Դեկտեմբեր 22, 2024
exclusive
59889 դիտում

Անմոռանալի հաղթանակ. Սիմոն Մարտիրոսյան


Լուսանկարը` Անձնական արխիվից


Եվրոպայի չեմպիոն  ու Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանի սպորտային կարիերայում հաղթանակներ, ոսկե մեդալներ ու ռեկորդներ անթիվ են եղել:

Երիտասարդ տարիքում էլ նա աշխարհում ուժեղ ու հայտնի ծանրորդների թվին է դասվում: Mediamax Sport-ի «Անմոռանալի հաղթանակ» շարքում Մարտիրոսյանը  հիշել է իր առաջին ոսկե մեդալն ու խոսել չեմպիոնական զգացողությունների մասին:

2013 թվականին առաջին անգամ միջազգային մրցաշարում ոսկե մեդալակիր դարձա: Տաշքենդում մասնակցում էի երիտասարդների Աշխարհի առաջնությանը: Մինչ այդ Եվրոպայի ու Աշխարհի առաջնություններում բրոնզե մեդալ էի նվաճել, 1-ին անգամ ինձ հաջողվեց կանգնել պատվոհարթակի 1-ին աստիճանին:

Պոկում վարժությունում բարձրացրի 165, իսկ հրումում՝ 200 կգ: Արդյունավետ օգտագործեցի 5 մոտեցում: Այդ առաջնությունը նաեւ վարկանշային էր, 2014 թվականի Նանջինգի պատանեկան Օլիմպիական խաղերի ուղեգրեր էին խաղարկվում:

Մարզիչները հաշվարկել էին, որ ուղեգիր կապահովեմ նույնիսկ 3-րդ տեղ զբաղեցնելու դեպքում: Ես հոգեբանորեն ճիշտ տրամադրվեցի մրցումներին, կարողացա հաղթող դառնալ ու գերազանցել բոլոր մրցակիցներիս:

Ինձ համար այդ հաղթանակը եւ շատ կարեւոր էր, եւ անմոռանալի: Ուրախութայնս չափ չկար, 1-ին ագամ զգացի, ինչ է նշանակում չեմպիոն լինել ու 1-ին տեղում կանգնել:

Այդ օրվանից շարունակել եմ վերելքս, շատ մեդալներ եմ նվաճել, բայց դեռ ամենակարեւորներին՝ Աշխարհի ու Օլիմպիական չեմպիոնների կոչմանը չեմ հասել: Ես ամեն ինչով ծանրամարտին եմ պարտական, այն ինձ տվել է ճանաչում, փառք, ընկերներ: Իմ մարզաձեւը շատ եմ սիրում ու կփորձեմ աստիճանաբար կյանքի կոչել նպատակներս:

Իմ առաջին հաջողությունից 5 տարի է անցել, միշտ ուզում եմ պայքարի մեջ լինել, մրցումային պրոցեսը շատ եմ սիրում: Բայց ծանրամարտում հաջողության հասնելու համար հոգեբանորեն պետք է շատ ամուր լինել ու պատրաստ, քո մրցակիցը միայն ծանրաձողն է: Եթե մեկ վայրկյան անգամ կասկածես, որ այն չես կբարձրացնի, ոչինչ էլ չի ստացվի:

Շատ քիչ ժամանակ է մնացել՝ 1 ամսից մի քիչ ավելի, հանդես կգամ Աշխարհի առաջնությունում ու կփորձեմ հաղթող դառնալ: Չգիտեմ, թե որքանով ինձ մոտ կստացվի, բայց ես ոսկու հետեւից եմ մեկնելու Աշխաբադ:

Սիմոն Մարտիրոսյանի հետ հաղթանակը վերհիշել է Հասմիկ Բաբայանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին