Նոյեմբեր 22, 2024
exclusive
75941 դիտում

Անմոռանալի հաղթանակ. Ռոման Ամոյան


Լուսանկարը` wrestlingarena.info

Լուսանկարը` wrestlingarena.info

Լուսանկարը` wrestlingarena.info

Լուսանկարը` wrestlingarena.info

Լուսանկարը` wrestlingarena.info

Լուսանկարը` wrestlingarena.info


Մեր ամենադրական, միշտ պատրաստակամ, բարի ու տիտղոսակիր մարզիկներից է հունահռոմեական ոճի ըմբիշ Ռոման Ամոյանը:

Ռոմանը մեկ անգամ չէ, որ տարբեր մրցաշարերում բարձր է պահել Հայաստանի անունը, տարել է հաղթանակներ ու հարստացրել հայկական սպորտի մեդալների թիվը: Նա Եվրոպայի չեմպիոն է, Աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր:

Mediamax Sport«Անմոռանալի հաղթանակ» շարքում այս անգամ սիրով զրուցել ենք Ռոմանի հետ: Տեսնենք, թե որ հաղթանակն է նա առանձնացրել:

2009 թվականին ես դարձա Աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր: Շատ լուրջ էի պատրաստվել այդ առաջնությանը եւ բոլոր գոտեմարտերիս ժամանակ կարողանում էի ցույց տալ իմ ողջ ուժը:

Ցավոք, եզրափակիչ գոտեմարտում ես պարտություն կրեցի իրանցի Ռեյհանպուր Սորյանից ու կանգնեցի պատվոհարթակի երկրորդ աստիճանին:

Բայց այս առաջնությունում ես տարա մի հաղթանակ, որն, իսկապես, անմոռանալի է ինձ համար: 1/8 եզրափակչում մրցակիցս ադրբեջանցի Ռովշան Բայրամովն էր, որին մեկ տարի առաջ Օլիմպիական խաղերում զիջել էի ու բավարարվել բրոնզե մեդալով:

Այստեղ ես միայն գնացել էի ապացուցելու, որ իմ քաշային կարգում ուժեղագույններից եմ, դա էր պատճառը, որ ամեն ինչ ներ էի դրել եզրափակիչ դուրս գալու համար: Գոտեմարտս ավելի կազմակերպված էի վարում, կենտրոնացած էի ու զգում էի, որ նրանից ուժեղ եմ:

Ըմբշամարտում այդ ժամանակ դեռ երեք փուլով էին ընթանում հանդիպումները: Առաջին մրցափուլում ես հաղթեցի, իսկ երկրորդում՝ նա:

Վերջին մրցափուլի ժամանակ մարզիչներիս ձայնը լսեցի, որոնք ասում էին, որ պետք է պոկեմ մրցակցիս, բարձրացնեմ ու գլորեմ: Սա իմ հնարքն է, ողջ ուժերս հավաքեցի ու կարողացա գլորել նրան: Արդյունքում հաղթեցի ու շարժվեցի առաջ:

Հիմա հիշում եմ, թե ինչպիսի լավ մրցաշարեր եմ անցկացրել, ինչ լավ պահեր եմ ապրել ու ինչպիսի մեդալներ եմ նվիրել իմ երկրին ու ժողովրդին: Շատ ուրախ ու հպարտ եմ այս ամենի համար:

Մեծ պատիվ է, որ նաեւ իմ շնորհիվ է Հայաստանը ներկայացել աշխարհին, կարողացել եմ մեր հիմնը հնչեցնել: Սա ցանկացած մարզիկի երազանքն է, չէ՞ որ կարողանում ես ինչ-որ բանով օգտակար լինել երկրիդ:



Ռոման Ամոյանի հետ զրուցել է Գոհար Նալբանդյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին