Հոկտեմբեր 14, 2024
exclusive
92463 դիտում

Անմոռանալի հաղթանակ. Գեւորգ Դավթյան


Գեւորգ Դավթյանը
Գեւորգ Դավթյանը

Լուսանկարը` Getty Images


2007-ի Հայաստան լավագույն մարզիկ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր Գեւորգ Դավթյանը մեր ամենատիտղոսակիր ու սիրելի մարզիկներից է:

Ծանրորդը լուրջ վնասվածքից հետո այլեւս չի մարզվում, սակայն շարունակում է ուշադիր հետեւել հայկական ծանրամարտին:

Mediamax Sport«Անմոռանալի հաղթանակ» շարքում այս անգամ հաճույքով ներկայացնում ենք Գեւորգ Դավթյանին:

2007 թվականին Եվրոպայի առաջնությունը հյուրընկալել էր Ստրասբուրգը: Այստեղ Հայաստանի հավաքականը շատ հաջող հանդես եկավ ու թիմային պայքարում գրավեց 2-րդ տեղը:

Ստրասբուրգում էլ ես երկրորդ տարին անընդմեջ հռչակվեցի Եվրոպայի չեմպիոն: Սա իմ անմոռանալի հաղթանակն է:

Ես ու Արա Խաչատրյանը հանդես էինք գալիս մինչեւ 77 կգ քաշային կարգում, ու մեր մրցակիցն էր նաեւ Օլիմպիական չեմպիոն թուրք Թաներ Սագիրը: Չեմպիոնության պայքարը հենց այս երեքիս մեջ էր ընթանում:

Պոկում վարժությունում Սագիրը միայն 160 կգ բարձրացրեց, իսկ Արան՝ 165: Երկրորդ մոտեցման ժամանակ ես 165-ը չկարողացա գլխավերեւումս պահել: Քանի որ Արան ինձնից թեթեւ էր, ես վերջին մոտեցմանը պատվիրեցի 166 կգ: Հասկանում էի, որ պետք է անպայման ճիշտ կատարել վարժությունը. ինձ միայն ոսկե մեդալ էր հարկավոր: Անչափ ուրախացա, երբ բարձրացրի այդ քաշը:

Հրման ժամանակ օգտագործեցի բոլոր երեք մոտեցումներս: Երրորդ մոտեցմամբ բարձրացրի 197 կգ ծանրաձողն ու երկամարտի 363 կգ արդյունքով դարձա Եվրոպայի չեմպիոն:

Արա Խաչատրյանը 361-ով արծաթե մեդալակիրն էր, իսկ թուրք ծանրորդը՝ 353-ով երրորդ:

 

Անսահման ուրախ էինք պարգեւատրման ժամանակ: Պատվոհարթակին երկու հայ էր կագնած, ովքեր կրկին ցույց էին տվել իրենց ուժը:



Ես ու Արան շատ լավ ընկերներ ենք, սակայն մրցումների ժամանակ մենք դառնում էինք մրցակիցներ: Մեր մարզիչ Աշոտ Մխիթարյանն էլ երբեք տարբերություն չէր դնում, ճիշտ էր գնահատում պահն ու համապատասխան կիլոգրամներ պատվիրում:

Երբ դարձա Եվրոպայի չեմպիոն աննկարագրելի զգացողություններ ունեի: Գիտեք, ամբողջ տարին քեզ ամեն ինչից զրկում ես, պատրաստվում, մարզվում ու միայն նրա համար, որ մրցման ժամանակ քեզ ճիշտ դրսեւորես: Ու վերջապես դառնում ես չեմպիոն, հասնում նպատակիդ ու հասկանում, որ ամեն ինչ իզուր չի եղել: Ստրասբուրգի մրցումներին ես ամենաերջանիկ մարդն էի:

 

Մեր հավաքականի գլխավոր մարզիչն այդ ժամանակ Աշոտ Մխիթարյանն էր, նրան օգնում էր Խաչատուր Քյափանակցյանը, ես, Արան, Տիգրան Մարտիրոսյանները միմյանց հետ մարզվում էինք պատանի տարիքից: Բոլորս իրար շատ լավ էինք ճանաչում, առանց մի բառ ասելու հասկանում էինք միմյանց: Դե, քիչ չէ, տարին 10 ամիս հավաքների էինք ու դարձել էինք իսկական ընտանիք:

Հիմա էլ, երբ հետ եմ նայում, կարոտում եմ այդ ամենը՝ մարզումները, առաջնությունները, անընդհատ պայքարի մեջ գտնվելը: Ցավոք, վնասվածքից ու վիրահատությունից հետո չկարողացա վերականգնվել, այլապես կրկին սպորտում կլինեի:

Դեռ հստակ չեմ որոշել, բայց երեւի մարզիչ կաշխատեմ: Դեռ մարզիկ եղած ժամանակ էլ միշտ հետեւել եմ երեխաներին, հիմա էլ անընդհատ ներկա եմ լինում առաջնություններին: Եթե ամեն դեպքում ընտրեմ մարզչի աշխատանքը, ապա կփորձեմ իմ ողջ գիտելիքները փոխանցել երիտասարդներին, ովքեր ապագայում միգուցե դառնան չեմպիոններ:

Գեւորգ Դավթյանի հետ հաղթանակը վերհիշել է Գոհար Նալբանդյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին