Ապրիլ 20, 2024
exclusive
52417 դիտում

Անմոռանալի հաղթանակ. Տիգրան Պետրոսյան


Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` tiscalinet.it

Լուսանկարը` tiscalinet.it


Գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը բազմաթիվ անգամներ է գեղեցիկ ու տպավորիչ պարտիաներ անցկացրել ինչպես Հայաստանի հավաքականի կազմում, այնպես էլ անհատական մրցաշարերում:

Mediamax Sport«Անմոռանալի հաղթանակ» շարքում այս անգամ հյուրընկալել ենք շախմատի Համաշխարհային Օլիմպիադայի կրկնակի չեմպիոն Տիգրան Պետրոսյանին:

Անմոռանալի հաղթանակներ իմ կյանքում շատ են եղել, բայց կառանձնացնեի 2008 թվականին Դրեզդենում կայացած Համաշխարհային Օլիմպիադայի վերջին տուրում չինացի Լի Չաոյի դեմ հաղթանակս:

Սկզբնախաղին լավ պատրաստվել էինք, ինչի արդյունքում փոքր առավելություն ստացա: Փորձում էի ամեն կերպ տիրապետել իրավիճակին, որպեսզի հաջողությունս բաց չթողնեի ու հնարավորինս ճնշումն ավելացնեի: Որոշ ժամանակ անց եկավ մի պահ, երբ զգացի, որ վերջ՝ հաղթանակն իմն է լինելու:

Ես առաջին անգամ էի մասնակցում թիմային այսպիսի լուրջ մրցաշարի ու շատ մեծ պատասխանատվություն էի զգում: Այդ պարտիայից էր կախված Հայաստանի հավաքականը կդառնա՞ Օլիմպիադայի չեմպիոն, թե՞ ոչ: Իր կարեւորությամբ այդ հաղթանակս միշտ կհիշվի:

Լուսանկարը` tiscalinet.it


Համաշխարհային Օլիմպիադայում ուժեղ հավաքականներ են մասնակցում ու նրանց հաղթելը շատ դժվար է: Պետք է հավաքել ողջ ուժերն ու ցուցադրել լավագույն խաղը: Այս ամենը մեզ հաջողվեց անել, ինչի արդյունքում էլ չեմպիոն դարձանք:

Պարտիայի ավարտից հետո ես ինձ երջանիկ, բավարարված ու անչափ հպարտ էի զգում:

Իրականացել էր մանկությանս նպատակներից մեկը, որին ձգտել էի երկար տարիներ: Թիմով շատ երկար ու ուրախ նշեցինք հաղթանակը, սրանք, իսկապես, անմոռանալի հիշողություններ են:

Հիմա, երբ հիշում եմ վերջին տուրում տոնած այս հաղթանակը, մեծ ուրախություն եմ զգում, որ այդ օրը կարողացել եմ հաղթանակ պարգեւել իմ թիմին ու մեր հայ ազգին, ապացուցել, որ արժանի եմ ներկայացնել Հայաստանը:

Տիգրան Պետրոսյանի հետ հաղթանակի ուրախությունը կիսել է Գոհար Նալբանդյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին