Դեկտեմբեր 22, 2024
exclusive
8769 դիտում

Անմոռանալի հաղթանակ. Վարդան Մինասյան


Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` AFP

Լուսանկարը` PAN Photo


Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը Mediamax Sport«Անմոռանալի հաղթանակ» շարքի համար վերհիշել է իր կարիերայում առավել նշանակալից խաղն ու նշել, թե ինչու է այն յուրահատուկ իր համար:

«Անմոռանալի խաղն ինձ, բնականաբար, Սլովակիայի դեմ էր: Նախ հաշիվն էր անսպասելի՝ 4:0, բացի այդ էլ այդ դիմակայությունում մեզ մոտ ամեն ինչ ստացվեց: Իհարկե, եղան նաեւ այնպիսի պահեր, եթե դրանք այլ կերպ դասավորվեին, նման հաջողության չէինք հասնի: Մրցակիցն անընդհատ ճնշում էր, բայց թե տակտիկապես, թե պլանավորածի առումով ամեն ինչ կարողացանք կյանքի կոչել:


Այդ խաղից առաջ սկսեցի որոշ բաներ վերաարժեքավորել՝ մարդկային հարաբերություններն ու ընդհանրապես շփումը: Առաջին հերթին հենց այդ առումով է Սլովակիայի դեմ հանդիպումն ինձ համար անմոռանալի: Մի քանի բացահայտումներ արեցի:



Իսկ ֆուտբոլային առումով իսկապես դժվար էր տնային խաղում զիջել ու հյուրընկալվելիս հաղթել ավելի ուժեղ մրցակցի: Բայց մեր թիմի համար ամեն ինչ այնքան լավ դասավորվեց, 20 րոպե էր անցել ու արդեն 2:0 հաշվով առաջ էինք: Երբ հանդիպման մեկնարկում գրավում ես մրցակցի դարպասը, նախորդ պարտության հոգեբանական պահն արդեն վերանում է: Զգում ես, որ նորից նույն հավաքականն ու ֆուտբոլիստներ են եւ չեն թողնում հակառակորդին արթնանա:

Ինքս անձամբ այլ կերպ սկսեցի նայել մարդկային հարաբերություններին, ավելի շատ մանրամասներ չեմ նշի: Սլովակիայից հետո որոշ սկզբունքներ, թեեւ ավելի ճիշտ կլինի ասել հայացքներ ինձ մոտ փոխվեցին ֆուտբոլի ու կյանքի նկատմամբ:

Բնական է, որ հիմա այնպես չեմ մտածում, ինչպես 10 տարի առաջ, նորմալ գործընթաց է, որ մարդը փոխվում է, դա բնական զարգացում է, ու ավելի լավ է, քան կարծրատիպերով ապրելը:

Բնավորությունն ու հայացքները տարբերվում են իրարից, թեեւ նրանց մեջ շատ նուրբ գիծ կա, ու ոչ բոլորն են այդ տարբերությունը տեսնում: Միշտ գտել եմ, որ բնավորությունը համարյա անհնար է փոխել: Բայց մարդը պետք է փոխվի, որովհետեւ երբեք չենք կարող իմանալ, թե կյանքը մեզ ուր կտանի:

Լուսանկարը` AFP


Օրինակ բերեմ Մել Գիբսոնի «Հայրենասերը» ֆիլմից, որի սկզբում հետաքրքիր մի դրվագ կա: Բոլորը համոզված են, որ պարտավոր են գնալ ու կռվել, իսկ գլխավոր հերոսը ցանկանում է բանակցելով լուծել հարցը: Ինչի արդյունքում էլ ներկաներից մեկը զարմանում է, չէ՞ որ նա մեծ լեգիոն է ոչնչացրել, իսկական զինվոր եղել, իսկ հիմա հրաժարվում է իր սկզբունքներից: Ու հնչում է այսպիսի պատասխան.

«Ես 6 երեխա ունեմ, սկզբունքներն ինձ համար մեծ ճոխություն են ու դրանք ինձ թույլ տալ չեմ կարող: Հիմա ուզում եմ այսպես վարվել»:

Դա նաեւ ճկունություն է կոչվում: Հենց այդ առումով էր խաղը յուրահատուկ ինձ համար: Հայացքների վերափոխման հնարավորություն տվեց, այդ դրվագն էլ իմ կյանքում էր կարեւոր:

Այն նաեւ սպորտային տեսանկյունից առանձնացավ: Երբ տեսնում ես, որ քո ընտրած կազմն ու մարտավարությունն արդյունք են բերում, աննկարագրելի է: Հենրիխ Մխիթարյանին աջ կիսապաշտպան էի տարել, ինչ-որ բաներ էինք մտածել, ու բոլորն էլ աշխատեց: Երկրորդ անգամ նույնը կարող է էլ չկրկնվել: Կամ ո՞վ էր 4:0 հաշիվ սպասում:

Ֆուտբոլում հազվադեպ է լինում, որ ամեն ինչ գնում է պլանավորածիդ պես: Իսկ այդ խաղերում ամեն ինչ համընկավ:  

Վարդան Մինասյանի հետ անմոռանալի հաղթանակը վերհիշել է Հասմիկ Բաբայանը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին