Վերջին տարիներին հայկական ֆուտբոլ ասելով հասկանում ենք հենց Հենրիխ Մխիթարյանին: Կիսապաշտպանը ճանաչելի է դարձրել Հայաստանը ֆուտբոլային աշխարհում ու շարունակում է աճել իր ակումբում՝ Դորտմունդի «Բորուսիայում»` եվրոպական նոր ակումների ուշադրությունը սեւեռելով իր վրա:
Mediamax Sport-ի «Անմոռանալի հաղթանակ» շարքում իր ամենակարեւոր ու հիշարժան հանդիպման մասին է հիշում Հենրիխ Մխիթարյանը:
Գեղեցիկ ու կարեւոր հանդիպումները բազմաթիվ են եղել թե այն ակումբներում, որտեղ հանդես եմ եկել, թե հավաքականում: Փայլուն են ստացվել նաեւ Սլովակիայի ու Չեխիայի նկատմամբ տոնած հաղթանակները, բայց ինձ համար հատկապես առանձնանում է դրանից մեկը:
2008 թվականի օգոստոսի 20-ին Հայաստանի երիտասարդական հավաքականը Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում «Հրազդան» մարզադաշտում հյուրընկալել էր Թուրքիայի թիմին:
Թուրքերի համար այդ հանդիպումը մրցաշարային առումով չափազանց մեծ նշանակություն ուներ, իսկ մեր թիմը, ճիշտ է կորցրել էր հաջորդ փուլ անցնելու բոլոր հնարավորությունները, բայց միեւնույն է ներդրեց իր բոլոր ուժերն ու ամեն ինչ արեց հաղթանակի հասնելու համար:
Շատ թեժ պայքար ծավալվեց, թիմերից ոչ մեկը չէր ուզում հանձնվել: Մենք շատ էինք ցանկանում սեփական հարկի տակ վերջին խաղը հաղթանակած ավարտել:
Ինձ համար այդ դիմակայությունն առանձնանում է նաեւ նրանով, որ երիտասարդական թիմի կազմում իմ առաջին հանդիպումներից մեկն էր: Ինձ հաջողվեց ավելացված ժամանակում հաղթական գոլը խփել ու 3 միավոր բերել մեր թիմին: Մինչ այդ հաշիվը հավասարեցրել էր Կառլեն Մկրտչյանը:
Ամեն ինչ աննկարագրելի էր, բոլորս էինք ուրախ՝ տղաները, մարզիչները, մարզադաշտ եկած մոտ 35 հազար հանդիսականները: Անհավանական մթնոլորտ էր «Հրազդան» մարզադաշտում:
Այդ խաղից միայն շատ լավ տպավորություններ, հիշողություններ ու էմոցիաներ են մնացել: Կարծում եմ այդպիսի հաղթանակած ու անմոռանալի խաղեր դեռ շատ կլինեն իմ կարիերայում:
Հենրիխ Մխիթարյանի հետ հաղթանակը վերհիշել է Հասմիկ Բաբայանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: