կար, որովհետեւ անփորձ էինք, բայց հետո ամեն ինչին սովորեցինք:

Թշնամին հրետանային ինտենսիվ կրակ էր վարում, չէինք կարողանում թաքստոցներից դուրս գալ ու կարծես փակուղու մեջ լինեինք: Հետո, երբ մի քիչ դադար եղավ, արագ զինվեցինք ու բարձրացանք դիրքեր:


Կարողացանք ավելի նպաստավոր կրակային դիրք ընտրել ու շարժվեցինք դեպի Տոնաշենի կողմը: Այնտեղ արդեն արագ վերանորոգեցինք թաքստոցները, նորերը սարքեցինք: Իրականում դժվար էր, անընդհատ թե իրենք էին կրակում, թե մենք, այդ ընթացքում աշխատում էինք, արկեր դատարկում, նոր հրամաններ ստանում ու կատարում:

Մեր հրետանին զգալի վնասներ հասցրեց հակառակորդին: Անկեղծ ասած, ես չէի էլ մտածում, որ այդպես կարող ենք պատասխան տալ, բայց ստացվեց: Շատ միասնական էինք աշխատում:

 

Ինչպես կարողացանք պայքարե՞լ: Պարզապես հույսներս մեզ վրա դրեցինք, ուշադիր եղանք, ճիշտ կատարեցինք հրամաններն ու Աստծո կամոք առաջ շարժվեցինք: Պարզապես գիտեինք, որ նահանջելու տեղ չունենք ու պետք է կանգնենք մեր դիրքերում:

Լուսանկարը` Մեդիամաքս


Բոլոր դժվարությունները կարողացանք հաղթահարել, վախի զգացումը, որը սկզբում ունեինք, անհետացավ: Արագ սովորեցինք իրավիճակին, գիտեինք, թե որ արկը որտեղից է գալիս, ինչքան ժամանակից կհասնի մեզ, զգում էինք հակառակորդն է կրակում, թե մերոնք:

 

Սահմանին կանգնած ամեն տղա պետք է իմանա, որ տանն իրեն սպասում են: Դրա համար անչափ ուշադիր ու զգոն պետք է լինի:

Պատերազմի դասերը

Այդ ընթացքում տղաներով շատ մտերմացանք: Գիտե՞ք, երբ այդքան շատ տղաներ անընդհատ մի տեղում են լինում, հնարավոր չէ խուսափել տարաձայնություններից: Բայց այդ օրերին բոլորս իրար սկսեցինք էլ ավելի շատ սիրել: Հիմա եմ հասկանում, որ մահից ենք պրծել, մինչդեռ այնտեղ՝ կռվի դաշտում, ամեն վայրկյանը կարող էր վերջինը լինել:

Մենք շատ բան տեսանք ու սովորեցինք: Հետաքրքիր էր կամավորների հետ ապրել: Նրանք արդեն անցել էին պատերազմի միջով ու մեզ դուխ էին տալիս, պատմում իրենց հետ տեղի ունեցած դեպքերից: Պատահում էր, որ գիշերն ինչ-որ ձայներ էինք լսում ու կարծում, որ դիվերսիոն փորձ է, բայց նրանք սովորեցրին զանազանել ձայներն ու հանգստություն պահպանել նման իրավիճակներում: Թվում է մանրուքներ են, բայց առաջնագծում առանց դրանց հնարավոր չէ ճիշտ կողմնորոշվել:

Մեզ հետ տարբեր զավեշտալի դեպքեր էլ են պատահել: Մի օր մեր դիմացը հակառակորդ նկատեցինք, պարզապես չէր շարժվում: Տղաներից մեկը հայտնեց, թե ձեռքին էլ զենք կա: Կրակեցինք, բայց հետո դիտարկողը նայեց ու պարզվեց… շատ բարձր կոճղ էր: Ախր, շատ էր մարդու նման: Ծիծաղեցինք, անցավ:

Լուսանկարը` Մեդիամաքս


Սպարտակ Սարգսյան ունենք, շատ լավ էր երգում: Հաճախ էր հայրենասիրական երգեր կատարում, մենք էլ ձայնակցում էինք ու տրամադրում մեզ, որ ամեն ինչ լավ է լինելու: Վստահ էինք մեր ուժերին:

Այդ ողջ ընթացքում ինձ պահել է հավատն ու ծնողներիս մոտ վերադառնալու մեծ ցանկությունը: Պատերազմն ինձ տվեց կյանքին ավելի լավ նայելու, կյանքը գնահատելու կարողություն: Վերցրեց… մեր տղաներին, նրանց կորուստն իմ ցավն է: Նրանք մեր իրական կյանքի հերոսներն են ու պարտավոր ենք միշտ հիշել:

Լուսանկարը` Մեդիամաքս


Այդ օրերին ես սկսեցի բանաստեղծություններ գրել: Չգիտեմ ինչից էր, բայց միանգամից միտք էր գալիս ու գրում էի: Հիմա չեմ գրում, չգիտեմ, Արցախում էի երեւի, պատերազմ էր, ու այդ ամենն ինձ գրելու ուժ էր տալիս:



Ինչու են երկրները պատերազմում

Պետությունները հողի համար են պատերազմում, բայց ես կարծում եմ, որ Ադրբեջանին միայն դա չէ պետք: Սա զուտ սկզբունքի հարց է, չեն համակերպվում պարտված լինելու մտքի հետ: Այս ապրիլից հետո պետք է որ հասկացած լինեն՝ մենք չենք պատրաստվում իրենց առաջ շարժվելու հնարավորություն տալ:

Հայաստանն ու Արցախն արդեն միասին են: Չեմ կարող ասել, թե ինչպես կավարտվի այս ամենը, կլինի միջազգային ճանաչում, թե ոչ: Բայց այն, որ մենք միասնական ենք, երեւաց նաեւ ապրիլին: Սովորական մարդիկ մեզ համար կապոցներ էին ուղարկում, երեխաները նամակներ գրում, ինչից շատ էինք ուրախանում ու զգում նրանց աջակցությունը:

Ովքեր են զինվորները

18-20 տարեկան սահմանին կանգնած երիտասարդները հզոր են, տաքարյուն, խաղաղությունը պահում են տանջվելով, կամքի ուժով, չքնելով, հոգնելով:

Լուսանկարը` Մեդիամաքս


Հիմա, երբ հիշում եմ այդ օրերը լրջանում եմ: Օրինակ, երբ տեսնում եմ երիտասարդների՝ ուրախ, անհոգ, ծիծաղելով քայլում են, միանգամից սահմանն եմ հիշում, թե ինչի միջով անցանք, ինչքան դժվար է հիմա այնտեղ կանգնած տղաների համար:

Անկեղծ կլինեմ, հավատս չէր գալիս, որ պատերազմը կավարտվի, նույնիսկ ինձ թվում էր, թե ծառայությունս չի վերջանա: Հիմա էլ կարծես եկած լինեմ արձակուրդ, ամբողջովին չեմ վերադարձել: Միշտ զանգում եմ տղաներին, խոսում նրանց հետ:

Կյանքը բանակից հետո

Ես ուզում եմ մեր մարզադպրոցում լինեմ, օգնեմ երեխաներին: Ճիշտ է, մեր դահլիճն այդքան էլ լավ վիճակում չէ, պայմանները վատն են, բայց ինձ այնտեղ դուր է գալիս, այն իմն է:

Լուսանկարը` Մեդիամաքս


Հիմա շարունակում եմ ուսումս, փորձում եմ հարմարվել այս կյանքին: Ուզում եմ լավ աշխատանք գտնել, հետագայում արդեն ընտանիք կազմել ու երջանիկ լինել:

Իսկ Հայաստանը թող դեպի լավը գնա, ժողովրդի ֆինանսական վիճակը բարելավվի, արտագաղթ չլինի, մարդիկ մնան իրենց երկրում ու զարգացնեն այն: Թող խաղաղություն լինի, տղաները ապահով կանգնեն խրամատներում, անգամ փոքր տրամաչափի զենքից կրակոցներ չհնչեն:

Սմբատ Սահակյանի հետ զրուցել է Գոհար Նալբանդյանը
Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գրիգոր Եփրեմյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին